10 03 2021

Բանակը մերժելու է Գլխավոր շտաբի ցանկացած նոր պետի

Բանակը մերժելու է Գլխավոր շտաբի ցանկացած նոր պետի

Արտակ Դավթյանին Նիկոլ Փաշինյանը, ըստ տարբեր տեղեկությունների, ուզում է նշանակել գլխավոր շտաբի պետ։ Սա կլինի նրա՝ երեք տարվա մեջ չորրորդ պաշտոնը։ Նախ նշանակվեց ԶՈւ Գլխավոր շտաբի պետ՝ 2018թ․ մայիսին։ Երկու տարի անց Նիկոլ Փաշինյանը ազատեց աշխատանքից, քանի որ կորոնավիրուսի սահմանափակումների ֆոնին որդու համար բազմամարդ հարսանիք էր արել։ Այնուհետև նշանակվեց ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ։ Կապիտուլյացիայից երկու օր անց ազատվեց պաշտոնից։ Երկու օր առաջ էլ նշանակվեց ինչ-որ անհասկանալի պաշտոնի՝ հատուկ հանձնարարություններով ավագ սպա։

Այս պաշտոնին Արտակ Դավթյանի նշանակումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ բանակի ղեկավարությունը պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Գլխավոր շտաբը հայտարարեց․ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում․․․ ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները․․․ Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»:

Ինքը՝ Արտակ Դավթյանը գլխավոր շտաբի հայտարարության մասին ասել է․ «Եթե զինվո­րականը խոսում է, ուրեմն վիճակն օրհասական է, և պետք չէ դրանում այլ տողատակեր փնտրել»: Արտակ Դավթյանը նաև ասել էր․ «ԳՇ-ի հայտարարությունը վկայում է այն մասին, որ պետության գործերը լավ չեն: Դա է ասում, որ ընդհանուր իրա­վիճակն այնքան էլ բարվոք չէ, որը կարող է բերել անկանխատեսելի հետևանք­ների»։

Արտակ Դավթյանը հայտարարել էր, որ ԳՇ հայտարարությունը քաղաքական հայտարարություն չէ։ Եվ ուրեմն, զարմանալի էր նախ այն, որ Արտակ Դավթյանը համաձայնեց Նիկոլ Փաշինյանի նշանակմամբ որևէ պաշտոնի գնալ։ ԳՇ հայտարարությանը Արտակ Դավթյանի արձագանքը նշանակում է, որ նա համաձայն չէ Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից հանելու որոշման հետ։ Եվ վերջապես, Արտակ Դավթյանը բարոյական չի համարի ԳՇ պետի պաշտոնում իր նշանակվելը, քանի որ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ապօրինի են ազատել և ինքը ԳՇ հայտարարությունը գնահատել է օրհասական վիճակում արած հայտարարություն։

Բայց հարցը այստեղ միայն Արտակ Դավթյանը չէ․ Օնիկ Գասպարյանի փոխարեն ցանկացած մեկին այդ պաշտոնին նշանակելը ապօրինի է։ Առանց հիմքի, վարչապետը չի կարող հեռացնել աշխատանքից Գլխավոր շտաբի պետին, այն էլ՝ ռազմական դրության իրավիճակում գտնվող երկրում։

Գլխավոր շտաբը գրեթե ամբողջությամբ, բոլոր բանակային կորպուսների հրամանատարները դեմ են դուրս եկել Նիկոլ Փաշինյանին, նշանակում է, որ ամբողջ զինված ուրժերը նրա դեմ է, և ուրեմն այս պաշտոնում հիմա ցանկացածայլ նշանակում, Օնիկ Գասպարյանի փոխարեն, դավաճանություն է թե՛ նշանակողի, թե՛ նշանակվողի կողմից։ Նրան մերժելու է բանակը, զինված ուժերը։ Հուսով ենք, Գխլավոր շտաբը հայտարարություն կտարածի իրավիճակի կապակցությամբ՝ հայտարարելով, ոչ չի ընդունելու նոր ԳՇ պետի։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ