Դեռևս տարեսկզբին համացանցում տեղեկություն տարածվեց, որ 2018 թվականին, ըստ Համաշխարհային բանկի հաշվետվությունների, Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը` ավելացնելով, որ այս լուրը չարժանացավ ուշադրության, սակայն ինքը կատարել է որոշակի ուսումնասիրություն:
«Կարող եմ հաստատել, որ լուրը և այդ հաշվետվությունն իրականում Համաշխարհային բանկի պաշտոնական կայքում առկա էին: Համաձայն համաշխարհային բանկի 2019 թվականի հոկտեմբերի հաշվետվության՝ 2018 թվականին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն դոլար, համեմատության համար նշեմ, որ ըստ 2018 թվականի հաշվետվության, 2017 թվականին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 7 մլն դոլար»,- ասաց պատգամավորը:
Նա տեղեկացրեց, որ այդ առիթով հարցում է ուղարկել ՀՀ Կենտրոնական բանկ, պարզաբանումներ ստանալու ակնկալիքով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը