Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրում է․
«Քիչ առաջ վերադարձա Շուշիի շրջանի Մեծ շեն ու Հին շեն գյուղերից, որտեղ այցելել էի տեղում հասկանալու համար իրավիճակն ու մեր քաղաքացիների իրավունքներին սպառնացող վտանգները:
Ադրբեջանական զինված ուժերի գործողություններն ակնհայտորեն ոչ միայն խախտել են քաղաքական ամենաբարձր մակարդակի պայմանավորվածությունները, այլ նաեւ կենսական սպառնալիքներ են հարուցել հատկապես Հին շեն գյուղի բնակչության, ներառյալ՝ մի խումբ երեխաների ու կանանց ֆիզիկական անվտանգության համար: Մինչեւ հիմա այդ վտանգները շարունակում են գործել՝ պայմանավորված ադրբեջանական զինծառայողների զբաղեցրած դիրքերով ու ցուցաբերած վարքով: Ողջունելի է, որ Պաշտպանության բանակի եւ ՌԴ խաղաղապահ զորակազմի որոշ ստորաբաժանումներ տեղում վերահսկում են իրավիճակը, ինչի շնորհիվ որեւէ միջադեպ չի արձանագրվել: Սակայն ավելի լուրջ ջանքեր են անհրաժեշտ խնդիրը կարգավորելու եւ ադրբեջանական զինծառայողներին Արցախի այդ բնակավայրերից դուրս մղելու համար:
Իրավիճակը ներկայացրել եմ Հանրապետության ղեկավարությանը եւ ստացել հավաստիացում, որ Արցախի ու Հայաստանի իշխանությունները ռուսական կողմի հետ համատեղ աշխատում են խնդիրն արագ կարգավորելու ուղղությամբ:
Արցախի յուրաքանչյուր բնակչի անվտանգությունը պետք է երաշխավորված լինի անվերապահ կերպով»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը