Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Վրաստան կատարած իր պաշտոնական այցի ընթացքում ցուցաբերված ջերմ ընդունելության, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ կառուցողական քննարկումների համար:
Նամակում մասնավորապես ասվում է.
«Լիակատար փոխվստահության և հարգանքի մթնոլորտում կայացած մեր հանդիպումը Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման նոր ուղիներ նախանշեց: Միանգամայն համաձայն եմ, որ մենք պատասխանատվություն ենք կրում հայ և վրացի ժողովուրդների գալիք սերունդների միջև հարաբերությունների ձևավորման համար:
Ուրախ եմ արձանագրել, որ առկա են համատեղ հետաքրքրություններ ու խոստումնալից հեռանկարային փոխգործակցություն նոր տեխնոլոգիաների, կրթության և գիտության, ենթակառուցվածքների, արհեստական բանականության, էներգետիկայի, տրանսպորտի և մի շարք այլ բնագավառներում:
Հավատացած եմ, որ այցի շրջանակներում ձեռք բերված գործնական և արդյունավետ պայմանավորվածություններն առավել կխորացնեն մեր երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը՝ ի բարօրություն մեր եղբայր ժողովուրդների»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը