Տնտեսագետ Հարություն Իսպիրյանը գրում է.
«Ինձ թվում էր` ամեն ինչ բոլորի համար է ակնհայտ: Ակնհայտ է, թե ինչու պետք է հրաժարական տա: Բայց, արի ու տես, որ այդպես չէ: Ինչն էլ ստիպում է ինձ երկար լռությունից հետո մի բան գրել, օգնել իմ ընկերներին` հասկանալու իրավիճակը, օգնելու լինել ավելի համարձակ:
Մի սպասեք ստորև սուր, կոպիտ, վիրավորական մտքեր, ինչպես այսօր բոլորն են անում իրար հերթ չտալով. ը
նդամենը իմ սառը դատողություններն են: Ի դեպ, ես բառիս բուն իմաստով զզվում եմ երկար տեքստերից. բայց կներեք. կարծես, մի փոքր երկար է ստացվում. Անցնենք հարցերով. - Նախ` հիմնական հարցին, թե ինչու պետք է գնա, պատասխանելու համար պատճառներ փնտրել պետք չէ: Փորձեք գտնել 2-3 լուրջ պատճառ, թե ինչու պետք է մնա: Չստացվե՞ց: Վստահ եմ` ոչ:
- Իսկ, միգուցե, ինչ եղել, եղել է և արդեն ու՞շ է: Այո, ի հեճուկս իմ ցանկության՝ ինքը պետք է նոյեմբերի 10-ին խոսեր իր հրաժարականի մասին և անցնցում կազմակերպեր այն: Չարեց դա: Սակայն չարեց և չի կարողանում անել ի նպաստ իրեն էլի շատ բաներ. չհամախմբեց ժողովրդին, երկրի անվտանգությունը բարձրացնող որևէ քայլ չձեռնարկեց: Ապիկարություն:
- Իսկ գնալն ի՞նչ կտա մեզ: Կվերցնի պարտության գիտակցման ծանր բեռը հայ ժողովրդի ուսերից ու կգնա: Շատերը չեն հասկանում, թե դա ինչ է. բայց դա է լինելու ազգի ոտքի կանգնելու և առաջ շարժվելու գրավականը, այլապես այս թմբիրից մենք դուրս չենք գալու:
- Իսկ եթե չգնա, ի՞նչ կարող է լինել: Եղել է արդեն: Մեր` Հայաստան երկիրը կորցրել է պետականությունը: Ընդամենը հույս կա վերականգնելու: Այս կետը նորից կարդացեք ու մտածելով:
- Արդյո՞ք ես կողմնակից եմ հների վերադարձին: Կներեք, ես այս պահին թքած ունեմ, թե ով կգա իշխանության: Իմ կշեռքի մի նժարին դրված է պետականության վերականգնման հույսը, մյուսին՝ թեկուզ ինձ համար մշտապես անընդունելի, զզվելի կոռուպցիոներների ետվերադարձը: Բոլոր անձինք էլ ժամանակավոր են, բայց պետականության կորուստը կարող է էլի 1000 տարով լինել:
- Իսկ ովքե՞ր են ակտիվ բողոքողները, ես ի՞նչ կապ ունեմ այս ամենի հետ: Անկեղծ, չի հետաքրքրում ովքեր են ամբիոնին, ում ձեռքում է բարձրախոսը: Միայն կարող եմ ասել, որ նոյեմբերի 9-ի գիշերը զայրույթից հայտնվել եմ Հանրապետության հրապարակում, դրանից հետո մասնակցել եմ մի քանի հանրահավաքների, մոմավառության և արժանապատվության երթերին: Կնոջս հետ: Առանց որևէ մեկի հրավերի և առաջարկի: Վստահ եմ` ինձ նման շատ մարդիկ կան:
- Բոլորն էլ մեծ-մեծ խոսում են, ի՞նչ կարող էր անել խեղճը: Այո, պոստֆակտում շատ հեշտ է խոսելը, սակայն մեծամտաբար հավատացնում եմ` բոլոր դրվագներով էլ ասել եմ, թե ինչ կանեի ես, և վստահ եմ` պետական կառավարումից հեռու անձս այդքան սխալներ չէր անի: Ցավոք:
- Արդյո՞ք մտածում եմ, որ, միգուցե, սխալվում եմ վերոնշյալում: Իհարկե, մտածում եմ, և, իհարկե, կա սխալվելու հավանականություն, քանի որ երկրում նման համընդհանուր բարդակ կարող էր ստեղծել միայն հանճարը: Իսկ եթե լուրջ, ապա երեկ 1.5 ժամ նայել եմ իր հարցազրույցը, հետևել ամեն շարժմանը, բառին: Վստահ եմ, որ օր առաջ պետք է գնա: Ի դեպ, առաջարկում եմ դա անել դեկտեմբերի 22-ին՝ նվաստիս նվեր անելով: Իմ ընկեր, եթե հասկացար` որտեղ ենք հայտնվել ես ու դու, ուրեմն որոշիր ինչ անել, միայն թե մի լռիր: Իսկ եթե չես հասկացել, կամ չգիտես` ինչ է պետականությունը, կամ «ի հեճուկս», «ապիկար», «թմբիր» բառերի իմաստը, ուրեմն սուսուփուս անցիր. գնա այն ուղղությամբ, ուր կուղղորդեն հետևիցդ քեզ քշողները:
Հ.Գ. նկարում Նիկոլի Հայաստանում ծնված և հուսով եմ` «առանց Նիկոլ Հայաստանում» մեծացող իմ Եվան է` Սյունիքում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը