14 12 2020

Սամվել Բաբայանը շատ հետաքրքիր հայտարարություն է արել գործ հարուցելու համար. Մովսես Հակոբյան․ 168.am

Սամվել Բաբայանը շատ հետաքրքիր հայտարարություն է արել գործ հարուցելու համար. Մովսես Հակոբյան․ 168.am

168.am-ը գրում է․ ««Իր ասածները քրեական գործի նյութ է, պետք է քրեական գործ հարուցեն եւ սկսեն հետաքննելը»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի երեկվա հարցազրույցին, որտեղ Բաբայանը որոշակի մանրամասներ էր հայտնել պատերազմական գործողությունների վերաբերյալ, ինչպես նաեւ մեղադրանքներ էր հնչեցրել Մովսես Հակոբյանի վերաբերյալ:

«Շատ հետաքրքիր հայտարարություն է արել՝ քրեական գործ հարուցելու համար: Շատ ճշմարիտ, հետաքրքիր նյութեր է հրապարակել, որը քրեական գործ հարուցելու համար բավարար հիմքեր են, կարծում եմ՝ դատախազությունը քրեական գործ կհարուցի»:

Մովսես Հակոբյանից նաեւ հետաքրքրվել են, թե իր հայտնի ասուլիսից հետո, ՀՔԾ հրավիրվելուց բացի,  իր մասնակցությամբ այլ  քննչական գործողություններ, հարցաքննություն եղե՞լ են, ինչին նա բացասական պատասխան տվեց:

Հիշեցնենք, որ երեկ համացանցում հայտնվեց Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հարցազրույցը, որի ընթացքում նա որոշակի մանրամասներ էր  հայտնել պատերազմի եւ մեր ձախողումների մասին: Նա նշել էր, որ միայն պատերազմի առաջին 15 րոպեների ընթացքում հայկական կողմը կորցրել էր հակաօդային ուժերի՝ 50, հրետանու՝ 40 տոկոսը: Նույն հարցազրույցի ընթացքում Բաբայանը խոսել էր նաեւ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի մասին՝ նշելով, որ ինքն առաջարկել է ստեղծել առանձին կառավարման կետ, որը պետք է ղեկավարեր Մովսես Հակոբյանը, սակայն վերջինը հրաժարվել է, եւ Բաբայանի կարծիքով՝  առկա իրավիճակն այդ հրաժարումի հետեւանքն է.

«Երբ որ ես առաջարկում եմ ստեղծել մի հատ առանձին կառավարման կետ, որտեղ առաջարկում եմ Մոսիին, որ ինքը գնա այդ ուղղությամբ, հետագայում ինքն իր ելույթում ասաց, քանիոր ես եմ առաջարկել, հենց դրա համար ինքը հրաժարվել է: Մարդն այդ կոչումի տակ հրաժարվում է կատարել այդ հրամանը, հիմա հարց եմ տալիս, եթե գեներալ-գնդապետ, շտաբի պետ, հրաժարվում է կատարել իրենից կախված խնդիրը, ապա կրտսեր սպայից, գումարտակի հրամանատարից, գնդի հրամանատարից ի՞նչ եք պահանջում, նրանք էլ են հրաժարվել, այս վիճակը բերել է հենց այդ հրաժարումներից…»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ