12 02 2021

Լիա Իվանյան. Դավաճանին պատժե՞լ, թե դավաճան չասել․ Panorama. am

Լիա Իվանյան. Դավաճանին պատժե՞լ, թե դավաճան չասել․ Panorama. am

Հրապարակախոս Լիա Իվանյանը Panorama.am-ում գրում է․

«Լրահոսից տեղեկանում ենք, որ փետրվարի 11-ին խորհրդարանում առաջին ընթերցմամբ երկու նախագիծ է ընդունվել։  Մեկը՝  պետական դավաճանության համար ցմահ ազատազրկում սահմանելը, որը ներկայացրել էր ԲՀԿ-ն։ Մյուսը՝ Փաշինյանին հասցված վիրավորանքի համար քաղաքացիները կտունգանվեն 5 մլն, զրպարտության համար՝ 10 մլն դրամ։ Նախաձեռնությունը ներկայացրել էր ինքը՝ Փաշինյանը։  

Չգիտես՝ լացես, թե՞ ծիծաղես։

ՀՀ քրեական օրենսգրքում պետական դավաճանության համար նախատեսված պատժաչափը առավելագույնս խստացնելուն կողմ է քվեարկել  109 պատգամավոր։ Հիանալի է, բայց ոչի՞նչ, որ նրանցից   առնվազն սորոսականները և թրքասերներն արդեն վաստակել են պետական դավաճանի խարանը՝  իրենց ակնհայտ  ապազգային գործունեության պատճառով։ Էլ չենք խոսում կրկնակի գործակալության մեջ մեղադրված  ԱԺ խոսնակի մասին։  Ի դեպ, հիմնավոր հերքում դեռևս  չի եղել այդ առիթով հպապարակված բացահայտումների մասով։  Հետաքրքիր է իմանալ, այս օտարասերներն  ինչ-որ   հիմք ունե՞ն մտածելու, որ   առաջիկա  անխուսափելի իշխանափոխությունից հետո  մոռացվելու են իրենց դավաճանական քայլերը, միաձայն քվերակումները, նեռին ծառայելն  ու պետության հիմնասյուները քանդելը։

Ինչ վերաբերում է  նախագծին, ապա շատ լավ նախագիծ է, բայց արդյոք  այն  կկիրառվի իսկական դավաճանների նկատմամբ, թե՞ գլխիվայր շուռ տված մեր իրականության մեջ  արդեն սովորական դարձած սցենարով դավաճան կկարգվեն ազգ ու հայրենիքի իրական զինվորները։

Կասկածն ավելի է խորացնում միաժամանակ ներկայացված նիկոլական նախագիծը․․․ ի՞նչ է նշանակում չվիրավորել մեկին, ով   կոտորեց պայծառ տղերքին, հանձնեց Արցախի 73 տոկոսը, հիմա էլ հանձնում է Սյունիքը,   երկիրը կառավարում է թշնամու շահերին համահունչ։ Բա ոնց չասես՝ միայն պետական դավաճանն այսպես կվարվի։

Հատկապես նոյեմբերի 10-ից հետո ողջ աշխարհն է համակարծիք, որ եղել է դավաճանություն․ վիճահարույց է միայն այն հարցը՝ արդյո՞ք դա  եղել է գիտակցված, թե անգիտության-ապաշնորհության հետևանք։ Է՛հ, չենք ասի դավաճան, բայց հո ակներև է , որ սույն անձը Հայաստանում  և Արցախում չի կարող ազատ տեղաշարժվել առանց մեծաթիվ ոստիկանների ուղեկցությամբ․․․ բա  օդից ո՞նց պիտի քերեք-հանեք դավաճանից տարածվող գաղջահոտը։

Պատերազմը սկսվելուն պես արգելվեց այլ կարծիք հայտնելը, բացի պաշտոնականից։ Տեսա՞նք չէ, ինչ աներևակայելի չափի խաբեության զոհ դարձանք։ 44 օր գիտակցաբար խաբեցին հասարակությանը՝ աջ ու  ձախ տուգանելով ճշմարտությունն ասել փորձողներին։ Հիմա էլ Սյունիքի մասով  են սահմանափակում ազատ հրապարակումները․ ի՞նչ է նշանակում ՝ ԱԱԾ-ն պետք է իրավունք տա լրատվամիջոցին՝  Սյունիքի մասին նյութ պատրաստելու  համար։  Հո օտարի տարածք չի՞․․․ Թե՞ արդեն այդպիսին է,  բայց մենք չգիտենք։

Բռնապետությունը   պոզով-պոչով չի լինում։  Արդեն լավ էլ բռնապետական երկիր ենք դարձել՝  օրենքի ընտրողաբար կիրառման, խոսքի իրավունքի,  մարդու ազատությունների սեփական կարծիքն արտահայտելու կամայական սահմանափակումների առումով։

Այդուհադերձ, ակնհայտ է, որ բոլոր եղած և սպասվելիք սահմանափակումները բխում են վարչախմբի վախերից․ իշխանությունը կորցնելու և անխուսափելի պատասխանատվության առաջ կանգնելու վախերից։ Եվ քանի դեռ իրենց ձեռքին են իշխանական  լծակները՝ փորձելու են աշխատանքի իմիտացիա ստեղծելով երկարաձգել աթոռներին մնալը։

Տեսնենք, թե առաջին ընթեցմամբ ընդունված նախագծերից որը  օրենք կդառնա՝ պետական դավաճանին ցմահ ազատազրկե՞լը, թե պետական դավաճանին դավաճան  ասելն արգելելը։ Դրանից էլ կերևա, թե այս խորհրդարանում խելքը գլխին քանի մարդ կա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ