Հրահանգավորված կազմակերպվածություն կա, որ չմասնակցեն ԵՊՀ Հոգաբարձուների նիստին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը՝ անդրադառնալով այսօրվա ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի չկայացած նիստին:
«ԵՊՀ հոգաբարձուների քարտուղարը ծանուցել է բոլոր անդամներին, որ այս օրը կայանալու է նիստ, խնդրում եմ մինչև նախորդող այս օրը պատասպանեք՝ մասնակցելու եք, թե՝ ոչ։ Ոմանք ընդհանրապես արձագանք չեն տվել, ոմանք հաստատել են, որ գալու են, բայց վերջին օրը թե հաստատողների, թե չհաստատողների մի մասը հայտնել է, որ չի գալու, մի մասն էլ պարզապես չի ներկայացել։ Այստեղ խոսել այն մասին, որ յուրաքանչյուրն ունի ծանրաբեռնվածության այնքան չափ կամ պատճառ, որ չի ներկայացել՝ ավելորդ է, որովհետև այստեղ ավելին քան պարզ է, որ կա կազմակերպվածություն։ Ես վստահ եմ, որ բարձր մակարդակով հրահանգավորված կազմակերպվածություն կա, որ չմասնակցեն նիստին, և այն տեղի չունենա»,- նշեց Ափոյանը։
Նրա խոսքով՝ ներկայացուցիչներն իշխանության կողմից են ներկայացված, և մի քանիսը հրահանգավորվել են, որ պարզապես չներկայանան նիստին. «Իսկ այդ մարդիկ ուղղակիորեն չեն հասկանում՝ ինչ պատասխանատվություն է իրենց վրա դրված»։
Ափոյանն ասաց, որ ներկայացուցիչները խուսափել են ներկայանալուց, քանի որ չունեն ռեկտորի իրենց թեկնածուն. «Չեն եկել, որովհետև կա՛մ չունեին հստակ հրահանգավորում՝ գալու դեպքում ինչ պետք է անեն, կա՛մ խուսափել են ռեկտորի ընտրություն կազմակերպելուց, քանի որ դեռ չունեն իրենց երդում տված ռեկտորի թեկնածուն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը