03 03 2021

Ինչպե՞ս սկիզբ առավ ԳՇ պետի դեմ արշավը. Խրոնոլոգիա

Ինչպե՞ս սկիզբ առավ ԳՇ պետի դեմ արշավը. Խրոնոլոգիա

Նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կրկին չստորագրեց Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու նախագիծը, միևնույն ժամանակ նա դիմումով կդիմի ՍԴ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Արմեն Սարգսյանի այս որոշումը շատերը որակեցին որպես աճպարարություն և հերթական անգամ Փաշինյանի հետ գործարքի գնալու հետևանք:

Իսկ մասնագիտական հանրությունը տարբեր մեկնաբանություններ է հնչեցնում: Մի շարք սահմանադրագետներ նշում են, որ ՀՀ նախագահի չստորագրելով անգամ ԳՇ պետը ազատվելու է պաշտոնից, մի մասն էլ պնդում է, որ ո՛չ վարչապետը, ո՛չ էլ ՀՀ նախագահը իրավասու չեն ազատել ԳՇ պետին: Քանի դեռ մասնագիտական բանավեճերն շարունակվում են, ներկայացնում ենք, թե ինչպես սկիզբ առավ Գլխավոր շտաբի դեմ արշավը, ինչպես իշխանությունը մի դեպքում Արմեն Սարգսյանին պաշտոնանկ անելու հիմքեր տեսավ, հետո չտեսավ:

Փետրվարի 24 ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը մեզ հետ զրույցում մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Իսկանդերը կրակել է 10 տոկոսով: Նա երկար ծիծաղելուց հետո ասաց.

«Իհարկե՝ հնարավոր չէ... ո՞նց, «Իսկանդե՞րը»... Մեկ կրակո՞ցը... 10 տոկոսո՞վ... Կներեք սա լուրջ չէ»:

Փետրվարի 24 ժամեր անց ԳՇ պետի տեղակալը ազատվեց պաշտոնից:

Փետրվարի 25 Գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր կորպուսների հրամանատարները հանդես եկան հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: Նշելով որ.

«ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:

ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները: Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը»:

Փետրվարի 25 Նիկոլ Փաշինյանը Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկն ուղարկեց ՀՀ նախագահին:

Փետրվարի 27 Արմեն Սարգսյանը վերադարձնում է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը իր առարկություններով:

Փետրվարի 27 Արմեն Սարգսյանի որոշումից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկել է Հանրապետության նախագահին:

Փետրվարի 28 Իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանը անմիջապես հաջորդ օրը հայտարարեց, որ ՀՀ նախագահը իր լիազորությունները չարաշահել է և հիմքեր կան նրան պաշտոնանկ անելու համար:

 

Մարտի 1 Մամուլը գրեց, որ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ նախագահին, ինչից  հետո նախագահականից հաստատեցին՝ պատճառաբանելով, որ Արմեն Սարգսյանը վատառողջ է, Փաշինյանը նրան գնացել էր այցի:

Մարտի 2 Մինչև Արմեն Սարգսյանի նոր որոշումը, իրավաբան Արթուր Ղազինյանը տեղեկացրեց, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը համաձայնության են եկել՝ նշելով հենց այն սցենարը, որին դիմեց ՀՀ նախագահը, այն է՝ չստորագրել հրամանագիրը իսկ ՍԴ կուղարկի հրամանագրի հիմք հանդիսացող միայն օրենքը և ոչ հրամանագրի առաջարկը:

Մարտի 3 Իշխանական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ այլևս հիմքեր չկան Արմեն Սարգսյանին պաշտոնանկ անելու կամ անվստահություն հայտնելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ