Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Բանակի քաղաքականությանը միջամտելու մասին խոսեցին շատերը, հասկացող թե չհասկացող, գիտակ թե անգիտակ։ Բայց քչերը նշեցին, որ ՀՀ Զինված ուժերն ուղղակի պարտավոր էին միջամտել և կանխել պետական դավաճանությունը դեռևս հոկտեմբերի սկզբին, երբ պարզ դարձավ, որ Հայաստանի քաղաքական իշխանությունը գործում է Հայկական շահին հակառակ և սպառնալիք է հանդիսանում Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության ու ՀՀ Զինված ուժերի մարտունակության համար։
Հիմա ավելի կոնկրետ։
ՀՀ Զինված ուժերը ապահովում են Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության զինված պաշտպանությունը։ Իրենց այս գործառույթը ՀՀ զինված ուժերն իրականացնում են Հայաստանի քաղաքական իշխանության հետ սերտ փոխգործակցության միջոցով` գործարկելով ռազմական դիվանագիտության և տնտեսական ապահովման ամբողջ գործիքակազմը։
Ասվածից հետևում է, որ ՀՀ Զինված ուժերը ՉԵՆ կարող արդյունավետ իրականացնել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վրա դրված գործառույթները առանց քաղաքական իշխանության հետ արդյունավետ համագործակցության։
Իսկ ինչպե՞ս պետք է վարվի ՀՀ Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը, եթե Հայաստանի քաղաքական իշխանությունը գործում և որոշումներն ընդունում է ոչ թե Հայկական, այլ ադրբեջանական և թուրքական շահերի վրա, իսկ քաղաքական իշխանության ղեկավար կազմը հանդիսանում է թուրքական ազդեցության գործակալ։
Մինչ այս հարցին պատասխանելը պետք է գիտակցել, որ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավարությունը ուղղակի պատասխանատվություն է կրում իրենց վստահված զինվորների կյանքի և առողջության համար։
Այլ կերպ ասած զինվորների ծնողներն իրենց երեխաների կյանքն ու առողջությունը վստահել են ոչ թե թուրքական ազդեցության գործակալ Նիկոլ Փաշինյանին, այլ Օնիկ Գասպարյանին, և հենց նա է պատասխանատու այդ զինվորների կյանքի և առողջության համար։
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի հայտարարությունը թեև ուշացած էր, բայց շատ տեղին էր և հիմնավոր, իսկ իմ կարծիքով ՀՀ Զինված ուժերն այս իշխանությանը պետք է մեկուսացրած լինեին դեռևս հոկտեմբերի սկզբին, երբ Փաշինյանն առաջին անգամ մերժեց Ռուսաստանի պատերազմը կանգնեցնելու առաջարկը` վտանգի տակ դնելով տասնյակ հազարավոր զինվորների կյանքն ու առողջությունը, Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականությունը։
Ինչպես ասում են` լավ է ուշ, քան երբեք . . .
Հ.Գ. Իմիջիայլոց, Բանակի ներքին քաղաքական գործընթացներին միջամտելու մասին խոսում են Էրդողանը, Նիկոլն ու թուրքա֊ադրբեջանական ազդեցության գործակալները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը