11 02 2021

Գերիների վերադարձի հարցի օպտիմալ լուծումը փոխանակումն է «բոլորը՝ բոլորի դիմաց» ձևաչափով. Զախարովա

Գերիների վերադարձի հարցի օպտիմալ լուծումը փոխանակումն է «բոլորը՝ բոլորի դիմաց» ձևաչափով. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի շրջանակներում անդրադարձել է գերիների վերադարձի շուրջ քննարկումներին և ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղում հուշակոթողների պղծման մասին հարցին:

 

«Ինչ վերաբերում է հայ ռազմագերիների վերադարձի հարցին, ապա մենք աշխատում ենք և՛ ադրբեջանցի, և՛ հայ գործընկերների հետ, այդ թվում՝ հակամարտության գոտում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի գծով: Ընդհանուր առմամբ, ելնում ենք այն հանգամանքից, որ տվյալ հարցի օպտիմալ լուծումը փոխանակումն է «բոլորը՝ բոլորի դիմաց» ձևաչափով»,- ասել Զախարովան՝ հիշեցնելով, որ օրեր առաջ ռուս խաղաղապահ ուժերի միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման հերթական գործընթացը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում Հայրենական մեծ պատերազմում ընկածների հիշատակին նվիրված հուշարձանի պղծմանը՝ դիվանագետը նշել է, որ «հուշարձանի ցանկացած պղծում անթույլատրելի է, իսկ երբ խոսքը վերաբերում է Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշակոթողի մասին, չի կարող այլ դիրքորոշում լինել»:

 

«Երբ ստացել ենք այդ տեղեկությունը, կապ ենք հաստատել մեր ադրբեջանցի գործընկերների հետ, որոնք վստահեցրել են, որ վանդալիզմի դրսևորումը, հուշարձանների պղծումը արձանագրվել է Ադրբեջանի կողմից, հետաքննություն է անցկացվում, և վանդալիզմի դրսևորման մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»,- հավելել է Զախարովան:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ