Yerkir.am-ը գրում է․ Գիտեինք, որ պատերազմ է լինելու, և բոլոր տվյալները ցույց էին տալիս որ մեր իշխանությունները պատրաստվում են պարտվել այդ պատերազմը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ խորհրդի նախագահ Հրանտ Մարգարյանը «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի նահատակների պարգևատրման արարողությանը։
«Հարցը միայն Նիկոլը չէ, այլ նիկոլիզմը, հարցը երբեք Նիկոլը չէ, այլ ՀՀՇ-իզմը և լևոնիզմը կամ, ավելի ճիշտ, կոսմոպոլիտիզմը։ Միայն թե այս ամեն ինչը ստացավ Նիկոլի միջոցով առանձնահատկություն՝ պոպուլիզմ համեմված թեթևսոլիկությամբ ու անհավասարակշռությամբ։ Սա ասում եմ, որպեսզի հասկանանք, որ կան ուժեր, որոնք փորձում են, զոհելով Նիկոլին, փրկել նիկոլիզմը․ մենք պետք է զգոն լինենք, մեր փրկությունը արմատական լուծումների մեջ է»,-ասաց Հրանտ Մարգարյանը։
Ելույթի սկզբում նա ասաց, որ խոնարհվում է Արցախյան պատերազմի բոլոր նահատակների՝ ի մասնավորի, ՀՅԴ «Կամավորական շարժման» միջոցով Արցախ մեկնած ու նահատակված հայորդիների, ընկերների հիշատակի առջև։
«Խոնարհվում եմ նաև սրահում ներկա մեր նահատակների ծնողների, հարազատների առջև, ձեր առջև, որովհետև դուք ձեր ամենաթանկը նվիրաբերեցիք մեր հայրենիքին և նրանց ենք պարտական հայրենիքի՝ չզիջված հատվածի համար»,-ասաց Հրանտ Մարգարյանը։
Նա նշեց, որ երբ պատերազմի ժամանակ գնում էր նրանց տները, նահատակ ընկերների հարազաները ականջին շշնջում էին՝ միայն թե արդյունք լինի։
«Այս պատերազմում արձանագրված է պարտություն, ավելի ճիշտ մենք հանձնվել ենք թշնամուն, անձնատուր ենք եղել, ամո՛թ մեզ։ Ցավը մեծ է, մրմուռը տնաքանդ է արել մեր բոլորի հոգիները, սակայն այսպես իրավունք չունենք շարունակել»,-ասաց նա։
Հրանտ Մարգարյանը նշեց նաև պարտության պատճառները և թե ինչու անձնատուր եղան։
«ՀՀ իրար հաջորդող բոլոր իշխանությունները երբեք ԼՂԻՄ-ից դուրս ազատագրված տարածքները մերը չհամարեցին, հայրենիք չհամարեցին, լավագույն դեպքում՝ անվտանգության գոտի, որը Արցախի խնդրի բանակցություններում պետք է առևտրի նյութ դառնար։ Եվ երբ այդպես են մտածել և դիրքորոշվել, երկիրն այնպես չեն ղեկավարել, կազմակերպել, որ ի վիճակի լինի իր անվտանգությունն ապահովել, և երբ այդպես են մտածել, բանակն էլ չեն կազմակերպել այնպես, որ ի վիճակի լինի կռվել և քիչ կորուստներ ունենալ։ Այս ամենում բոլորն էլ ունեն իրենց մեղքի բաժինը։ Սակայն հարցը ամբողջությամբ այլ է վերջին՝ ոչ բարով իշխանությունների պարագայում, որոնք ոչ միայն ձախողեցին բանակցությունները, ինչպես կարող էին քանդեցին բանակը, այն էլ երկիրը և հասարակությունը պառակտեցին, անընդհատ ցնցումների ենթարկեցին, նվաստացրին ազատամարտն ու նրա հերոսներին, որ առավելագույնս նպաստավոր պայմաններ ստեղծեին հակառակորդի համար»,-ասաց Հրանտ Մարգարյանը։
Նշենք, որ Հ. Պարոնյանի անվան թատրոնում տեղի ունեցավ ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ-ի Գումարտակի նահատակների պարգևատրման արարողությունը: Արցախի համար մղված մարտերում հերոսաբար զոհված գումարտակի 27 նահատակներից հինգը հետմահու պարգևատրվեցին Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» շքանշանով, մյուսները՝ «Արիության համար» մեդալով: Պարգևները հանձնեց Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը: Ցուցադրվեց նաև գումարտակի մարտական ուղուն նվիրված «Կամավորները» փաստագրական ֆիլմը:
Մանրամասն՝ տեսանյութում․
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը