Պաշտպանության նախարարությունն այդպես էլ չարձագանքեց 2 օր առաջ, Կապանի մարտական դիրքերից մեկից հրապարակված աղմկահարույց տեսանյութին, դրա շուրջը ստեղծված իրավիճակին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այն ինչ արեց ՊՆ-ն, իշխանությունը նույն դիրքում «տեսանյութ 2»-ի անհաջող բեմադրությունն էր՝ «հերքումը», ինչն ավելի խորացրեց բանակում եւ բանակի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ հանրային եւ մասնագիտական շրջանակների մտահոգությունները։
Այս ամենն, իհարկե, իշխանությանը չի հետաքրքրում, ավելին՝ իրենք խրախուսում են նմանատիպ իրադարձությունները։
Պետությունը վերջնական տապալելու ամենակարճ ճանապարհը զինված ուժերի կազմաքանդումն է եւ իշխանությունը հետեւողականորեն գնում է այդ ճանապարհով։
Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե սյունեցիները ժամանակին չհամախմբվեին, իրենց վրա չվերցնեին Սյունիքի պաշտպանությունը՝ մարտական հերթապահությունից մինչեւ ամրաշինական աշխատանքներ։
Դա անշուշտ իշխանության հաշվարկի մեջ չէր մտնում եւ այդ պատճառով էլ դրան հետեւեց սյունեցիներին «պատժելու» տարբեր գործընթացներ՝ քրեական գործերից մինչեւ անտարբերություն դրսեւորում։
Մեկ է՝ չե՛ք հաջողելու, տապալվելու եք ու դա շատ ցավոտ է լինելու»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը