17 02 2021

Անկախ պատգամավորներ նախաձեռնել են Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարության նախագիծ

Անկախ պատգամավորներ նախաձեռնել են Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարության նախագիծ

armlur.am-ը գրում է.

«2021-ի փետրվարի 16-ին ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված 3 պատգամավոր դիմել են ԱԺ նախագահին՝ ԱԺ հայտարարության նախագիծը սահմանված կարգով շրջանառության մեջ դնելու համար: Աննա Գրիգորյանը, Վարդան Աթաբեկյանը եւ Թագուհի Թովմասյանը խորհրդարանին առաջարկում են ընդունել «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձմանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը: 2020թ. դեկտեմբերի 8-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ուղերձից անցել է շուրջ 3 ամիս, սակայն Ադրբեջանը դեռեւս չի վերադարձրել իր վերահսկողության ներքո գտնվող բոլոր գերեվարված զինվորականներին եւ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց:

Ադրբեջանն իր այս քաղաքականությամբ, ըստ պատգամավորների, արհեստական ձգձգում է իր վերահսկողության ներքո գտնվող բոլոր գերիների հայրենադարձման գործընթացը, ավելին, նախաձեռնում քրեական հետապնդման ընթացակարգեր նրանց նկատմամբ, համարում ահաբեկիչներ, կալանավորում՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքն ու մարդու իրավունքները: Ադրբեջանի այս քաղաքականության արդյունքում կոպտորեն խախտված է մնում ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո բոլոր գերիների հայրենադարձման մարդասիրական գործընթացը՝ խոչընդոտելով «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949թ. օգոստոսի 12-ի Ժնեւի կոնվենցիայի 118-րդ հոդվածի /«Ռազմագերիներն ազատվում եւ հայրենադարձվում են անմիջապես ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո»/ իրականացմանը:

Հայտարարությամբ նախագծի հեղինակները՝ Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանն ու Վարդան Աթաբեկյանը նպատակ ունեն խորհրդարանական երկրի թիվ մեկ մանդատ ունեցող կառույցի կողմից դատապարտել Ադրբեջանի հակամարդկային պահվածքը, ինչպես նաեւ միջազգային կառույցների, միջազգային հանրության ու իրավապաշտպան կազմակերպությունների հետ համատեղ ճնշման միջոցով նպաստել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձման մարդասիրական գործընթացի կյանքի կոչմանը»:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ