Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով՝ արդյո՞ք Հանրապետության նախագահն ունի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու սահմանադրական լիազորություն:
«Հանրապետության նախագահի լիազորությունները, այդ թվում՝ պաշտոններում նշանակելու և այդ պաշտոններից ազատելու, սահմանվում են Սահմանադրությամբ։
Բոլոր այն դեպքերում, երբ Սահմանադրությունը Հանրապետության նախագահին չի վերապահել որևէ կոնկրետ լիազորություն, ապա այն չի կարող վերապահվել կամ առաջարկվել որևէ այլ իրավական ակտով, այդ թվում՝ օրենքով (այս պնդումը բխում է նաեւ Աահմանադրության 6-րդ հոդվածից):
Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրությամբ չնախատեսված գործառույթի, գործողության իրականացումը հակասահմանադրական է եւ կարող է գնահատվել որպես Սահմանադրության կոպիտ խախտում, իսկ Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սահմանադրության կոպիտ խախտումը Հանրապետության նախագահի պաշտոնանկության հիմք է։
Այսպիսով, Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմին:
Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով:
Այսինքն, զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ունի առանձին սահմանադրաիրավական կարգավիճակ։
Սահմանադրության «Սահմանադրական կարգի հիմունքներ» գլխում ամրագրված է ՀՀ զինված ուժերի սահմանադրական առաքելությունը, այն է՝ ՀՀ զինված ուժերն ապահովում են ՀՀ պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը (Սահմանադրության 14-րդ հոդվածի 1-ին մաս)։
Ելնելով զինված ուժերի սահմանադրական առաքելության կարևորությունից՝ սահմանադրական մակարդակով հստակ ամրագրված է, թե ով է զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը. Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։
Ելնելով զինված ուժերի գլխավոր շտաբի պետի սահմանադրական կարգավիճակից, սահմանադիրը զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմից (Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումից) առանձնացրել և հատուկ կարգավորում է նախատեսել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի մասով։
Սահմանադիրը՝ հստակ սահմանելով, որ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով, ընդգծել է, որ՝ թե՛ վարչապետին, թե՛ Հանրապետության նախագահին վերապահված է զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ՄԻԱՅՆ պաշտոնում նշանակելու լիազորություն։
Այսինքն՝ Սահմանադրությունը Հանրապետության նախագահին չի վերապահել վարչապետի առաջարկությամբ զինված ուժերի շտաբի պետին պաշտոնից ազատելու լիազորություն։
Նման կարգավորումը բխում է ինչպես զինված ուժերի սահմանադրական առաքելությունից, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի սահմանադրական կարգավիճակից և նպատակ ունի երաշխավորելու, որ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն իր լիազորություններն իրականացնի առանց որևէ քաղաքական կաշկանդվածության և որևէ կերպ նրա պաշտոնավարումը կախված չլինի իշխող քաղաքական ուժի հայեցողությունից, քաղաքական ուժերի հարաբերակցությունից և դրանց հնարավոր վերադասավորումներից։
Հարկ է նկատել, որ «Պաշտպանության մասին» օրենքով ևս՝ ոչ վարչապետին է վերապահված Հանրապետության նախագահին զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկություն ներկայացնելու լիազորություն, ոչ էլ՝ կարգավորված են Հանրապետության նախագահի կողմից նման առաջարկ ստանալու դեպքում համապատասխան որոշում կայացնելու հետ կապված հարաբերությունները, ինչը, բնականաբար, բխում է սահմանադրական կարգավորումներից։
Հարկ է նշել, որ վերոնշյալը Սահմանադրությամբ ամրագրված միակ կարգավորումը չէ, որ Հանրապետության նախագահին վերապահելով կոնկրետ պաշտոնում նշանակելու լիազորություն՝ չի վերապահել այդ պաշտոնից ազատելու լիազորություն։
Մասնավորապես, Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ սահմանված հիմքով (կարգով) նշանակում է Վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորներին, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահներին, սակայն, չունի այդ պաշտոններից նրանց ազատելու լիազորություն։
Կամ Հանրապետության նախագահին վերապահված է Սահմանադրության 138-րդ հոդվածով սահմանված հիմքով (կարգով) պաշտոնատար անձանց միայն ժամանակավոր նշանակում կատարելու լիազորություն, առանց ազատելու լիազորության։
Այսպիսով, վերոգրյալից բխում է, որ Հանրապետության նախագահը չունի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու սահմանադրական լիազորություն և, հետևաբար, չի կարող ստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը։
Հետեաբար՝ Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահն իր առարկություններով պարտավոր է վերադարձնել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագրի նախագիծը՝ հիմնավորելով դրա հակասահմանադրականությունը»,- գրել է Մելոյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը