19 12 2020

Սյունիքի մարզի տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել․ Նիկոլ Փաշինյան



 

«Ինչպես արդեն ասել էի նախկինում, այս օրերին Սյունիքի հատվածում սահմանների ճշգրտում է տեղի ունենում, ավելի ճիշտ՝ Հայաստանի զինված ուժերը, սահմանապահ ուժերը տեղակայվում են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին: Սա, իհարկե, որոշակի փոփոխություններ է բերում մեզ ծանոթ միջավայրում, ստեղծում որոշակի բարդություններ եւ անհարմարություններ: Առավելեւս՝ ստեղծում է էմոցիաներ: Ու նույնիսկ գնահատականներ են հնչում, թե տեղի ունեցողը Սյունիքի հանձնում է, կամ սպառնում է Սյունիքի կորստով։ Իրականությունը, սակայն, ուղիղ հակառակն է. այս ամենը արվում է՝ Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու, երաշխքիներն ամրապնդելու համար»,- ուղերձում ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, այս ամենի արդյունքում կարող են ծագել տրանսպորտային, լոգիստիկ բարդություններ, մեր որոշ ճանապարհների անխափան գործունեությունը կարող է դժվարանալ, բայց դրանք լուծելի հարցեր են, եւ դրանց ուղղությամբ մենք ջանքեր ենք գործադրում, այդ թվում՝ եռակողմ փաստաթուղթ ունենալու միջոցով: Նաեւ՝ պատրաստվում եմ մեկնել Սյունիքի մարզ, տեղում ծանոթանալ իրավիճակին ու փարատել սյունեցիների բոլոր մտավախությունները։ Եւ համոզված եմ՝ կկարողանամ դա անել, առավելեւս խորհրդապահական ֆորմատով քննարկումների ժամանակ: Հիմա, սակայն, ուզում եմ կրկնել՝ Սյունիքի մարզի տարածքից, Սյունիքի՛ մարզի տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել, ինչպես Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել: Սրանում կարող եք համոզված լինել, եւ հակառակի մասին որեւէ պնդում իրականությանը չի համապատասխանում պարզապես»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ Սյունիքի մարզի մի շարք բնակիչներ «սահմանների ճշգրտման» արդյունքում դարձել են տնանկ, դեկտեմբերի 18-ին այրում էին իրենց տներն ու դպրոցը, քաի որ այն անցնում էր թշնամուն, մի քանի գյուղ զրկվել են վարելահողից ու արոտավայրերից: Սակայն, ըստ Փաշինյանի, որևէ միլիմետր չենք զիջել։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ