Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
News.am-ը գրում է. Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Մխիթարյանը նշանակումից երկու օր անց իր հավատարմությունն է ցույց տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Խոշարացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը իշխանության կազմակերպած մարտի 1–ի ցույցի համար ավտոբուսներով մարդկանց է տարել Հրապարակ, իսկ երթի ողջ ընթացքում ուղիղ եթերով ու լուսանկարներով լուսաբանել հանրահավաքն ու դրան հաջորդած երթը։ Նշանակման նախորդ օրն էլ՝ փետրվարի 25–ին, Մխիթարյանն իր էջում գրառում էր արել՝ նշելով. «Վերջ թավիշին Հ. Գ. ամենուրեք», իսկ ժամեր անց արդեն տեղադրել Փաշինյանի կազմակերպած նախորդ՝ շտապ հավաքի լուսանկարներն ու կրկնել «Թավիշ չի լինելու»։
Լոռու մարզպետարանի կայքում հրապարակված համայնքի ղեկավարի ԺՊ–ի կենսագրությունում նշված է, որ Մխիթարյանը 33 տարեկան է, անկուսակցական, ժամանակին ՀԿ–ներից մեկում եղել է սոցիալական աշխատող, 2014 թվականից մինչ օրս աշխատում է Քարինջի միջնակարգ դպրոցում՝ որպես շախմատի ուսուցիչ, իսկ 2020 թ. հուլիսից մինչև 2021թ. փետրվար ամիսներին աշխատել է Թումանյանի ՍԱՏԳ-ում, որպես ավագ մասնագետ:
Պարզեցինք նաև, որ Տիգրան Մխիթարյանը 2016-ին ընտրվել էր Թումանյան համայնքի ավագանու անդամ, սակայն հետագայում հրաժարվել էր անդամությունից՝ պատճառաբանելով, որ չի կարողանում լեզու գտնել 25 տարվա համայնքապետի հետ։
Իսկ Թումանյանի՝ արդեն նախկին համայնքապետ Լևոն Զավարյանը, նախքան իր լիազորությունների ավարտը միացել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։
«Թումանյանի հանայնքապետարանի աշխատակազմը եւս միանում է Սյունիքի, Շիրակի եւ մյուս մարզերի համայնքների կոչին, պահանջելով վարչապետի հրաժարականը՝ փրկելուՀայաստանի եւ հայ ժողովրդի պատիվը եւ արժանապատվությունը»,–դեկտեմբերի 8–ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Զավարյանը։ Այս գրառումից երկու ամիս անց Զավարյանը ոչ միայն չնշանակվեց համայնքի ղեկավարի ԺՊ, այլև իր տեղը զիջեց քաղաքական հակառակորդին, որն ինչպես պարզվեց, Փաշինյանի կարկառուն աջակիցներից է։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը