Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ազգային ժողովի ընտրություններից առաջ անհրաժեշտ է կատարել մեկ կարևոր արձանագրում. Նիկոլի ռեժիմի բոլոր երեք տարիների ընթացքում միայն իրավապահ մարմինների մեքենան էր աշխատում անխափան՝ ոստիկանությունը, ազգային անվտանգությունը, քննչականները, դատախազությունը: Միայն երեք տարվա ընթացքում հարուցված քրեական գործերի քանակն արդեն ինքնին լուրջ ցուցանիշ է:
Այդ գործերի մեծամասնությունը կոնկրետ մարդկանց վրա ճնշման գործիք է՝ վախի և անընդհատ կախվածության մեջ պահելու և շանտաժի ենթարկելու համար: Քանի գործ է բացվել ու փակվել, որի մասին հասարակությունը չգիտի, որոնք դարձել են ներքին, անտեսանելի համաձայնությունների արդյունք: Քանի՞ գործ չի հարուցվել Նիկոլի կողմնակիցների դեմ միայն այն բանի համար, որ շեֆը դրա կարիքը չունի: Ի դեպ այսօր ականատեսն ենք մեկ նոր քրեական գործի՝ երկրի նախագահի դեմ:
Անթիվ գործեր են հարուցվում քաղաքական պատճառներով: Սա տխուր ռեկորդ է Նիկոլի և նրա թիմի համար: Այս գործերի որակի մասին խոսելն ավելորդ է: Մարտի 1-ի գործը նրա արդարադատության համակարգի ամենամեծ ձախողումն էր: Մի գործ, որի պատճառով ամբողջ համակարգը դեֆորմացվեց: Այս տարիների ընթացքում Նիկոլը մեծ թվով քննիչներ, դատախազներ, օպերատիվ աշխատակիցներ, օգնականներ և դատավորներ մեղսակից դարձրեց իր անօրինական նկրտումների:
Հաճախ եմ լսում խոսակցություններ այն մասին, թե ինչ է պատահելու նրանց հետ, ովքեր այդքան անձնուրաց են ծառայել Նիկոլին: Դրանք ավելի սրվեցին, երբ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո շատերը սկսեցին ընկալվել որպես Նիկոլի կապիտուլյացիայի գործընթացի մասնակիցներ: Բարդ հարց` պատվի և արժանապատվության մասին ժամանակակից հայկական պատկերացումների տեսանկյունից:
Իրավունքի և մասնագիտական հարաբերությունների տեսանկյունից հեշտությամբ լուծվող խնդիր:
Բայց որքան էլ տարօրինակ է, պատասխանն ինքնին կգա առաջիկա ընտրարշավի ընթացքում: Եթե այդ նույն մարդիկ (ոստիկաններ, օպերատիվ աշխատակիցներ, քննիչներ և այլն) շարունակեն նույն եռանդով կատարել Նիկոլի անօրինական ցուցումները և ցանկությունները (և այդ մասին արդեն մարզերից շատ ազդակներ կան), ապա նրանք, ըստ էության, ընտրում են անձնական հավատարմություն Ֆյուրերին՝ մասնագիտական պատվի և պարտքի փոխարեն: Ընտրությունը մեծ չէ, բայց շատ պարզ է: Իսկ եթե բոլորս՝ իրավապահից մինչև ընդդիմադիր այս պահից գիտակցենք, որ խնդիրը պետությունն է և ոչ թե անձնական քենը, ապա կարող ենք ապագայում աշխատել՝ հանուն Հայաստանի, հանուն ավելի լավ Հայաստանի և հանուն նոր օրինական և ավելի հարգալից բարքերի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը