10 12 2020

Խորհուրդ կտայի Փաշինյանին՝ չձգձգել հրաժարականը, որն արդեն անխուսափելի է դարձել․ Չալաբյան

Խորհուրդ կտայի Փաշինյանին՝ չձգձգել հրաժարականը, որն արդեն անխուսափելի է դարձել․ Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության նախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ ելույթ ունենալով Ազգային ժողովում, Կապիտուլիացիայի աղետալի համաձայնագիրը ստորագրած, բայց մինչև հիմա վարչապետի պաշտոնը համառորեն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հերթական, արդեն անհեթեթ դարձող ինքնարդարացմամբ՝ նա պնդեց, որ շարունակում է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, որպեսզի "պաշտպանի ժողովրդի ազատ ընտրությունը և ընտրողների ձայները"։

Նախ, ընտրողները այդ ձայները տվել են երկու տարի առաջ, և նրանց զգալի մասը այսօր արդեն հիասթափվել է այդ ընտրությունից, այլապես նույն այդ ընտրողներն այսօր տասնյակ հազարներով դուրս կգային փողոց՝ պաշտպանելու Նիկոլ Փաշինյանին։ Այն, որ դրա փոխարեն հազարներով փողոց են դուրս գալիս նրա հակառակորդները, ցույց է տալիս, որ ուժերի իրական հարաբերակցությունը հասարակության մեջ փոխվել է, և դա արդեն անժխտելի իրողություն է։

Երկրորդը, եթե պրն Փաշինյանը այդքան մտահոգ է ժողովրդի ձայնով, ապա պետք է հիշի, որ խոսքը գնում անձամբ իր հրաժարականի մասին, ոչ թե Ազգային ժողովի ցրման։ Մեր երկրի սահմանադրությամբ, առաջնային մանդատ ունի հենց Ազգային ժողովը, որը բոլոր դեպքերում ևս մեկ տարի կշարունակի գործել, դրանով ներկայացնելով ընտրողներին։ Բացի այդ, եթե ստեղծվում է Ազգային համաձայնության կառավարություն, նրա կազմի մեջ կարող են մտնել նաև նախորդ Կառավարության այն անդամները, որոնց գործունեության վերաբերյալ չկան հանրային վերապահումներ, դա ևս կարող է որոշակի շարունակականություն ապահովելու ձև լինել։ Եվ վերջապես, հասարակությունը հնարավորություն կունենա մեկ տարի հետո գալ և ազատ ընտրություններով իր ձայնը տալ այն քաղաքական ուժերին, որոնք այդ ընթացքում կկարողանան իրենց գործունեությամբ շահել նրա տարբեր հատվածների համակրանքը։ Ոչ մի բան չի խանգարում այս Ազգային ժողովին բարեփոխել ընտրական օրենսդրությունը, և ընտրությունները դարձնել առավելագույնս թափանցիկ և ժողովրդավարական։

Ավելին, Ազգային համաձայնության կառավարության ձևավորման ժամանակ էլ բոլոր նրան աջակցող ուժերը կարող են Հատուկ հուշագիր կնքել, որով ոչ միայն վերահաստատում են իրենց հավատարմությունը՝ մեկ տարուց անցկացնել թափանցիկ և արդար ընտրություններ, այլև դրա որոշակի երաշխիքներ և կոնկրետ մեխանիզմներ են նախանշում՝ հետագայում դրանցից որևէ կերպ չշեղվելու պայմանով։ Անձամբ ես խորհուրդ կտայի պրն Փաշինյանին՝ չձգձգել սեփական հրաժարականը, որն արդեն անխուսափելի է դարձել։ Այս հրաժարականի պահանջին միացել են ոչ միայն հիմնական ընդդիմադիր ուժերը, այլև երկրի նախագահը, երկու կաթողիկոսները, պրն Փաշինյանի նախկին բազմաթիվ դաշնակիցներ, ներառյալ նաև Ազգային ժողովում ներկայացված, արտերկրի ազդեցիկ հայկական բազմաթիվ կառույցներ և անհատներ։ Այս պայմաններում, սեփական հրաժարականը ձգձգելու և երկիրը անիմաստ անորոշության մեջ պահելու փոխարեն, շատ ավելի պատասխանատու կլիներ նույն ընտրողների առաջ՝ բանակցություններ նախաձեռնել հիմնական քաղաքական ուժերի հետ, պայմանավորվել նոր կառավարության գործունեության սկզբունքների և անհրաժեշտ երաշխիքների համակարգի մասին, և հիմա արժանապատիվ հեռանալ զբաղեցրած պաշտոնից։

Ես նաև խորհուրդ կտայի "Իմ քայլը" խմբակցության պատգամավորներին՝ գիտակցել, որ այս պայմաններում, ունենալով հեղինակազրկված և որևէ իրական ներքին և արտաքին աջակցությունից զրկված առաջնորդ, իրենք այլևս զրո հնարավորություն ունեն երկիրը ճգնաժամից դուրս բերելու, և ամեն անցնող օր ավելի է նեղացնելու իրենց իսկ հնարավորությունների դաշտը։ Ամեն գնով սեփական "մունդիրի պատիվը" պաշտպանելու փոխարեն, շատ ավելի պատասխանատու է սեփական ընտրողների առաջ՝ իրական ելքեր գտնել ստեղծված ճգնաժամից, բանակցել խելամիտ լուծումներ մնացած քաղաքական ուժերի հետ, և համատեղ ջանքերով փորձել հաղթահարել մեր երկրի առջև կանգնած աննախադեպ մարտահրավերները»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ