23 12 2020

Սիսիանն ունի 30 486 բնակիչ, որից վարչապետի հետ հանդիպմանը ներկա է եղել առավելագույնը 400-ը՝ 1,5 տոկոս․ Սիսիանի քաղաքապետ



Անարդարություն է տեղի ունենում մեր երկրում։ Այսօր Քաջարանի քաղաքապետը գտնվում է Քննչական կոմիտեում, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ժամը 5-ին ներս կհրավիրվի։ Առուշանյանի գործը, որ այսօր պետք է քննվի, հարուցվել է դեռևս 2 տարի առաջ։ Ես՝ որպես Սիսիան համայնքի ղեկավար, կողմնակից եմ արդարությանը, եթե Առուշանյանը հանցանք էր գործել, պետք է երկու տարի առաջ կալանավորվեր։ Այս մասին Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը։

«Մանվել Փարամազյանին առնչվող, մեծ աղմուկ հանած գործն էլ եղել էր 6 ամիս առաջ, նա այդ ժամանակ վկայի կարգավիճակ էլ չի ունեցել, իսկ այսօր արդեն մեղադրանք է առաջադրվել»,-նշեց նա։

Նա նաև անդրադարձավ վարչապետի Սյունիքի մարզ այցին․

«Երբ Փաշինյանը եկավ Սյունիք, կարող էինք փակել հենց Սիսիանի մուտքը, որ նա չմտներ, բայց միտումնավոր թողել ենք, որ մտնի։ Հիմա, որ բոլորը հիացած են այդ հանդիպումից, նկարները կան, կարող եք հաշվել՝ քանի հոգի են եղել։ Եղել է 280 հոգի, որից 80-ը՝ վարչապետի անվտանգությունը, բայց վարչապետին զեկուցած տվյալներով՝ 400 մարդ է եղել։ Հաշվենք՝ այդպես է, Սիսիանն ունի 30 486 բնակիչ, 24 000 ընտրող, որից վարչապետի հանդիպմանը ներկա են եղել 400-ը՝ 1,5 տոկոս։ Եթե վարչապետի համար 1,5 տոկոսը ողջունելի է, մենք էլ ենք ողջունում։ Ես՝ որպես համայնքի ղեկավար, եթե իմանայի՝ այդքան քիչ մարդ է գալու, իմ համակիրներին կհրավիրեի այնտեղ, որ գոնե 2 տոկոս լիներ»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ