«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանի ձերբակալումը մեկ անգամ ևս ապացուցում է, որ իշխանությունները վճռական են տրամադրված կոռուպցիայի դեմ պայքարին»,- դեկտեմբրի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«Փաստացի այն իշխանությունը, որը պայքարում էր կոռուպցիայի դեմ, այսօր էլ բավականին էֆեկտիվ ձևով պայքարում է կոռուպցիայի և նմանատիպ դրսևորումների դեմ, որի ապացույցը ԱԱԾ-ի կողմից հարուցված քրեական գործն է: Առհասարակ նոր իշխանության քաղաքական թիմի որևէ ներկայացուցչի հետ կապված նմանատիպ նորությունները և լուրերը մեզ համար տհաճ ու զարմանալի են»,- ասաց նա և նշեց, որ չնայած դրան այս պահին պետք է արձանագրենք, որ գոյություն ունի անմեղության կանխավարկած, և կոչ արեց չշտապել և սպասել քննության արդյունքներին։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք սա չի նշանակում, որ այս դեպքը կարող է շարունակական լինել և դրա համար հող կա նախապատրաստված, Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ ոչինչ չի բացառվում. «Կարծում եմ՝ կարևորը ոչ թե բացառելն է, այլ ստեղծելն այնպիսի համակարգ, որը ցանկացած նմանատիպ երևույթ, դրսևորում կկանխի կամ կարձագանքի դրանց։ Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որպեսզի կանխարգելիչ միջոցառումներ ու համակարգ գոյություն ունենար և գործեր շատ ավելի վաղ։ Սակայն մենք ժառանգել ենք մի այնպիսի համակարգ, որն ամենևին այլ տրամաբանությամբ է փորձել գործել և հետևաբար պետք է արձանագրենք, որ այս պահին համակարգը բավականին ռեակտիվ է արձագանքում նման նմանատիպ դրսևորումներին»,- ընդգծեց նա։
Ըստ աշխատակազմի ղեկավարի՝ այսպիսի դեպքերը չի ազդում իշխանության վարկանիշի վրա: «Այստեղ անձերը կապ չունեն, այստեղ համակարգն է կարևոր և հաշվի առնելով, որ նմանատիպ դրսևորումներն ի հայտ են գալիս և դրանց հեղինակները պատասխանատվության են ենթարկվում, ընդհակառակը կարծում եմ, դա էլ ավելի է բարձրացնում մեր քաղաքական թիմի վարկանիշը»,-ասաց նա:
Հարցին, թե Կառավարությունն իր ստուգումներով կանդրադառնա՞ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին նա նշեց, որ իշխանական թիմը պատրաստվում է ստուգումներ իրականացնել և այդ ստուգումները կարող են վերաբերել 90-ականներին, ընդհուպ մինչև 1991 թվական. «Մենք կփորձենք բացահայտել բոլոր այն ապօրինությունները, առնվազն հանրային հնչեղություն ունեցող այն ապօրինությունները, որոնք մինչ օրս հանրության մեջ որոշակի հարցեր են առաջացնում ու դրանց պատասխանները մեր հանրությունը չունի»:
Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ բարդ գործընթաց է սպասվում, քանի որ արխիվացման գործընթաց կա։ «Հաշվի առնելով, որ փաստաթղթերի հասանելիության խնդիր կառաջանա ու այս պահին նույնիսկ շատ ավելի թարմ քրեական գործերի շրջանակներում հասանելիության խնդիր կա, բարդ գործընթաց կլինի: Բայց մեր քաղաքական թիմի նպատակներից մեկը հենց դա է ու մենք մինչև վերջ գնալու ենք ճշմարտության բացահայտման ուղղությամբ»,-ասաց նա:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, անդրադառնալով գնահատականներին, ըստ որոնց, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը ծիծաղելի է, ասաց, որ չգիտի, թե ինչն է ծիծաղելի համարվում:
«Գուցե հանրության որոշակի շերտերի համար ընկալվել է այնպես, որ դա միակ հանցագործությունն է, որը վերագրվում է պարոն Սարգսյանին քննչական մարմինների կողմից: Ես, իհարկե, չխախտելով որևէ մեկի անմեղության կանխավարկածը, կարծում եմ, որ հանրության լայն շրջանակներում կա վստահություն, որ դա ամենևին ամբողջը չէ: Դա ընդամենը այդ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է, և չենք բացառում, բնականաբար, որ այլ գործերի շրջանակում ևս էլ ավելի մեծ մասշտաբի և էլ ավելի ծանր հանցագործություններ կվերագրվեն՝ ոչ միայն պարոն Սարգսյանին, այլ նաև այլ նախկին, և ինչպես տեսաք ներկա իշխանության ներկայացուցիչներին։ Հետևաբար` այս տեսանկյունից կարծում եմ, որ ամեն ինչ շատ լավ է ընթանում»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը