20 04 2021

Ինչու լռեցիք պատերազմի ժամանակ. Մելքումյանը՝ ԵԽԽՎ նիստին

Ինչու լռեցիք պատերազմի ժամանակ. Մելքումյանը՝ ԵԽԽՎ նիստին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը ելույթ է ունեցել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին քննարկմանը։

 

Նրա ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի՛ գործընկերներ,

 

2020թ. սեպտեմբերի 27-ից ադրբեջանաթուրքական զինված ուժերի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում կոպտորեն ոտնահարվել են տասնյակ հազարավոր խաղաղ հայ բնակիչների կյանքի, առողջության, սեփականության և կենսական կարևորություն ունեցող այլ իրավունքներ: Իրականացվել են պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, արձանագրվել են ազգությամբ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների, դաժան վերաբերմունքի բազում դեպքեր՝ գլխատումներ, սպանություններ, և այլն, զանգվածային կերպով ավերվել են խաղաղ բնակավայրեր: Եվ այս ամենի նպատակը էթնիկ զտումներն ու ցեղասպանությունն էին:

Այն, ինչ կատարվել է 2020թ. սեպտեմբերի 27-ից 44 օր շարունակ Արցախի Հանրապետությունում, դա մի խայտառակություն է հայ ժողովրդի, նաև՝ համաշխարհային արժեքների նկատմամբ, որն ուղղակի չի կարելի նկարագրել:

Օրը ցերեկով Եվրոպայի Խորհրդի անդամ մի պետությունը մյուս անդամ պետության նկատմամբ իրականացրել է ցեղասպանություն տեխնոլոգիական ձևով:

5000-ից ավելի զոհվածներ, 10 000-ից ավելի վիրավորներ, հաշմանդամներ, անհետ կորածներ, ցավոք, նաև գերիներ, որոնք, ըստ էության, պատանդ են:

Հարգելի՛ գործընկերներ,

Գիտենք նաև, որ 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրվել է համապատասխան հայտարարություն՝ «բոլորը բոլորի» դիմաց փոխանակելու համար: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանը վերադարձրել է ադրբեջանցի բոոր ռազմագերիներին։

Այժմ հարկ է, որ Ադրբեջանը վերադարձնի հայ ռազմագերիներին։

Եվ ի՞նչ. մեր ավելի քան 200 գերիները որտե՞ղ են, ո՞նց են:

Գերիների մի մասը գտնվում է Բաքվից մոտ 70 կմ հեռավորության վրա գտնվող Գուբիստանի բանտում:

Հիմա, հարգելի՛ գործընկերներ, ես Ձեզ հարց եմ տալիս. եթե այդ ռազմագերիները լինեին գերմանացի կամ ֆրանսիացի, դուք ինչպե՞ս կարձագանքեիք:

Ես դեռևս պատերազմի օրերին մեր հեռավար լիագումար նիստի ընթացքում դիմել էի Մարդու իրավունքների եվրոպական կոմիսար Դունյա Միատովիչին՝ հրավիրելով նրան Հայաստան, նաև՝ Արցախ: Նա ասաց, որ դա իր լիազորությունների մեջ չէ:

Հիմա, երբ մարդկանց սպանում կամ գերեվարում են, դա ու՞մ լիազորությունների մեջ է:

Այսպես գրեթե անհնար է աշխատել:

Արդարությունը պետք է հաղթանակի:

Բոլորը հասկանում են, որ այս ագրեսիայից հետո վերջակետ չի դրվել, այլ դրվել է ստորակետ, և ոչ մի երաշխիք չկա, որ ամեն ինչ ավելի վատ սցենարով կարող է կրկնվել։ Դրա վկայություններից է նաև Հայաստանի տարբեր սահմանային տարածքների նկատմամբ ադրբեջանցիների անթաքույց հավակնությունների ցուցադրումը։ Այս փուլում դա հատկապես վերաբերում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզին։

Գոնե ԵԽԽՎ-ն կարո՞ղ է համարժեք իրավական և քաղաքական գնահատական տալ երևույթներին:

Ցավոք, հաճախ ժամանակին գնահատականներ չտալը խորացնում է խնդիրը, համարյա դրա լուծումը դարձնում անհնարին:

Ուրեմն մի՛ խորացրեք առանց այդ էլ շատ և շատ խորացված պրոբլեմը:

Եղե՛ք զգոն, և շանս կունենանք շարժվելու առաջ:

Ալի՛և, վերադարձրու մեր ռազմագերիներին: Դու նրանց պահելու իրավունք չունես:

Ապրիլի 16-ին ես հանդիպել եմ Հայաստանի Գավառի շրջանից գերիներ Արամ Նաջարյանի և Վասակ Գասպարյանի ծնողների հետ: Նրանք հարյուրներ են:

Հիմա մեր բոլոր գերիների ծնողները լսում են ինձ:

Եվրոպա՛, արագ միջամտիր հարցի լուծմանը:

Բոլորդ գիտեք նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է հայ ռազմագերիների փաստը։ Ուրեմն ճնշում գործադրեք, որպեսզի ՄԻԵԴ-ի որոշումը կատարվի։

Դե ինչ, քեզ տեսնեմ, Եվրոպա։

Մենք պետք է հստակեցնենք՝ ի՞նչ ենք ցանկանում և ի՞նչ ենք կարող։

Ալիևի նկատմամբ պետք է ճնշում գործադրել։

Իսկ դուք, Ադրբեջանի պավիրակության անդամներ,  Ջաֆարով և Հուսեյնով, դուք պետք է պարզեք՝ ովքե՞ր եք դուք։ Դուք  ագրեսոր երկրի, թե՞ Եվրոպայի խորհրդի անդամ երկրի   ներկայացուցիչներ եք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ