Ամերիկայի Միացյալ Նահանգներն այժմ ամեն մակարդակում ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը:
«Գործադիր մարմինը վերջինն էր, որը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը։ Ներկայացուցիչների պալատը և Սենատը ճանաչել էին Հայոց ցեղասպանությունը, ԱՄՆ 45 նահանգները՝ ևս։ Իր խոսքով ինքը վերջ է դնում մոտ 40 տարի թուրքական կառավարության կողմից արտաքին ճնշամիջոցներ բանեցնելուն Ամերիկայի վրա, որպեսզի սրա շուրջ ճիշտ չխոսի։ Այլևս վերացած է սա, և Ամերիկան կարող է ճիշտ ձևով հիշել, ոգեկոչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը»,- նշել է նա։
Ըստ Էլիզաբեթ Չուլջյանի՝ ԱՄՆ նախագահը վերահաստատեց, որ ամեն երկիր պարտականություն ունի ոչ միայն Ցեղասպանությունը ճանաչելու, այլ նաև ցեղասպան երկրների նկատմամբ պատժամիջոցների կիրառելու։
«1965 թվականից ի վեր նահանգ առ նահանգ Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչում է Ցեղասպանությունը՝ ցույց տալով, որ Թուրքիան չէ որոշողը Ամերիկայի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, այլ որ Ամերիկան ինքը պետք է որոշի։ Այսօր այդ ճշտմարտությունը հաղթեց»,- ասել է Էլիզաբեթ Չուլջյանը։
Էլիզաբեթ Չուլջյանի կարծիքով՝ սա ոչ միայն պատմական կարևորություն ունի, այլ նաև կարևոր է Հայաստանի ապագայի համար․ «Սա կարևոր քայլ է դեպի արդարություն, որին հայ ժողովուրդն արժանի է։ Եվ անվտանգության համար, որն անպայման կարևոր է Հայաստանի գոյատևման համար»։
Էլիզաբեթ Չուլջյանի խոսքով՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաջորդ քայլն է աշխատել Ամերիկայի կառավարության հետ Հայաստանի առաջնահերթություններն առաջ տանելու համար։
«Պետք է աշխատել Հայաստանի նկատմամբ ունեցած քաղաքականությունը վերակառուցելու ուղղությամբ, որպեսզի կարողանանք պաշտպանել Հայաստանի և Արցախի անվտանգությունը և տարածաշրջանում ստեղծենք խաղաղություն, որը հիմնված է արդարության վրա։
Նաև օգնենք նրանց, որոնք Թուրքիայի և Ադրբեջանի հարձակումների պատճառով ստիպված տեղահան են եղել իրենց տներից։ Աշխատել ռազմագերիների հարցի լուծման համար, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ավելի հստակ միջնորդի դեր ունենա հարցի լուծման մեջ, և կենտրոնանալ Թուրքիայի և Ադրբեջանի պատժամիջոցների վրա 44-օրյա պատերազմում իրենց գործած ոճիրների համար»,- ավելացրեց Էլիզաբեթ Չուլջյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը