04 05 2021

Եթե Հայաստանում չփոխվեց իշխանություն, նշանակում է՝ մենք մեզ և մեր երկրին չենք տալիս նոր էջի հնարավորություն. Հովհաննիսյան

Եթե Հայաստանում չփոխվեց իշխանություն, նշանակում է՝ մենք մեզ և մեր երկրին չենք տալիս նոր էջի հնարավորություն. Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Վահե Հովհաննիսյանի հոդվածը։ Այն ամբողջությամբ՝ ստորև․

«Հանրային տրամադրությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ ընտրողների զգալի մասը չի պատրաստվում գնալ ընտրությունների։ Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա  «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում։ Սա լուրջ խնդիր է, որի լուծմանը պետք է ուղղել զգալի ջանքեր։ Սա նույնիսկ ավելի կարևոր խնդիր է, քան՝ սեփական ծրագրերը և քարոզարշավը։ Ընտրության չգնալը ներկա մթնոլորտի և հետպատերազմյան իրականությունից փախուստի փորձ է։ Հարյուր հազարավոր մեր քաղաքացիները չեն ուզում հավատալ, որ սա ընտրություն է Հայաստանի լինելու և չլինելու մեջ։ Ընդունենք, որ նման բան գիտակցելը բարդ ու ծանր գործ է, շատ ավելի հեշտ է սա համարել թեկնածուների կամ կուսակցությունների միջև հերթական ընտրություն և տարբեր պատճառաբանություններով մերժել բոլորին։

Տանը մնալը ոչ մի արդարացում չունի։ Արդարացում չէ «ու՞մ քվեարկել, լավ թեկնածու չկա» ձևակերպումը։ Արդարացում չէ «հիասթափված ենք, մեզնից բան կախված չէ» հոգեվիճակը։ Արդարացում չէ արտագաղթելու որոշումը կամ նույնիսկ սկսված գործընթացը։ Իսկ ինչո՞ւ արդարացված չէ։

Սա քվեարկություն է առաջին հերթին պարտությունը մերժելու մասին։ Սա հարգանքի տուրք է անցյալի, և արժանապատվության քայլ՝ ներկա և ապագա սերունդների համար։

Պարտության սիմվոլի հեռացումով  է միայն հնարավոր Հայաստանում նոր էջ բացել։

Եթե Հայաստանում չփոխվեց իշխանություն, նշանակում է՝ մենք մեզ և մեր երկրին չենք տալիս նոր էջի հնարավորություն։ Դա նշանակում է նաև, որ մենք վստահության քվե ենք տալիս Ալիևին։

Տանը մնալով՝ մենք այո ենք ասում՝ Ալիևի բոլոր ծրագրերին, մենք այո ենք ասում մեր ստորացմանը, մենք այո ենք ասում նոր պատերազմին։

Անհատական կամ կուսակցական քարոզարշավից ավելի կարևոր է մոտիվացնել ժողովրդին՝ գնալ քվեարկության։ Պետք է մոտիվացնել յուրաքանչյուրին՝ իր մասնակցությունը բերելու Հայաստանում նոր էջի բացմանը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ