Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտել են նախկինում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործության հերթական դեպքը:
ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնատար անձինք, ինչպես եւ տարածքային ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող սոցիալական աջակցության տարածքային բաժինների պետեր, համագործակցելով բարեգործական հասարակական կազմակերպություններից մեկի տնօրինության հետ, ելնելով խմբային շահերից եւ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` խախտել են կառավարության որոշմամբ սահմանված պահանջները, ինչի հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:
2015-2018 թվականներին «Մարզերում միայնակ տարեցներին, հաշմանդամներին տնային պայմաններում եւ ցերեկային խնամքի կենտրոններում սոցիալական սպասարկում» ծրագրի շրջանակներում մոտ չորս հազար անձի ծառայություններ մատուցելու նպատակով պետբյուջեով հատկացվել է տարեկան 200 միլիոն դրամ: Որպեսզի ծրագրի ծավալները չկրճատվեն` յուրաքանչյուր տարի ծրագրում ներգրավվել է 900-1100 անձ, որոնց տվյալները չեն համապատասխանել սահմանված չափորոշիչներին: Այսպիսով, երեք տարում, ընդհանուր երեք հազար շահառուի հաշվարկով, հանցավոր արարքների հետեւանքով, պետական բյուջեից հավելյալ հատկացվել է 180 միլիոն դրամ:
Փաստերի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե` նախաքննության:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը