Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը հայտնեց, որ «Իմ քայլը» նախ փորձ է արել տապալել ռազմագերիների վերաբերյալ քննարկումը, հետո հասկանալով, որ չի կարող, կեղծարարությամբ դիմեց ու փակեց նիստը, հետևաբար քննարկումը տեղի ունեցավ փակ:
Այս խոսքի վրա ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտարարեց «Սուտ ես ասում»:
Սամսոնյանի խոսքերով, իրենք կարծել են, որ կառավարության ներկայացուցիչ է մասնակցելու նիստին ու գաղտնի ինֆորմացիա է փոխանցելու, դրա համար են իմքայլականները ցանկանում, որպեսզի նիստը փակ լինի. «Սակայն կառավարության ներկայացուցիչը չներկայացավ, որևէ կարևոր տեղեկատվություն չկարողացանք ստանալ, ամբողջ քննարկումը վերածվեց պարզունակ հարցուպատասխանի»:
Սամսոնյանը հայտարարեց, որ խորհրդարանում կա մի պատգամավոր՝ իշխանական, որի համար ռազմագերիների թեման կարող է տեղավորվել քաղաքական դիվիդենտներ շահելու մտածողության շրջանակներում. «Այդ պատգամավորը, որը հայտնի է բոլորին որպես թուրքասեր, Մարիա Կարապետյանն է, որն ամենաշատն էր շահագրգռված, որպեսզի այս հանդիպումը փակ լինի:
Ամենատարօրինակն այն է, որ տիկին Կարապետյանը կարծում է, որ մեր ռազմագերիների հետ Ադրբեջանում շատ լավ են վարվում: Ես կարծում եմ, որ այդպիսի մարդն ԱԺ-ում անելիք չունի, թող գնա Բաքու ու տեղեկություններ հայտնի մեր ռազմագերիների մասին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը