21 12 2020

Թշնամին դիմացդ է, իսկ դրանք՝ քո թիկունքում, ու թիկունքիցդ են խփում․ Սպարտակ Սեյրանյան

Թշնամին դիմացդ է, իսկ դրանք՝ քո թիկունքում, ու թիկունքիցդ են խփում․ Սպարտակ Սեյրանյան

ՀՅԴ անդամ Սպարտակ Սեյրանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քանի դեռ չենք ուզում ընդունել դառը ճշմարտությունը, կապրենք քաղցր ստի մեջ։ Ինքնախաբեությամբ պետք չէ զբաղվել․ այդ տեսակը նոր չի առաջացել, ոչ էլ երկուս ու կես տարի առաջ։ Միշտ եղել է․ հազար տարի առաջ, հարյուր տարի առաջ։ Երեսուն տարի առաջ դրանք ասում էին․ «Մեր ինչին է պետք Արցախը», հետո ասում էին․ «Արցախը տանք՝ պրծնենք», հիմա ասում են․ «Լավ էր, տվինք՝ պրծանք»։ Ասում էին «Արցախը թող արցախցիները պաշտպանեն», հիմա ասում են «Սյունիքը թող սյունիքցիները պաշտպանեն»։

Այո, ասում են ու դեռ ինչեր են ասելու։ Ձևեր մի թափեք, թե չեք լսում, ձեզ մի մխիթարեք, թե դրանք եզակի դեպքեր են։ Հոգնակի են։ Պարզապես նախկինում դրանք կիսաբերան էին ասում, հիմա՝ բարձրաձայն։ Պարզապես նախկինում դրանք պետության վրա ազդելու հնարավորություն չեն ունեցել, հիմա՝ ունեն։ Հիմա պետությունն իրենք են ու դրա համար էլ պետություն չունենք։

Պարզապես նախկինում դրանց ուզեցել են ու կարողացել են օգտագործել, բայց չեն էլ մտածել հենվել դրանց վրա։ Հիմա համ օգտագործում են, համ էլ հենվում են։ Հիմա դրանք իշխանության ամենահավատարիմ հենարանն են։ Որովհետև իշխանությունն ու դրանք նույն «նյութից» են, նույն «որակն» են, նույն տեսակն են։ Ու այդ տեսակը ներքին ոչ մի տարանջատում չունի՝ ոչ կրթական, ոչ տարիքային, ոչ ունեցվածքի, ոչ էլ՝ որևէ այլ։ Դրանց դեպքում կապ չունի քանի դասարան կամ քանի համալսարան են ավարտել, կապ չունի որտեղ և որպես ինչ են աշխատել կամ աշխատում։ Դա նույն անազգ ու անհայրենիք, անաստված ու անմշակույթ, անինքնասեր ու անբան, պոռոտախոս ու դատարկամիտ, խարդախ ու «գցող», դասալիք ու վախկոտ, անտարբեր ու անպատասխանատու, չար ու նախանձ, անմիտ ու մեծամիտ, անինքնասեր ու օտարասեր, չտես ու անկուշտ, նենգ ու բամբասող, չմահավան ու ինքնահավան զանգվածն է, որը դարերի ընթացքում ոչ մի կապ չի ունեցել ու հիմա էլ չունի ազգի ոչ պատմության, ոչ մշակույթի, ոչ հավատքի, ոչ ձեռքբերումների, ոչ հաղթանակների հետ։ Դրա համար էլ այդ ամենի ոչ արժեքը գիտի, ոչ էլ այդ ամենն իր համար արժեք կարող է դառնալ։ Ու դրանք իրենց կերպարով ու նմանությամբ էլ իշխանություն են ուզել միշտ։ Ու հիմա ունեն։

Ու կապ չունի, թե որտեղ են դրանք ապրում՝ Երևանում, Լոսում, Մոսկվայում, Փարիզում։ Որովհետև ամենուրեք ապրում են նույն կյանքով, նույն կենցաղով, նույն արժեհամակարգով՝ հոգու նույն դատարկությամբ։ Ու կապ չունի, թե ինչ լեզվով են խոսում կամ գրում՝ որովհետև կապ չունի, թե ինչ լեզվով են հայհոյում կամ անիծում, ինչ լեզվով են սուտ կամ ատելություն տարածում։ Ու վճարն էլ ամենուրեք նույնն է՝ 30 արծաթին համարժեք դրամ, դոլար, ռուբլի, եվրո, մանաթ․․․

Ես չգիտեմ՝ դրանք շատ են, թե քիչ։ Բայց գիտեմ, որ դրանք ազգի ու պետության գոյության ու զարգացման ամենավտանգավոր խոչնդոտն են։ Պարզապես թշնամին դիմացդ է, իսկ դրանք՝ քո թիկունքում, ու թիկունքիցդ են խփում։ Ու ասեմ նաև, որ դրանք իրենցից տարբերվողներին ատում են, գուցե ավելի, քան թշնամին է ատում մեզ։

Հիմա Հայաստանում իշխանության համար պայքար չէ, այլ տեսակների պայքար։ Որ տեսակը կհաղթի, այդպիսի պետություն էլ կունենանք։ Ավելի ճիշտ, կամ պետություն կունենանք կամ չենք ունենա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ