08 04 2021

Նպատակը մարտունակ բանակ ունենալու հնարավորությունից առհասարակ զրկումն է. Տիգրան Աբրահամյան

Նպատակը մարտունակ բանակ ունենալու հնարավորությունից առհասարակ զրկումն է. Տիգրան Աբրահամյան

«Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, կրկնեց իր ու պաշտպանության նախարարի այն միտքը, որ բանակում լայնածավալ, խորքային, բովանդակային բարեփոխումների գործընթացը է սկսվել:

Չի կարող նկարագրված որակի կամ ծավալի բարեփոխումներ լինել ու դրա ամենակարևոր բաղադրիչներից մեկը՝ հանրային իրազեկման հատվածը լինի զրոյական: Հանրային լսումներ, քննարկումներ, պարզ մատչելի տեղեկատվություն... ոչինչ չկա: Կան խոստումներ, հայտարարություն և ուրիշ ոչինչ:

Բացի մեկ-երկու ստանդարտ ձևակերպումից, ոչինչ «բարեփոխման» տակ չկա: Ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ պետք է արվի, ի՞նչ ժամանակային կտրվածքով ու ինչպե՞ս: Նույնիսկ այդ ամենի բազային տեղեկատվությունը բացակայում է:

Պաշտպանության նախարարն արդեն 5 ամիս է այդ պաշտոնին է, բայց միակ բանը, որում աչքի է ընկել, դա լրագրողների հետ շփումներից խուսափելն է:

Մեկ-երկու լրատվամիջոցի ընդհանուր ձևակերպումներով հարցազրույցներ տալը, որևէ հարց չի լուծում:

Հատկապես այս փուլում, երբ հանրությունը բացի ռեֆորմների թեմայից, մեծ թվով այլ հարցադրումներ ունի, սակայն հասցեատերերը ամեն գնով փախչում են իրականությունից, այս պայմաններում այստեղ միայն անլրջության հոտ է գալիս:

Երկրում պատերազմ է եղել, ընդ որում՝ մեզ համար ողբերգական ելքով, բայց պաշտպանության նախարարը շարունակում է խուսափել ամեն ձևի հարցադրումներից:

Պատասխանատվության զգացման տարրական մակարդակը բացակայում է, դեռ չեմ խոսում հարգանքի ու հաշվետվողականության, ունակությունների մասին, ի՞նչ ակնկալիք կարելի է ունենալ այս նախարարից կամ իր բռնած գործից՝ անունը ռեֆորմ կդնենք, թե պարզ դիրքորոշման հստակեցում:

Զինված ուժերում բարեփոխումների մասին խոսում են մարդիկ, ում ամբողջ կյանքի մեծագույն նպատակը և գործունեության արդյունքը եղել է այդ բանակի կազմաքանդումը:

Թե՞ նպատակը եղած ռեսուրսի լիակատար փոշիացումն է, մարտունակ բանակ ունենալու հնարավորությունից առհասարակ զրկումը: Սրանից ամեն ինչ սպասելի է»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ