09 12 2020

Խորհրդարանի անփառունակ երկամյակը․ Panorama.am

Խորհրդարանի անփառունակ երկամյակը․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Ընդամենը երկու տարի առաջ՝  2018-ի դեկտեմբերի 9-ին ընտրվեց  7-րդ գումարման խորհրդարանը։ 884 849 հազար ընտրող ոգևորված ձայն տվեց  այսօրվա վարչապետի առաջարկած ցուցակին։ Արդյունքում ունեցանք 88 հոգանոց քաղաքական մեծամասնություն կազմող խորհրդարանական խմբակցություն, որի անդամների կեսից ավելիին մինչ օրս քչերն են ճանաչում։ Առանձնապես ոչինչ չենք էլ կորցրել, քանի երկու տարվա գոյությունը ցույց տվեց, որ նրանք ընդամենը իրենց ֆյուրերի ցանկություններին օրենքի ուժ տվող դակիչներն են և  գլխաքանակ ապահովող զանգված:


Երկու տարվա նրանց առանցքային նվաճումները եղան միայն  ճոխ պարգևավճարները, հակասահմանադրական պայքարը,  ապազգային օրենքների ընդունումները և Նիկոլի քմահաճույքներին ենթարկվելը։ Այսինքն՝ նրանք առանձին ու միասին  վերցրած ոչի՛նչ են․․․

Ընդամենը երկու տարում նրանք հասցրեցին տուն ու մեքենաներ գնել, արտասահմաններում շրջել, իրենց էլիտա զգալ՝ հոգում սակայն մնալով նույն գրանտակերները, ծախու գրչակները, պատվերներով փողոցային ակցիաներ անողները։ Որովհետև եթե անգամ իրենց շեֆի դեղատոմսով գլուխներում  հաղթահարել են աղքատությունը, միևնույն է գիտեն, որ ազգի ու հայրենիքի դեմ գնացողները անհոգ  կյանք չեն ունենում։ Եվ որքան էլ որ մինչև 2050 թվականի ծրագրեր մշակեն՝  հիանալի գիտակցում են, որ իրենք տեղ չեն ունենալու այն Հայաստանում, որն իրենցից հետո  է գալու։

Հատկապես նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից և դրան հետևած  պետական կառույցների դրսևորած  անտարբերության պայմաններում ծիծաղելի են իմքայլականների «անձնազոհ նվիրվածությունը» պետության և հայրենիքի  «կայունությունն ու անվտանգությունն»  ապահովելու հարցում։ Եվ չեն էլ ուզում հասկանալ, որ բոլորի աչքին իրենց  մնալը նշանակում է սկսած կազմաքանդումը մինչև  վերջ հասցնել։

Ընդամենը երկու տարում բախտի բերմամբ պատգամավոր դարձած այդ 88 անձինք լիովին  մսխեցին բնակչության վստահությունն ու հավատը,  և սպառեցին ժողովրդի անունից խոսելու լիմիտը։ Ժողովրդական  ոգեշնչման ալիքի վրա իշխանության եկած ուժը մասնակցեց  իրենց շեֆի կողմից ժողովրդին հայրենազրկելու, որդեզրկելու, կյանքից զրկելու դավաճանական ընթացքին, և ընկալվում են որպես դավաճանին սատարողներ։

Եվ որքան էլ խորհրդարանում այսօր քաղաքակիրթ  հարց ու պատասխան են ներկայցնում վարչապետի հետ, և նա էլ անմեղ դեմքով ստերի սովորական դարձած բաժինն է հրամցնում, միևնույն է՝ այս խորհրդարանը մնալու է հայոց պատմության մեջ որպես ամենաանփառունակը, ամենադիլետանտը, ամենածառայամիտը, ամենածախսատարը և ամենաապազգայինը։

Լիա Իվանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ