ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին, ինչպես նաև ստեղծված իրավիճակից ելքին ու ապագային միտված ծրագրերին:
-Պարո՛ն նախագահ, բանակցությունների ամբողջ ընթացքում՝ մի քանի տասնամյակում, և՛ առաջին, և՛ երկրորդ նախագահները, և՛ Դուք մշտապես խոսել եք, և դա մեր կողմից ընդունելի է եղել, որոշակի գնով տարածքների վերադարձի մասին։ Դա եղել է բանակցությունների տարրերից մեկը։ Եթե դա այդպես է, եթե հողերի վերադարձը քննարկվել է, ապա ինչո՞ւ եք Դուք այսօր այս իշխանությանը մեղադրում այդ հողերը վերադարձնելու մեջ։ Խորհրդարանում վերջերս մի միտք հնչեց, որ մենք պարտության գնացել ենք վերջին 20 տարում՝ սկսած հոկտեմբերի 27-ից, քանի որ շարունակաբար քննարկվել է հենց հողերի վերադարձի, տարածքների զիջման հարցը։
-Դավի՛թ, նորից պետք է կրկնեմ, որ մեզ համար ստանալու մասն էր կարևոր։ Սա՝ մեկ, երկրորդ՝ ես չեմ կարող համաձայնել Ձեր ասած մտքերի հետ, որ այս իշխանությունները հող են վերադարձրել։ Ոչ, նրանք հող են տանուլ տվել, նրանք հող են հանձնել։ Դրանք տարբեր բաներ են։ Նրանք կապիտուլյացիայի են ենթարկել Հայաստանը, ջախջախել են մեր բանակը։ Այսինքն՝ Դուք տարբերություն չե՞ք տեսնում։ Ես երբեք «ոչմիթիզական» չեմ եղել, երբեք․ և՛ 90-ականների սկզբի մեր հաջողությունների պահին, և՛ 2000-ականների ամբողջ ընթացքում, և՛ նախագահական նստավայր գալու առաջին իսկ օրվանից ես տարբեր ձևակերպումներով ասել եմ, որ այս խնդիրների լուծումը ես տեսնում եմ միայն փոխզիջումների միջոցով։ Հիշո՞ւմ եք, երբ ես խորհրդարանում ասացի, որ Աղդամն իմ հայրենիքը չէ։
-Իհարկե հիշում եմ, դա հետո շատ շահարկվեց։
-Իսկ հիշո՞ւմ եք, որ դա ոչ միայն այն ժամանակ շահարկվեց, դա շահարկվեց վերջերս, երբ անմեղսունակ մարդիկ, իրականությունը լավ չպատկերացնող մարդիկ սելֆի էին անում Աղդամի ֆոնին և ասում էին՝ Աղդամն իրենց հայրենիքն է։ Ես տեսա, թե այդ հայրենիքն իրենք ինչպես պահեցին։
-Ես նույնիսկ շարունակությունն եմ հիշում Ձեր ասածի․ Դուք ասում էիք՝ նաև Միրբաշիրը (Թարթառ) մեր հայրենիքը չէ, բայց, չգիտես ինչու, միայն Աղդամի վրա էին ֆիքսվել, մինչդեռ Միրբաշիրը երբեք մերը չի էլ եղել։
-Որովհետև Աղդամը, գոնե քաղաքը, մեր վերահսկողության տակ էր։
-Եվ մեր անվտանգության գոտին էր։
-Այո: Այնպես որ, ես խնդրում եմ միշտ տարբերակել վերադարձնելը տալուց։
-Պարո՛ն նախագահ, Դուք մի քանի անգամ խոստովանել եք, որ 2011-ին պատրաստ էիք Կազանյան փաստաթուղթը ստորագրել, Ալիևը չհամաձայնեց, վերջին պահին ինչ-որ շտկումներ է փորձել մտցնել։ Կազանյան փաստաթղթի էությունը, մենք հիմա կգանք նաև նրան, թե ինչ էինք մենք ստանում, քանի որ ասում եք, որ հիմնականը մեր ստանալիքն է, մեր կողմից որոշակի տարածքային զիջումների մասին էր խոսքը։ Մինչև 2018-ը, այսինքն՝ այդ յոթ տարվա ընթացքում 2011-2018 թվականներին, երբ Դուք նախագահ էիք, Դուք հնամաձա՞յն եք, որ այդ յոթ տարվա ընթացքում մենք, փաստորեն, արհեստականորեն ձգձգել ենք ստատուս քվոն, փորձել ենք ժամանակ շահել՝ ենթադրելով, որ հայկական կողմի օգտին է աշխատում այդ ժամանակը։
-Ոչ, համաձայն չեմ։ Համաձայն չեմ ոչ միայն այսպես ձգձգելու տեսության հետ, մտքի հետ, համաձայն չեմ Ձեր՝ դրանից առաջ արտահայտած մտքի հետ, որ Կազանյան փաստաթուղթը ենթադրում էր տարածքային զիջումներ։ Կազանյան փաստաթուղթը ենթադրում էր ԼՂ կարգավիճակ՝ Ադրբեջանից դուրս։ Նորից եմ ասում՝ դեն շպրտեք ձեր գլխից, թե ինչ էինք մենք տալու, դուք մտածեք այն մասին, թե ինչ էինք ունենալու։
-Ստանալու էինք միջազգայնորեն երաշխավորված կարգավիճակ։
-Մենք ստանալու էինք միջազգայնորեն երաշխավորված խոստում, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ բնակչության ազատ կամարտահայտմամբ, որը ունի պարտադիր իրավական ուժ, և որի օրակարգը ոչնչով չի սահմանափակվում։ Դա մեզ հնարավորություն էր տալիս շատ հանգիստ գնալ խնդրի լուծման, այո, փոխզիջումների միջոցով։ Բացի դրանից, մենք ստանում էինք ԼՂ միջանկյալ կարգավիճակ, որը, ինչպես և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ համանախագահները որակում էին որպես «այսօրվա իրողություն պլյուս»։ Ահա այդ միջանկյալ կարգավիճակով ԼՂ-ն ստանում էր անվտանգության յոթ երաշխիք, որոնցից առաջին կետը հետևյալն էր՝ ԼՂ անվտանգությունն ապահովում են ԼՂ ինքնապաշտպանության ուժերը, որ ՀՀ-ն պաշտոնապես հանդիսանում է ԼՂ անվտանգության երաշխավորը, որ ԼՂ-ի գործադիր և օրենսդիր մարմինների ընտրությունը ճանաչվում է միջազգային հանրության կողմից, որ ԼՂ-ում դատաիրավական համակարգը համարվում է, այսպես ասած, ճանաչված միջազգային հանրության կողմից, խաղաղապահների մասնակցություն և այլն։
-Հուսալի ցամաքային կապ ՀՀ-ի հետ։
-Հիմա դրան կանդրադառնամ։ Եվ ԼՂ-ն իրավունք էր ստանում, խնդրում եմ՝ ուշադրությամբ լսեք, անդամակցել միջազգային այն կառույցներին, որոնց անդամակցելու համար անկախությունը պարտադիր պայման չէր․ պլյուսը դա էր։ Եվ մինչև ԼՂ անկախության օրը՝ մինչ հանրաքվեի օրը մենք ունենում էինք մեր վերահսկողության տակ Լաչին և Քելբաջար շրջանները։
-Այսինքն՝ 5 շրջանի վերադարձի մասի՞ն էր խոսքը։
-Այո։ Այնպես որ, այդտեղ ցամաքային սահմանի կամ միջանցքի մասին խոսք չկար։
-Մենք Լաչինի շրջանը չէինք էլ տալու, որ մտածեինք, այսինքն՝ գոնե այդ պահի դրությամբ չէինք տալու։
-Եվ ոչ էլ Քարվաճառը։ Այսինքն՝ Քարվաճառի առումով այնտեղ որոշակի փոխկապակցվածություն կար։ Չեմ ուզում մանրամասների մեջ մտնել, որովհետև դա առաջին հերթին մասնագետների համար է և ոչ թե լայն հանրության համար։ Ընտրվում էր 4 կոմիտե, այդ կոմիտեներից մեկն զբաղվում էր հանրաքվեով, մյուսն զբաղվում էր Լաչինից մեր բնակչության, հայկական բնակչության տարհանման, ադրբեջանցիների գալով, բայց դա երբեք չէր հանձնվում Ադրբեջանի վերահսկողության տակ, և դրանք փոխկապակցված էին։ Որքանով առաջ էր գնում հանրաքվեի գաղափարը, որքանով օրը մոտենում էր, զուգահեռաբար նաև այս խնդիրն էր լուծվում։
-Վերադարձող ադրբեջանցիները չէի՞ն մասնակցելու հանրաքվեին։
-Ոչ, իհարկե ոչ։
-Արցախի գործող կազմով պե՞տք է մասնակցեր։
-Այնտեղ շատ հստակ նաև ձևակերպված էր, թե ովքեր պետք է մասնակցեին հանրաքվեին և այլն։
-Իսկ հարցը որոշվա՞ծ էր, պարո՛ն նախագահ, ի՞նչ հարց էր դրվելու հանրաքվեին։
-Ոչ, օրակարգը ոչնչով չէր սահմանափակվում։ Այսինքն՝ դա նշանակում էր, որ ԼՂ իշխանությունները պետք է որոշեին, թե ինչպիսի օրակարգով է տեղի ունենալու հանրաքվեն։
-Շատ լավ, հիմա Դուք վերապատմում եք Կազանյան փաստաթղթի բովանդակությունը։
-Հիմա ես շարունակեմ։ Ինչպես հայտնի է, Կազանում ադրբեջանցիները հրաժարվեցին այդ փաստաթուղթը ստորագրել, թեև արդեն 2011-ի հունիսի 11-ին մենք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ստորագրությամբ նամակ էինք ստացել, որ բանակցություններն ավարտված են, տեքստը վերջնականապես համաձայնեցված է, և հունիսի 24-ին Կազանում առաջարկվում էր ստորագրել այս տեքստը։ Եթե չեմ սխալվում, հունիսի 23-ին ինձ զանգահարեց ԱՄՆ նախագահը՝ պարոն Օբաման, և ասաց, որ ինքը շատ է խրախուսում, որ մենք ցուցաբերենք արիություն և ստորագրենք այդ փաստաթուղթը։ Նույն բովանդակությամբ նամակ եմ ստացել նաև Ֆրանսիայի նախագահից՝ պարոն Սարկոզիից։ Երկու դեպքում էլ ես պատասխանել եմ, որ մենք պատրաստ ենք ստորագրել այս փաստաթուղթը, բայց ես գրեթե վստահ եմ, որ Ադրբեջանը հրաժարվելու է այդ փաստաթուղթը ստորագրելուց։ Ինչևէ, մենք գնացինք Կազան, ես դրա մասին հանգամանորեն խոսել եմ Կիսելյովի հետ ռեպորտաժում և այլն։
-Դա էլ է շատ շահարկվել, ի դեպ։
-Շահարկվում է, որովհետև հատվածաբար են դիտում։
-Խոսում են միայն յոթ շրջանի վերադարձի մասին։
-Շահարկվում է «ոչմիթիզականների» կողմից, որովհետև իրենք ականջալուր չէին լինում, երբ ասում էի՝ առավելապաշտությունը մեզ կործանելու է, երբ ասում էի, որ հանկարծ այնպես չանեք, որ մի օր հավաքվենք Երևանում և սկսենք «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» երգել։ Ինչևէ, Ադրբեջանը հրաժարվեց, դրանից հետո եղան հանդիպումներ, որոշակի շփումներ, հանդիպումներ նույնիսկ Ալիևի հետ Վիեննայում և այլն, բայց պետք է ասել, որ համեմատաբար հանդարտ իրավիճակ էր, և ակտիվ բանակցային պրոցեսներ՝ որպես այդպիսիք չկային։ Եթե հիշում եք, 2014-ին որոշակի լարվածություն ստեղծվեց։
-Օգոստոսյան միկրոպատերազմը, այո։
-Եվ 2014-ին համանախագահ երկրներից մեկի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ ինքն ինձ ուղիղ հարցրեց, ասաց՝ Սերժ, կարո՞ղ ես ազնվորեն ասել, թե ո՞րն է քո նպատակը Ղարաբաղի հարցում, ուզո՞ւմ ես արդյոք՝ խնդիրը լուծվի, թե՞ ուզում ես ստատուս քվոն պահպանել։ Ես անկեղծորեն ասացի, որ ուզում եմ խնդիրը լուծել, չեմ ուզում այս խնդիրը թողնել հաջորդ սերունդների ուսերին։ Հաջորդ հարցը հետևեց՝ իսկ քո պատկերացմամբ՝ ինչպե՞ս կարող է այս խնդիրը լուծվել։ Ես էլ ուղիղ ասացի հետևյալը՝ իմ պատկերացմամբ՝ խնդիրը կարող է ունենալ երկու լուծում՝ մեկ՝ վերջնական լուծում, մեկ՝ այսպես ասած, կիսալուծում։ Վերջնական լուծումը ես պատկերացնում եմ հետևյալ կերպ՝ Ադրբեջանն ընդունում է, որ ԼՂ-ն անկախ է, ճանաչում է ԼՂ անկախության փաստը։ Այդ դեպքում ես վերադառնում եմ Երևան և իմ թիմակիցներին համոզում եմ, որ այդ պարագայում մենք պարտավոր ենք Ադրբեջանին վերադարձնել յոթ շրջանները, որոնք կազմում էին այդ անվտանգության գոտին՝ բացառությամբ ՀՀ-ի հետ ցամաքային սահման կազմող միջանցքի, որը պետք է լինի ոչ թե ինչպես այսօր՝ 2,5 կմ-անոց, այլ բավարար միջանցք՝ անվտանգ հաղորդակցվելու համար ԼՂ-ի հետ։ Այնուհետև գնում եմ ԼՂ, համոզում եմ իմ մարտական ընկերներին, ԼՂ ղեկավարությանը, որ սա ճիշտ լուծում է։ Եվ երբ երկու տեղում ստանում եմ համաձայնություն, ապա կամաց-կամաց այս գաղափարը նաև սկսում ենք հանրայնացնել։ Ես չեմ երաշխավորում, որ այս գաղափարը կարող եմ իրականացնել։
-Բայց պատրաստ եք։
-Բայց ես պատրաստ եմ մտնել այս բեռի տակ, որովհետև իմ համոզմամբ՝ սա ճիշտ լուծումն է։ Սա առաջին տարբերակն է։ Երկրորդ տարբերակը հետևյալն է։
-Կիսալուծումը։
-Այո, Ադրբեջանը ճանաչում է, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշի ԼՂ բնակչությունը՝ առանց որևէ ժամկետային սահմանափակումների։ Բայց այդպես պետք է լինի՝ Ադրբեջանը դա պետք է ընդունի, միջազգային հանրությունը դա պետք է հաստատի։ Այդ պարագայում ես նորից վերադառնում եմ ՀՀ, իմ թիմակիցներին համոզում եմ, որ այսպիսի լուծման կամ կիսալուծման պարագայում մենք պարտավոր ենք Ադրբեջանին վերադարձնել 5 շրջանները, ունենալ ԼՂ միջանկյալ կարգավիճակ, իսկ այդ միջանկյալ կարգավիճակի մասին ես ասացի, այնուհետև նույն պրոցեսը՝ ԼՂ, մարտական ընկերներ, Ղարաբաղի իշխանություններ։
-Բայց երկրորդ տարբերակը որևէ կերպ ապագայի համար երաշխիք չէր տալու, քանի որ ադրբեջանցիները կարող էին երբեք չճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ հղում անելով ապագային։
-Այո։ Այդ տարբերակը բացառվում էր, որովհետև այդ դեպքում ադրբեջանցիները երբեք հետ չէին ստանալու ո՛չ Լաչինը, ո՛չ Քարվաճառը։ Այսինքն՝ այդ տարբերակի ամբողջ իմաստը կայանում էր նրանում, որ Լաչինի և Քարվաճառի՝ Ադրբեջանին վերադարձնելու ժամկետը շատ սերտորեն կապակցված էր ԼՂ անկախության մասին հանրաքվե անցկացնելու հետ։
-Այդ պատճառո՞վ էինք մենք ասում ՝ 5+2, ոչ թե 7։
-Այո։ Այսինքն՝ իմ ասած երկու տարբերակներն էլ ուղղակի բխում էին Մադրիդյան սկզբունքներից, Կազանյան փաստաթղթից։ Եվ պատահական չէ, որ և՛ ՌԴ արտգործնախարարը, և՛ համանախագահները, և՛ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ՌԴ ներկայացուցիչ Պոպովը մշտապես հայտարարել են, ընդհուպ մինչև այս վերջին հայտարարությունը, որ ցանկացած տարբերակ այս թե այն չափով համապատասխանում էր Կազանյան փաստաթղթի Մադրիդյան սկզբունքներին։
-Պարո՛ն նախագահ, այդ թվո՞ւմ Լավրովյան պլանը, որի մասին սկսեց խոսել Ապրիլյան պատերազմից հետո։ Եվ մի ճշտող հարց էլ պետք է տամ՝ առաջին նախագահը վերջերս հայտարարեց, որ իր տպավորությամբ՝ Ձեր վերընտրությունից հետո Դուք պատրաստ էիք ստորագրելու Լավրովյան պանը։ Նախ հասկանանք՝ դա Կազանյան փաստաթղթի մոդիֆիկացիա՞ն է, առհասարակ, եղե՞լ է այդպիսի փաստաթուղթ, և Դուք պատրաստ եղե՞լ եք 2018-ին Ձեր վերընտրությունից և իշխանության մնալու դեպքում դա ստորագրել։
-Նախ պետք է ասեմ, որ Լավրովյան փաստաթուղթ, որպես այդպիսին, գոյություն չի ունեցել։ Ինչն է անվանվել Լավրովյան փաստաթուղթ. Իմ ասած երկրորդ տարբերակը, այսինքն՝ Կազանյան փաստաթղթի Մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացված տարբերակը Լավրովը առաջարկել է համանախագահների անունով, և երբեք չի եղել մի, այսպես ասած, բանակցային պրոցես, որ համանախագահներից որևէ մեկն առանձին իր գաղափարներն առաջարկեր։ Միշտ համաձայնեցված է եղել։ Սա էր այն, ինչի մասին ես ասացի։ Եվ այն, ինչ կոչվում է Լավրովյան փաստաթուղթ և Կազանյան փաստաթուղթ։ Իմիջիայլոց, կներեք, որ մի քիչ շեղվում եմ, Կազանյան փաստաթուղթը միակ փաստաթուղթն է, գոնե մինչև 2018-ը միակ փաստաթուղթն էր, որ դարձել էր աշխատանքային փաստաթուղթ։ Եվ այդ փաստաթուղթը, ուրեմն, գտնվում է ԵԱՀԿ դեպոզիտարիայում։ Այլ աշխատանքային փաստաթուղթ չի եղել։
-Լավրովյան պլան՝ որպես աշխատանքային փաստաթուղթ, գոյություն չունի՞։
-Ուզում եմ նաև այդ մասին մի քիչ խոսել, որովհետև շատ-շատերը լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում աշխատանքային փաստաթուղթ, ինչ է նշանակում առաջարկություն, և ինչ է նշանակում ընդհանրապես թուղթ, որ տալիս են քեզ՝ ծանոթանալու համար։ Աշխատանքային փաստաթուղթն այն փաստաթուղթն է, որ միջնորդները ներկայացնում են իրենց պատկերացրած լուծումը, և կողմերն ասում են՝ այո, այս փաստաթղթի շուրջ կարելի է բանակցել և գալ համաձայնության։ Եվ սկսվում է արդեն աշխատանքը՝ ըստ տողերի, սկզբունքների և այլնի։ Սա է աշխատանքային փաստաթուղթը և ոչ թե այն, ինչը բազմաթիվ անգամ կարող են անել համանախագահները՝ իրենց գաղափարները գրավոր կերպով կամ բանավոր կողմերին հայտնելով։ Գաղափարները կարող են բազմաթիվ լինել, բայց երբ միանգամից ծանոթանալով այդ գաղափարին՝ ասում ես՝ սա անհնար է քննարկել, այլևս քննարկում չի լինում։ Ես ենթադրում եմ, որ այն փաստաթուղթը, որ 2019-ի ապրիլին տրվել էր կողմերին, բնականաբար, այդ թվում՝ հայկական կողմին, հայկական կողմի պատասխանը, ամենայն հավանականությամբ, եղել է, որ այո, այս փաստաթղթի շուրջ կարելի է քննարկումներ իրականացնել։ Հակառակ պարագայում, եթե մերժվեր, ապա, երևի, այլ առաջարկություններ կներկայացվեին, կամ այն գլխից համանախագահները կասեին, որ իրենց առաջարկները մերժված են։
-Դրա տրամաբանությունը փուլայի՞ն է եղել, պարո՛ն նախագահ։ Լավրովի ասածից կարո՞ղ ենք դատել։
-Դուք հիշում եք, որ դրա մասին առաջին անգամ հայտարարեց Լավրովը՝ արդեն 2020-ի գարնանը՝ մեկ տարի անց։ Այսինքն՝ համանախագահները դրանով ուզում էին ասել, որ մենք կողմերին տվել ենք փաստաթուղթ, ստացել ենք հավաստիացում, որ սրա շրջանակներում կարելի է քննարկել, գալ համաձայնության, բայց կողմերից մեկը, և, ինչպես հասկացանք, հայկական կողմը հետո հրաժարվեց շարունակել բանակցությունները։ Այո, իմ խորին համոզմամբ՝ դա եղել է փուլային տարբերակ, որովհետև ինչո՞ւ պետք է հայկական կողմը փաթեթային տարբերակից հրաժարվեր։ Իսկ թե ինչո՞ւ եղավ փուլային տարբերակ, դա արդեն ևս խոսակցության թեմա է։ Չէ, ես պատկերացնում եմ մոտավորապես, թե ինչու այդպես եղավ, բայց մինչ այդ ուզում եմ մեկ անգամ ևս անդրադառնալ և շատ-շատերի համար մեկ անգամ ևս ասել, թե ինչ է նշանակում փաթեթային տարբերակ, ինչ է նշանակում փուլային տարբերակ։
Փաթեթային տարբերակն այն է, երբ բանակցող կողմերը, համաձայնության եկած կողմերը գիտեն առաջին քայլից մինչև վերջին քայլը, թե ինչ գործողություններ են տեղի ունենալու։ Սկսելով ինչ-որ բանից՝ վերջում ինչի ենք հասնելու։ Եվ, ամենակարևոր հատկանիշներից մեկն էլ այն է, որ փաթեթային տարբերակում կողմերից որևէ մեկը, ստանալով ինչ-որ բան, չի կարող սեղանը շուռ տալ, ասել՝ ես այլևս չեմ բանակցում, որովհետև փոխզիջումները լինում են համահունչ, հավասարազոր, և հրաժարվելու պարագայում դու ունենում ես ոչ միայն ձեռք բերած, ունենում ես նաև կորցրած։ Ակնհայտ է, որ փաթեթային տարբերակը չի կարող միանգամից ամբողջովին իրականացվել, և այն իրականացվում է փուլերով։ Ամբողջ հմայքը այս փաթեթային տարբերակի այն է, որ դու մի բան ստանում ես, մի բան տալիս ես, մի բան ստանում ես, մի բան տալիս ես, կեսից էլ եթե կանգնում է, դու քո կենսական շահերն արդեն տված չես լինում։ Իսկ փուլային տարբերակն այն է, երբ դու ինչ-որ բան տալիս ես՝ ստանալով շատ ոչ հավասարազոր մի բան ու խոստում, որ ապագայում կարող է լավ լինել։ Թե այդ լավ լինելն ինչպիսին է, դա գնահատելու հարց է։
-Պարո՛ն նախագահ, առաջին նախագահը ճի՞շտ էր իր եզրակացության մեջ՝ պատրա՞ստ էիք իշխանության մնալու դեպքում ստորագրել այդ աշխատանքային տարբերակը։
-Ես ոչ միայն պատրաստ էի ստորագրել, այլ ես բացառապես համաձայնել եմ մնալ ՀՀ վարչապետ, որ իրականացնեմ այդ տարբերակը։ Եվ ես այն ոչ թե պետք է գաղտնի ստորագրեի, այլ բնականաբար, երբ հասնեինք նրան, ինչին ձգտում էինք, ապա այդ տարբերակը, ես չեմ ասում՝ հանրաքվեի կդնեինք և այլն, բայց շատ մեծ և բուռն քննարկման առարկա կդարձնեինք հասարակությունում։ Ես վստահ չէի, որ հասարակության մեծ մասը դրան կարող էր սատարել, իհարկե, եթե հիմա հնարավորություն ունենայինք պատմության անիվը հետ պտտելու և վերադառնալու 2018, կարծում եմ՝ մեր բնակչության 99 տոկոսը դրան կողմ կլիներ։
-Ինչո՞ւ այն ժամանակ անկեղծորեն, բացեիբաց դա չասացիք, պարո՛ն նախագահ, թեկուզ ամենածանր պահին։
-Ես ասել եմ, բացեիբաց ասել եմ, միգուցե շատ չեմ ասել։
-Շատ չեք ասել։
-Բայց ասել եմ դա Ապրիլյան իրադարձությունների օրերին, երբ ինձ նամակ հղեցին «Լույս» հիմնադրամի 60-ից ավել շահառու և կոչ արեցին, որ ես հրաժարական տամ։ Ես նրանց բացատրեցի, որ իմ մնալու միակ պատճառը այս խնդիրը լուծելն է։ Մինչ այդ եմ ասել դրա մասին, բազմաթիվ անգամներ եմ ասել։ Ընդունում եմ իմ մեղքը, միգուցե քիչ եմ ասել, բայց արդյո՞ք եթե շատ ասեի, դա կօգներ գործին․ չէր օգնի։ Բայց ինչ էինք արդյունքում ստանալու։ Այս մասին էլ եմ ուզում ասել, շատ հետաքրքիր բան է։ Քանի որ Ադրբեջանը, պարզ է, շատ դժկամությամբ էր շարունակում բանակցություններն այդպիսի պայմանների շուրջ, մենք մտածեցինք տարբերակ՝ ունենալ երեք փաստաթուղթ․ մեկ փաստաթուղթ ստորագրել Ադրբեջանի հետ, որ ամբողջովին չէր բավարարում մեր նվազագույն ցանկությունները․ խոսքը հետևյալի մասին է՝ առաջին կետը, երբ խոսում էր ԼՂ բնակչության ազատ կամարտահայտության մասին, ձևակերպված էր, ինչպես ասացի, հետևյալ կերպ, որ ԼՂ վերջնական կարգավիճակը որոշվում է ԼՂ բնակիչների ազատ կամարտահայտությամբ, որն ունի պարտադիր իրավական ուժ, և որի օրակարգը ոչնչով չէր սահմանափակվում։ Այս վերջին պարբերությունը, վերջին բառակապակցությունը կտրականապես Ադրբեջանին չէր բավարարում, ինչո՞ւ, որովհետև առաջին երկու ձևակերպումները տեղավորվում էին իր Սահմանադրության շրջանակներում, բացի դրանից՝ վերջում Ադրբեջանը շատ հանգիստ կարող էր ասել՝ այո, ազատ կամարտահայտությամբ, որն ունի պարտադիր իրավական ուժ, բայց, հաշվի առնելով Ադրբեջանի Սահմանադրությունը, չի կարող լինել հանրաքվե՝ Ադրբեջանի տարածքային ամբողջությանը վերաբերող։ Դրա համար մտածվել էր հետևյալ գաղափարը, որ Ադրբեջանի հետ ստորագրվի փաստաթուղթ՝ առանց այս վերջին իմ ասած մտքի՝ «օրակարգը ոչնչով չի սահմանափակվում», դրան անմիջապես զուգահեռ ունենալ համանախագահ երկրների հայտարարությունը՝ այս պարբերությամբ հանդերձ և ողջամիտ ժամկետներում ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը՝ համանախագահների հայտարարության հիման վրա։
-Այդ պայմանավորվածությունը ե՞րբ է ձեռք բերվել։
-Այդ պայմանավորվածությունը մենք ունեինք արդեն 2016-ի աշնանը՝ Ապրիլյան պատերազմից հետո։ Այսինքն՝ սրանով ևս մեկ անգամ հերքվում է այն հիմար միտքը, որ Ապրիլյան պատերազմի արդյունքներով մենք իբր պայմանավորվել էինք հենց այնպես Ադրբեջանին վերադարձնել յոթ շրջան։ Մենք, չեմ բացառում, որ երբևէ կհրապարակենք այդ նախագծերը։ Ես ուղղակի ուզում եմ միշտ մնալ կոռեկտության սահմաններում․ կոռեկտության սահմաններում ոչ թե այն մարդկանց հանդեպ, որոնք իրենց համարում են ինձ օպոնենտ, այլ համանախագահների հանդեպ։ Համբերությունը միշտ բերում է բարի արդյունքներ, լավ արդյունքներ, և ես 2,5 տարի չէի ասում՝ չէ՞ որ մենք մինչև 2018-ը ինչի մասին էինք բանակցում, չէի հակադարձում, բայց եկավ ժամանակը, և ռուսական կողմը պաշտոնապես, ոչ թե հարցազրույցի տեսքով, այլ պաշտոնապես, ԱԳՆ կայքում տեղադրեց այն, ինչ բոլորը...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը