Politik.am-ը գրում է․
«Հայաստանի և Բելառուսիայի նախագահների խոսակցությունը, որն օրերս հայտնվեց համացանցում՝ մեծ աղմուկ բարձրացրեց։ Այս ձայնագրության միջոցով բացահայտվեց մի բան, որի մասին տարիներ շարունակ շշուկների մակարդակում խոսվում էր՝ Ադրբեջանը ցանկացել էր Հայաստանից 5 միլիարդ դոլարով գնել Արցախի հարակից 7 շրջանները։ Բայց որ ամենակարևորն էր՝ հասարակությունը ականատեսը եղավ նախագահ Սերժ Սարգսյանի արժանապատիվ կեցվածքին։
Արցախի 7 շրջանների փողի դիմաց Լուկաշենկոյի առաջարկին Սարգսյանն արձագանքում է․«Ես նրան 6 մլրդ եմ տալիս, թող հրաժարվի 7 շրջաններից»։ Եթե Ադրբեջանի համար այդ շրջանները գնելու գաղափարը այնքան լուրջ է եղել, որ այն միջնորդի միջոցով առաջարկվել է նախագահ Սերժ Սարգսյանին, ապա վստահ կարելի է ասել, որ նույն առաջարկն արվել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Պետք է նկատել, որ սրա մասին շաբաթներ առաջ որոշակի բացահայտումներ էր արել նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Իր վերջին ասուլիսի ընթացքում Վարդանյանը ասել էր․ «2019-ին արդո՞ք արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան, համարժեք երկու պաշտոնյա։ Արդյոք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել՝ որպես առաջարկ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծման։ Եւ երբ մեր պաշտոնյան բորբոքվել է, թե էս ի՞նչ ես առաջարկում, դիմացինը շատ կիրթ ասել է՝ մի բորբոքվեք, ձեզանից ընդամենը խնդրում ենք՝ փոխանցել ձեր ղեկավարին։
Արդյո՞ք երբ հայ պաշտոնյան, նույնքան բորբոքված, ասելով՝ տես թե էդ անասունները ինչ են առաջարկում, փոխանցել է, մեր երկրի ղեկավարը ասել է՝ դու հուզական, զգացմունքային մարդ ես, մի խառնվիր, ուրիշը կզբաղվի»։
Հիմա միայն մեկ հարց է անպատասխան մնում՝ ի՞նչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի առաջարկին, արդյո՞ք մերժել է։ Պատերազմի արդյունքները և Շուշիի առեղծվածային անկումը լուրջ կասկածների տեղիք են տալիս, իսկ այդ կասկածները կարող են հաստատել կամ փարատել միայն իրավապահ մարմինները։ Հանրությունը պետք է ճշմարտությունն իմանա։
Հ․Գ․ Ի դեպ, այս հարցի վերաբերյալ երկու օր է փորձում ենք ստանալ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի մեկնաբանությունը, սակայն նա շարունակում է անպատասխան թողնել մեր զանգերն ու նամակները»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը