«Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի հետ զրույցում անդրադարձել ենք հետպատերազմյան իրավիճակին, զինհաշմանդամներին ու նրանց խնդիրներին։ 44-օրյա պատերազմի հետևանքով 10-12 հազար վիրավոր զինծառայողի մասին է խոսվում, պաշտոնական տվյալները դեռևս չկան, Կառավարությունը խուսափում է թիվ հրապարակել:
«Մարդը, ով նոր է ձեռք բերել հաշմանդամի կարգավիճակը, նա չգիտի՝ ինչ է սպասվում իրեն, ինչ է անհրաժեշտ, որպեսզի ադապտացվի իր նոր վիճակին, նա սթրեսի մեջ է և պարտավոր չէ Սոցապնախարարության ֆեյսբուքյան էջը կարդալ, որ հասկանա՝ ինչ պրոթեզներ կամ օրթեզներ են իրեն պետք, որքան է տևելու վերականողական շրջանը:
«Եվ իսկապես՝ ինչո՞ւ պետք է ինքը դիմի, ու՞մ դիմի․ իրականում պետությունն ինքը պետք է իր կայացած կառուցակարգերի միջոցով փնտրի և գտնի մերօրյա հերոսներին, չէ՞ որ նրանք զորակոչով կամ զորահավաքով են հասել ռազմաճակատ, վիրավորումից հետո անցել են բկ-ներով: Հետևաբար, խստապահանջ ու հետևողական պաշտոնյա լինել էր պետք այս շղթայով պոտենցյալ զինհաշմանդամներին հայտնաբերելու և նրանց համալիր կարիքների գնահատման ենթարկելու համար»,- այսպես պարզորեն իրավիճակը վերլուծում է Արմեն Ալավերդյանը և փաստում, որ սոցապնախարարությունը թերացել է այս ամբողջ ընթացքում:
«Պետությունը բավարար չափով կանգնած չէ մերօրյա հերոս զինհաշմանդամների կողքին։ Հասկանում եմ՝ նաև ֆինանսական մեծ բեռ է սա, բայց էլ ո՞ւմ համար, եթե ոչ զինհաշմանդամների վերականողական խնդիրներին պետք էր ուղղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակությունները: Ռեաբիլիտացիոն գերժամանակակից սարքավորումներ են պետք մեր հերոսներին, ամենալավ պրոթեզների ու օրթեզների հարցը պետք է լուծվի նրանց համար, նրանք արժանի են լավագույնին: Սա հրատապ լուծում պհանջող խնդիր է, Կառավարությունը չպետք է թողնի ապագային, իսկ հիմնդրամում գումարները դեռևս կան, հարկավոր է այս միջոցներն ուղղել մեր հերոսների ռեաբիլիտացիային»,-պետությանն իր անելիքների մասին հիշեցնում է Արմեն Ալավերդյանը:
Հաշմանդամության խնդիրներով տասնամյակներ զբաղվոր առաջատար կազմակերպության ղեկավարը խիստ դժգոհ է հեղափոխական նախարարների գործելաոճից, անկեղծորեն խոստովանում է, որ խզվել է իր կապը հատկապես իրենց համայնքի ներկայացուցիչ Զառա Բաթոյանի պաշտոնավարման շրջանում․ «Մի մասը, ովքեր «դոստ» էին 2018-ից եկած այս խմբակի հետ, այդ կազմակերպություններն էլ սերտացրին իրենց համագործակցությունը սոցապնախարուրթյան հետ: Ես «դոստ» չէի Զառա Բաթոյանի հետ, ես «դոստ» եմ միայն իմ կնոջ հետ (կատակում է): Բաթոյանի հետ չի ստացվել համագործակցություն, որքան էլ նա եղել է մեր համայնքից և լավ էր ահսկանում հաշմանդամություն ունեցողների սոցիրավունքների իրացման բարդություները, չնայած նախկին նախարար Մանե Թանդիլյանի հետ էլ մի անգամ փորձեցի խոսել՝ նախկինում կառավարության հետ ծառայությունների մատուցման ֆորմատով աշխատանքների շուրջ, բայց նա այդպես էլ 15 րոպե ժամանակ չտրամադրեց»,- զուսպ, բայց տողատակերում խիստ կարևոր ինֆորմացիա փոխանցելով՝ Yerevan.Today-ին պատմում է Ունիսոն ՀԿ ղեկավարը:
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը