ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը գրում է.
«Պարադոքսների երկիր Հայաստանում, ուր գրեթե ոչ մի հարց պատասխան չի ստանում, ուր դավաճանությունն անհետևանք, սոսկ արձանագրվող ամենօրյա իրողություն է, ուր պատասխանատվությունն ու բարոյականությունն իսպառ բացակա են իրականությունից, ուր շատերի համար ուրացումն ամենօրյա կենսակերպ է, ու հասարակության մի ստվար մաս շնչահեղձ է լինում անտերությունից, անհեռանկար իրականությունից, պարտությունների, նվաստացման ու փոքրացած աշխարհի բեռից, մեկ էլ հիշում ես, որ հիմնական դավաճանից բացի, այս երկիրը նաև Արմեն Սարգսյան անունով նախագահ ունի։
Շուտով կլրանա նրա պաշտոնավարման երեք տարին, և՞․․․
Եվ ի՜նչ խոստումներով ու երազանքներով էր նա եկել երեք տարի առաջ։ Շատերն էին հավատացել, ես էլ․․․
Հիշու՞մ եք ներդրումներ բերելու նրա մեծ խոստումները։ Երեք տարի շարունակ, միջազգային հարթակներում՝ այդ թվում Իտալիայի, Գերմանիայի, Սինգապուրի, Ֆրանսիայի նախագահների, ՌԴ արտգործնախարարի,շեյխերի, Սիմենսի ու Մայքրոսոֆթի ղեկավարների հետ նա խոսում էր ATOM (Advanced tomorrow) ծրագրի մասին․ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններ էին գալու Հայաստան՝ մեր երկիրը դարձնելու արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման առաջատար կենտրոններից մեկը։ Դատարկ խոսքեր․․․
Խոսքից այնկողմ չանցավ նաև «Հայպարկի» գաղափարը, որի մասին հայտարարել էր 2020-ի ապրիլին:
Արմեն Սարգսյանը փոքր և հաջողակ երկրների ակումբ ստեղծելու գաղափար էլ ուներ, այս մասին էլ էր սիրում խոսել․ միայն խոսել․․․
Հիշու՞մ եք՝ խոստովանեց, որ կապիտուլյացիոն պայմանագրի մասին մամուլից է իմացել։ Եվ ուրեմն որքա՜ն անիմաստ էր ակնկալել, որ միջազգային հարթակներում նրա ունեցած կապերը կարող էին ծառայել Հայաստանի շահերին։
Վստահաբար, ՀՀ նախագահը Սյունքը GPS-ով բզկտելու մասին լուրերն էլ է մամուլից իմանում։ Այլապես գոնե մեկ անգամ կայցելեր Սյունիք, պաշտոնական Երևանից այդքան «հեռու» և լքված Սյունիք, կկանգներ մոլորված սյունեցու կողքին։ Եվ այս պարագայում բոլորովին կաևոր չէ, թե ՀՀ Սահմանադրության 123 հոդվածը ՀՀ նախագահի ինչ լիազորություններ է սահմանել։
Իսկ Արցախը՞․․․ Գուցե՞ նախագահն համարում է, որ «Երևան իմ սեր» հիմնադրամից տեղահանված որոշ հադրութցիների փոխանցված մի քանի միլիոն դրամը բավական է։
Արցախյան պատերազմի ընթացքում տեղի ունեցավ Հայաստանի պատմության ամենալկտի թալանը՝ «Հայաստան» հիմնադրամի 52 մլրդ դրամն անհայտ նպատակներով մուտք արվեց պետական բյուջե։ Այս մասին նա խոսեց, էլի միայն խոսելու համար․․.
ՀՀ նախագահը նաև տիեզերք թռչելու երազանք ուներ։ Թող մի օր իրականանա․․․
Իսկ ի՜նչ երազանքներ ունեին անմահության ճամփան բռնած մեր հազարավոր երիտասարդները։ Անկատար կմնան նաև տուն, հող ու հայրենիք կորցրած մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների երազանքերը․․․
Ու փշրված երազանքների ու գահավիժող պետականության մեր ժամանակների համար դեռ չկան մեղավորներ ու պատասխանատուներ։
Հ․Գ․ Ոչ, սա դեռ վերջը չէ։ ՆԻԿՈԼԻՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆ կա, ուր քաղաքականությունը կառուցվելու է բարոյականության, պատասխանատվության և հայրենասիրության վրա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը