AntiFake.am-ը պարբերաբար հրապարակել է պետական ապարատում և տեղական ինքնակառավարման մարմիններում տրամադրվող պարգևավճարների վերաբերյալ տեղեկատվություն։ Այս հրապարակմամբ ներկայացնում ենք, թե որքան պարգևավճար են ստացել պետական տարբեր կառույցների աշխատակիցները 2020 թվականին՝ կորոնավիրուսային համաճարակի և պատերազմի պայմաններում, և որքան է կազմել Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք պարգևավճարների ընդհանուր չափը՝ սկսած 2018 թվականից։ Տվյալները մշակվել են պաշտոնական հարցումներց ստացված պատասխանների և Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքից ստացված տեղեկությունների հիման վրա։
Այսպես, 2020 թվականին պետական ապարատում պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 37,726,518,339 դրամ, որը համարժեք է 78.6 միլիոն ԱՄՆ դոլարին։
Մեկ միլիարդից ավելի չափով պարգևավճարներ բաժանվել են 8` մեծամասամբ ուժային կառույցներում։ Պարգևատրումների ամենամեծ չափը բաժին է ընկել Ոստիկանությանը՝ 9,440,069,160 դրամ, որին հաջորդում է Պետական եկամուտների կոմիտեն՝ 6,596,396,100 դրամով։ Ազգային անվտանգության ծառայությունում պարգևատրվել են 3,085,119,370 դրամի չափով, Դատական դեպարտամենտում՝ 2,148,554,350 դրամի չափով, Արտակարգ իրավիճակների նախարարությունում և փրկարարար ծառայությունում միասին պարգևատրվել են 2,110,431,950 դրամի չափով։ «Միլիարդատերների» ցանկում է նաև Վարչապետի աշխատակազմը՝ 1,634,215,530 դրամ պարգևատրումների չափով։ Ցանկը եզրափակում են Քննչական կոմիտեն՝ 1,398,243,200 և ԱՆ Քրեակատարողական ծառայությունը՝ 1,171,096,310 դրամի չափերով։
Քիչ չեն պարգևատրումները եղել նաև Դատախազությունում՝ 909,664,420 դրամ։ Իսկ Ազգային ժողովում պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմի աշխատակիցները պագևատրվել են 551,319,770 դրամի չափով։ Հանրապետության մայրաքաղաքի քաղաքապետարանում և վարչական շրջաններում պագևատրումները կազմել են 295,563,645 դրամ, ինչը անհամեմատ քիչ է կառույցում նախորդ տարվա պարգևատրումների չափից։
Կորոնավիրուսային համաճարակի և 44-օրյա աղետալի պատերազմի հետևանքների պայմաններում պետական ապարատում միայն այս տարվա առաջին ամիսների ընթացքում արդեն իսկ 10 միլիարդ 40 միլիոն դրամի պարգևավճարներ են բաժանվել։ Իսկ 2020 թվականին՝ թվարկված աղետների պայմաններում, շուրջ 3 միլիարդ դրամով ավելի շատ պարգևավճար է հատկացվել, քան նախորդ՝ 2019 թվականին, որի ընթացքում պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 34,759,381,910 դրամ: Իսկ 2018 թվականին մայիսի 9-ից՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստանձնելուց ի վեր, պետական ապարատում պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 15,744,577,969 դրամ։
Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք հատկացվել է 98 միլիարդ 271 միլիոն դրամի պարգևավճար, որը համարժեք է ավելի քան 204 միլիոն ԱՄՆ դոլարին։
Թե որքան սպառազինություն հնարավոր կլիներ գնել բանակի համար նշված գումարով կամ տնտեսությունը զարգացնելու համար ինչպես հնարավոր կլիներ օգտագործել այս գումաները կամ թե ինչ ծավալով հնարավոր կլիներ լուծել պատերազմի աղկետալի սոցիալական հետևանքները, թողնում ենք մասնագետների և հասարակության քննարկմանը։
Առաավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը