«Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը վայր է դրել պատգամավորական մանդատը: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես արդեն տեղեկացրել էի` պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել, որի հաստատման ժամկետը լրանում է այսօր, սակայն ես մնում եմ իմ որոշմանը հավատարիմ։ Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել կառավարությանը, ԱԺ աշխատակազմին, «Իմ քայլը» խմբակցության և ընդդիմադիր իմ գործընկերներին համատեղ և արդյունավետ աշխատանքի համար։ Ինչպես նաև ժողովրդին` իրենց վստահության քվեի համար։ Խոստանում եմ, որ մանդատի վայր դնելն ինձ համար իմ հայրենիքին ու ժողովրդին ծառայելու նոր քայլ է, որը վստահ եմ` կլինի արդարացված։ Մենք դեռ շատ անելիքներ ունենք...
Լինենք միասնական»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության, Լոռու մարզից ընտրված պատգամավոր Արամ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից և աշխատանքը կշարունակի գործադիրում՝ առանց հստակեցնելու, թե ինչ պաշտոն է ստանձնելու։ Ըստ շրջանառվող տեղեկությունների հենց նա է դառնալու Լոռու մարզպետ:
Իսկ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը վաղը հրաժարական կտա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը