04 12 2023

Փողը երբեք երկնքից չի ընկնում. Այս ամենը ժողովրդից է դուրս գալու. 168.am

Փողը երբեք երկնքից չի ընկնում. Այս ամենը ժողովրդից է դուրս գալու. 168.am

168.am-ը գրում է.  Կառավարությունը գլուխ է գովում, որ բյուջեի հարկային եկամուտներն «աստղաբաշխական» տեմպերով ավելացրել է։ Բայց չի ասում, թե որտեղի՞ց են եկել այդ գումարները, ինչքա՞ն են ծանրացրել հարկային բեռը, բարձրացրել տույժերն ու տուգանքները, այլ վճարները, ի՞նչ նոր հարկեր են ավելացրել ու պատրաստվում ավելացնել։ Սրանք հարցեր են, որոնց պատասխաներից մեծապես կախված են հարկերի ավելացումները։

Փողը երբեք երկնքից չի ընկնում։ Ու երբ կառավարությունն այստեղ-այնտեղ հարկային բեռը բարձրացնում է, լավ գիտի, որ քաղաքացին իր գրպանից է վճարելու այդ գումարները, անկախ նրանից՝ այդ բեռը դրվում է նրա՞, թե՞ տնտեսության վրա։

Կառավարությունը հարկային բեռն է բարձրացնում, տնտեսությունն այդ բեռն ավելացնում է իր ծառայությունների գների վրա ու հանում վաճառքի։ Վճարողն էլի քաղաքացին է լինում։ Հարկերն ավելանում են քաղաքացու գրպանի հաշվին։ Թեև դա էլ միշտ չէ, որ հաջողվում է։

Վերջին շրջանում հարկերի ապահովումը գնալով խնդրահարույց է դառնում, ու դա է պատճառը, որ կառավարությունն ամենուրեք առիթ է փնտրում հարկային բեռն ավելացնելու համար։

Հարկերի հավաքագրման նախկին գերակատարումներն այլևս անցյալում են։ Բյուջեի հարկային մուտքերի կատարողականը «մազից է կախված»։

Եթե անգամ կառավարությանը հաջողվի այս տարի ապահովել բյուջեի հարկային մուտքերը, մյուս տարի խնդիրներից խուսափել դժվար կլինի։

Մի շարք գործոններ, որոնք վերջին երկու տարիներին նպաստել էին հարկային եկամուտների աճերին, հաջորդ տարի կորցնելու են իրենց ազդեցությունը՝ դադարելու են կամ էապես թուլանան։ Դրա համար էլ կառավարությունը ցայտնոտի մեջ է։

Բացի այն, որ փորձում են վիճակագրական մանիպուլյացիաների դիմել՝ եկամտային հարկի վերադարձը ներառել բյուջեի հարկային եկամուտներում՝ հարկերի աճ ցույց տալու համար, նաև հարկային բեռն են ավելացնում, տուգանքներն են բարձրացնում, պայմաններ են ստեղծում՝ նոր հարկեր մտցնելու համար։

Երբեմն անգամ տրամաբանությունից դուրս պահանջներ են դնում։ Դրա ակնհայտ օրինակներից մեկն էլ ավտոներկրողներին պարտադրված աբսուրդի հասնող պայմաններն են։

Ասում են՝ 20 տոկոս վերադիր պիտի ավելացնես քո ծառայություններին և դրանից հարկ տաս։ Եթե չավելացնես, միևնույն է, հարկայինն ինքն ավելացրածով է հաշվելու և դրա հիման վրա է գանձելու հարկերը:

Սա բացահայտ բեսպրեդել է, արհամարհանք օրենքի ու իրավունքների նկատմամբ։

Ու դա անում են այն հիմնավորմամբ, որ կասկածներ ունեն, թե ավտոներկրողներն ամբողջությամբ չեն հայտարարագրում իրենց եկամուտները։

Ընդունենք, որ չեն հայտարարագրում, բայց դա ոչ թե կասկածների հիման վրա, այլ փաստերով պիտի հիմնավորել։

Հարկայինը նրա համար է, որ գնա բացահայտի եկամուտները պատշաճ չհայտարարագրողներին ու պատժի, և ոչ թե բոլորին լցնեն նույն կաթսայի մեջ ու պարտադրեն իրենց պահանջները։ Գուցե մեկին ձեռնտու է աշխատել՝ 20, մյուսին՝ 30, երրորդին էլ՝ 10 տոկոս վերադիրով։ Մեկն ուզում է քիչ շահույթ ստանալ, բայց աշխատել շրջանառությունների ավելացման վրա, մեկն էլ նախընտրում է հակառակը։

Ինչո՞ւ պիտի բոլորը պարտադրված լինեն համատարած 20 տոկոս վերադիր դնել իրենց ծառայությունների վրա։

Բա ո՞ւր մնաց մրցակցությունը։

Կառավարությանը փող է պետք, ու կարծում են, թե իրենց ամեն ինչ կարելի է, կարող են ամեն ինչի վրայով այսպես անխնա ու անպատիժ անցնել։

Այն, ինչ անում է կառավարությունը, բերելու է ավտոմեքենաների գների բարձրացման։ Այդ ավել գումարները, որոնք ուզում են գանձել, վճարելու է քաղաքացին՝ իր ձեռք բերած ավտոմեքենայի գնի բարձրացման միջոցով։

Սա ամենևին էլ եզակի օրինակ չէ, երբ քաղաքացուն պարտադրում են ավել վճարել՝ հարկային բեռի ավելացման միջոցով։ Այդպիսի օրինակները բազմաթիվ են ու բազմաթիվ ոլորտներում։

Ժամանակին միկրոձեռնարկատիրական գործունեություն իրականացնողներին ասում էին՝ ձեր համար անհավանական արտոնյալ պայմաններ ենք ստեղծել, գրանցվեք, ընդամենը 5 հազար դրամ եկամտային հարկ վճարեք ու հանգիստ աշխատեք։ Խաբեցին, բերեցին գրանցեցին ու հարկը միանգամից մի քանի անգամով բարձրացրեցին։ Հինգ հազարի փոխարեն՝ հուլիսի 1-ից հետո ստիպված են առնվազն 20 հազար դրամ վճարել, այն էլ, երբ աշխատում են նվազագույն աշխատավարձով։

Այդ բեռի տակից դուրս գալու համար միկրոձեռնարկատիրության ոլորտում մեկ ամսում 2 հազար մարդ կորցրեց աշխատանքը։ Այդքան աշխատատեղ փակվեց կամ անհետացավ։

Հիմա էլ ուզում են շրջանառության հարկի դաշտում նույնն անել։ Արդեն երկար ժամանակ է, մտածում են, թե ինչպես անեն, որ շրջհարկի դաշտում աշխատողներին, որոնց համար համեմատաբար թեթև հարկային ռեժիմներ են գործում, բերեն ընդհանուր հարկման դաշտ, ինչը ենթադրում է հարկային բեռի միանգամից մի քանի անգամով ավելացում։

Նույնիսկ 20, 30, 50 տոկոսով չեն բավարարվում, հարկային բեռը, որ բարձրացնում են, միանգամից անգամներով են բարձրացնում։

Երբ նոր էին եկել իշխանության, ոսկե սարեր էին խոստանում տաքսու վարորդներին։ Ասում էին՝ դուք ազատված եք հարկերից։ Հիմա ասում են՝ և՛ պետտուրք պիտի վճարեք, և՛ շրջանառությունից հարկ։ Կրկնակի հարկման տակ են դնում։

Սա, իհարկե, բերելու է տաքսի ծառայության գների բարձրացման, ու այդ գումարները, հարկային բեռի բարձրացման արդյունքում, կրկին վճարելու են քաղաքացիները։

Օրենքներ են ընդունել, որոնցով հարկային բեռը բարձրացնելու ավտոմատ ռեժիմ են դրել՝ ամեն տարի բեռը բարձրանում է, ու դրա չափով ապրանքները թանկանում են։

Քաղաքացիները գնում են այդ ապրանքներն ու վճարում ավելացված հարկային բեռը։

Հարկային բեռը բարձրացնում են՝ քիչ չէ, նաև տույժերն ու տուգանքներն են ավելացնում ու կրկին՝ անգամներով, երբեմն էլ՝ տասնյակ անգամներով։

Բոլորովին վերջերս որոշեցին տուգանքներ նշանակել այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր վարձակալության գործարքները չեն գրանցում։

Իհարկե, վատ է, որ չեն գրանցում։ Բայց դրա համար պատճառ կա, որ չեն գրանցում։ Պատճառը հասկանալու ու վերացնելու փոխարեն՝  խիստ տուգանքներ են դնում։ Ու եթե վաղը բոլորը որոշեն գրանցել վարձակալության գործարքները, վարձակալության գները կրկին կբարձրանան, առնվազն 10 տոկոսով։

Եվ դա կլինի այն գումարը, որը վարձակալների գրպանից գնալու է պետական բյուջե։

Կառավարությանն այս գումարն ավելի շատ է հետաքրքրում, քան այն, որ տասնյակ-հազարավոր մարդիկ, այդ թվում՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, բնակվելու տեղ չունեն, վարձով են ապրում ու հիմա ստիպված պիտի լինեն ավելի շատ վճարել դրանց համար, որովհետև կառավարությանը փող է պետք ու որոշել են նույնիսկ այս չնչին հնարավորությունը ձեռքից բաց չթողնել։

Վերջերս փոխեցին ընդհանուր օգտագործման ճանապարհից օգտվելու կարգի խախտման համար նախատեսված պատասխանատվության միջոցների չափերը և տուգանքները 3 անգամով բարձրացրեցին։

Ամեն տեղից փորձում են մի բան պոկել։ Արդեն որոշված է, հաջորդ տարվանից սկսելու են եկամուտների պարտադիր հայտարարագրման գործընթացը։ Անունը դրել են, թե այն ֆիսկալ նպատակ չունի, բայց ամբողջ իմաստը դրանում է։ Հայտարարագրելուց հետո գնալու են ցանկացած եկամտի հետևից ու հարկելու են, դեռ չհաշված տույժերն ու տուգանքները։

Ամենուրեք հարկային բեռ են ավելացնում, տուրքեր են դնում, տույժերն ու տուգանքներն են բարձրացնում, այնտեղ, որտեղ ժամանակին արտոնություններ են սահմանված եղել՝ տնտեսական խթաններ ստեղծելու համար, կրճատում ու վերացնում են։ Մի նպատակ ունեն, որքան հնարավոր է՝ շատ փող ունենան ձեռքի տակ՝ բյուջեի հաշվին իրենց ճոխություններ թույլ տալու, իրենց կարիքներն ուզածի չափ բավարարելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ