Կառլեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Մոտենում է ապրիլի 24-ը, իսկ իշխանությունն ամսիներ շարունակ անթաքույց քարոզում է մեր թշնամիների հետ տնտեսական հարաբերություններ կառուցելու օրակարգ ու փորձում է սին հույսեր տալ հասարակությանը՝ թե մեր երկրի տնտեսությունն էապես կշահի այդ հարաբերությունների զարգացումից։ Բայց որևէ կերպ պատասխանատուների կողմից չի ներկայացվում, թե կոնկրետ ի՞նչ օգուտներ ենք ստանալու Թուրքիայի հետ տնտեսական կապերից, ի՞նչ ապրանքների գծով ենք կարողանալու մրցակցային առավելություն ստանալ։
Վստահաբար պնդում եմ, որ Հայաստանը որևէ օգուտ չի կարող ստանալ թշնամու հետ տնտեսական հարաբերություններից։ Մեր տնտեսությունն այս պահին ի զորու չէ դիմակայելու Թուրքիայի տնտեսական ճնշմանը։ 2019թ․-ին Հայաստանը Թուրքիայից ներմուծել է 268 մլն դոլարի արտադրանք և արտահանել 122 անգամ ավելի քիչ՝ 2,2 մլն դոլարի արտադրանք։ Ակնհայտ է, որ եթե մենք մրցակցային առավելություն ունենայինք որևէ ապրանքային շուկայում, ապա անգամ փակ սահմանները չէին կարող էական խոչընդոտ հանդիսանալ որպեսզի մեր արտադրանքը մտներ թուրքական շուկա, այնպես ինչպես փակ սահմանների պարագայում թուրքական արտադրանքը հայտնվում է մեր երկրում։
Փաստ է նաև այն, որ նախկին ԽՍՀՄ երկրներում թավշյա հեղափոխություններից հետո հետզհետե ավելանում է Թուրքիայի տնտեսական ներկայությունը՝ ի հաշիվ Ռուսաստանի։ Այսպես՝ 2004 թվականին Վրաստանը Թուրքիայից ներմուծել է 202 մլն դոլարի արտադրանք, արտահանել՝ 118 մլն դոլարի արտադրանք։ Իսկ ահա 2019 թ․-ին Վրաստանը Թուրքիայից ներմուծել է 1․474 մլն դոլարի արտադրանք, արտահանել՝ 241 մլն դոլարի արտադրանք։ 15 տարում թուրքական ապրանքների ներկայությունը վրացական շուկայում ավելացել է ավելի քան 6 անգամ, այն դեպքում երբ Վրաստանից դեպի Թուրքիա արտահանման ծավալներն աճել են 2 անգամ։
Գրեթե նույն միտումներն են Ուկրաինայի և Թուրքիայի տնտեսական հարաբերություններում։ Ուկրաինան Թուրքիայից 2009 թ․-ին ներմուծել է 952 մլն դոլարի, իսկ 2018 թ․-ին՝ 1․714 մլն դոլարի արտադրանք։ Եթե Ուկրաինայից դեպի Թուրքիայի արտահանման ծավալները 2009 թ․-ին՝ 2.1 մլրդ դոլար են կազմել, ապա 2018 թ․-ին՝ 2․3 մլրդ դոլար։ Ստացվում է, որ վերջին 10 տարվա ընթացքում Թուրքիան իր արտահանումը դեպի Ուկրաինա գրեթե կրկնապատկել է, մինչդեռ Ուկրաինայից դեպի Թուրքիա արտահանումն աճել է 10%-ով։ Հատկանշական է նաև այն, որ նույն ժամանակահատվածում Ռուսաստանից դեպի Ուկրաինա արտահանման ծավալները 13,2 մլրդ դոլարից նվազել են մինչև 8 մլրդ դոլարի։
Վստահաբար նույն սցենարը տեղի է ունենալու նաև մեր պարագայում։ Եթե իշխանություններին հաջողվի առաջ տանել իրենց օրակարգը, ապա թուրքական ապրանքների ներկայությունը մեր տնտեսությունում կարճ ժամանակահատվածում շեշտակիորեն կաճի։ Խնդիր է դրված մեր տնտեսության դռները լայն բացել թուրքական ապրանքների, թուրքական կապիտալի առջև, ինչը շատ կարճ ժամանակում (մինչև 10 տարի) մեզ քաղաքական կախվածության մեջ կդնի թշնամուց։
Հ․Գ․ Որևէ մեկը կարո՞ղ է արդյոք երաշխավորել, որ այս տարվա փետրվարին տեղաբաշխված 750 մլն դոլարի եվրաբոնդերը ամբողջությամբ կամ մասամբ ձեռք չեն բերվել թուրքական կապիտալով։ Լավ, մի՞թե չենք պատկերացնում այս ամենի կործանարար հետևանքները և թույլ ենք տալու, որ մի խումբ ապիկարներ երկիրը վերջնականապես հանձնեն թուրքին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը