Վահագ Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ցավոք սրտի, շարունակվում է #հաղթելուենք-ի սովորույթը, որի հետևանքները մենք արդեն ճաշակել ենք: Չունենալով տնտեսական ոլորտում որևիցե նշանակալի հաջողություն, PR-ի աղբյուր դարձրեցին եվրոբոնդերի տեղաբաշխումը, հայտարարելով, որ այն աննախադեպ ցածր տոկոսադրույքով է տեղաբաշխված, ինչը խոսում է մի “չտեսնված վստահության” մասին: 750 մլն դոլարի եվրոբոնդերի` 3.875% տոկոսադրույքը իրականում այդքան ցածր չէ, դա հասկանալու համար ընդամենը պետք է նայել համեմատության մեջ` միջազգային շուկայում ձևավորված տոկոսադրույքների կտրվածքով: Պանդեմիայի պայմաններում` համաշխարհային տնտեսական ակտիվության անկման պատճառով համաշխարհային շուկայում փողի գինը բավականին էժանացել է: Оրինակ, LIBOR տոկոսադրույքը, որը ուղենշային է, տեղաբաշխման օրը` հունվարի 26-ին կազմել է 0.1-0.3% (LIBOR USD) և -0.5% (LIBOR EUR) համապատասխանաբար (https://www.global-rates.com/en/): Այսինքն, կոպիտ ասած, փող վերցնելու արժեքը միջազգային շուկայում այդքան է, իսկ մենք վերցրել ենք շուրջ 20-30 անգամ ավելի թանկ:
Դա համարյա նույնն է, որ Ամազոնում ձեր տեսած 800 դոլարանոց հեռախոսը կամ նոութբուքը այստեղ արժե ոչ թե 1000-1200 դոլար, այլ 15000-20000 դոլար, կամ միջազգային շուկայում նավթը արժե 63 դոլար, իսկ Հայաստանը գնում է այն 1500 դոլարով, կամ շաքարը միջազգային շուկայում արժե 1կգ – 0.34 դոլար (մոտ 175 դրամ), իսկ խանութում (հաշված բոլոր ծոխսերը և այլն) դուք գնում եք ոչ թե 350-400 դրամով, այլ կիլոգրամը 4000-5000 դրամով (http://pubdocs.worldbank.org/.../CMO-Pink-Sheet-February...):
Տոկոսադրույքը իրականում օրինաչափ է (մեր երկիրը միշտ էլ ունեցել է որոշակի ռիսկեր), վստահ եմ նաև, որ համապատասխան մասնագետ պաշտոնյաները արել են հնարավորը, անգամ անհնարինը, ցածր տոկոսադրույքով տեղաբաշխելու համար: Բայց դե իրենք ինչ անեն, որ ձգվել է պատերազմի ավարտը, ստորագրվել է կապիտուլյացիայի փաստաթուղթը, զրոյականի իջեցվել երկրի սուբյեկտայնությունը և դրանով մեծացել են ռիսկերը, հետևաբար մեզ տրվող գումարների տոկոսադրույքները: Այնպես որ ուրախանալու ոչ մի առիթ չկա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը