Կարո՞ղ է գալ նոր կառավարություն և վերսկսել պատերազմը․ եթե մեկն այդպիսի բան անի, ուրեմն խելագար է՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ գյումրեցիների հետ հանդիպմանը ներկայացնելով, թե ինչ պիտի անի նոր կառավարությունը։
«Ներկա պայմաններում պատերազմ վերականգնելը դա խելագարություն է։ Առնվազն 2-3 տարի պետք է, որպեսզի բանակը մի քիչ գոնե ոտքի կանգնի։ Դրա համար ցանկացած պատերազմ մեզ համար հիմա անցանկալի է։ Էլ չեմ ասում, որ Հայաստանն ու Արցախը երբեք իրենց նախաձեռնությամբ պատերազմ չեն սկսել․ դիմացինը պատերազմ է սկսել, մենք հաղթել ենք կամ այս անգամ պարտվել ենք։ Բայց մեր կողմից չէ, որ պիտի պատերազմ սկսվի։ Սա գլխներիցդ հանեք, որ պատերազմ ենք սկսելու։ Մենք շատ բանի կարող ենք հասնել, կարող ենք հզորանալ, բայց այս պահին մտածել պատերազմի մասին անհեթեթություն է»,-վստահեցրեց Վազգեն Մանուկյանը։
Նա նշեց, որ պետք է վերցնեն և քննարկեն եռակողմ հայտարարությունը և պահանջեն, որ առաջին կետը կատարվի՝ Կուբաթլուի և Զանգելանի մոտ զորքերը որտեղ կանգնած էին, այնտեղ էլ մնան, ոչ թե Սյունիքի դեմ կանգնեն։
Ապա 8-րդ կետը՝ գերիների վերադարձի մասին, ըստ նրա, պարտադիր պիտի կատարվի։
Հաջորդ անելիքը Արցախի հարցը նորից մտցնելն է ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո բանակցությունների օրակարգ։
«Նախևառաջ Արցախի ամբողջությունը պետք է ապահովել՝ իբրև Արցախն առանին միավոր և շարունակել բանակցություններն իբրև Արցախն առանձին միավոր։ Եռանախագահները դրանում շահագրգռված են, Ադրբեջանը՝ ոչ։ Ուրեմն մեզ սպասվում է բավականին մեծ քաղաքական պայքար»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Անվտանգության խնդիրը լուծելու համար, նրա խոսքով, պետք է շտապ՝ 2-3 տարում կարողանալ վերականգնել բանակը։
«Ես ձեզ ասեմ՝ առանց Ռուսաստանի․․․ մեր խաղաղությունը հիմա պաշտպանում է Ռուսաստանը, ես չգիտեմ, եթե Ռուսաստանը չլիներ, ինչ կանեին Ադրբեջանը կամ Թուրքիան։ Ռուսաստանը նաև միակ այն երկիրն է, որտեղից զենքը կարող ենք կամ ձրի վերցնել, կամ շատ էժան գնել և արագ ոտքի կանգնել։ Տարիների ընթացքում մեր ընդհանուր շահերը համընկնելու են»,-ասաց ՎԱզգեն Մանուկյանը։
Նա նշեց, որ Ռուսաստանին էլ է ձեռնտու, որ մենք հիմա ոտքի կանգնենք, բայց ոչ Նիկոլի միջոցով․ նրա հանդեպ արհամարհանք կա՝ վստահեցրեց Մանուկյանը։
Անվտանգության հետ միասին, նրա խոսքով, պետք է ներքին անվտանգությունն էլ ապահովենք։
«Մենք ուշադրություն չդարձրինք, երբ արտասահմանյան ֆոնդերով սկսեցին ֆինանսավորել մեր երիտասարդներին։ Ու մեկ էլ կամաց-կամաց պարզվեց, որ երիտասարդները մտածում են լրիվ ուրիշ ձևի։ Եվ հիմա Հայաստանում մենք ունենք երիտասարդության մի շերտ, որը գնաց պատերազմում զոհվելու և երիտասրադության մի շերտ, որի համար «հայրենիք» բառը ոչ մի արժեք չունի»,-ասաց նա։
Բացասական այս երևույթի դեմն առնելու համար, նրա խոսքով, պետք է ընդունել օրենքներ, բայց դա չի նշանակում բոլոր կազմակերպությունները փակել, այլ ունենալ օրենք՝ ինչ կազմակերպություններ իրավունք ունեն այստեղ ֆինանսավորվելու։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը