01 12 2020

Բազմապատիկ աշխատանք է սպասվում․ Արայիկ Հարությունյանն ընդունել է Վաղարշակ Հարությունյանին

Բազմապատիկ աշխատանք է սպասվում․ Արայիկ Հարությունյանն ընդունել է Վաղարշակ Հարությունյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին, հայտնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից։ 

Երկրի ղեկավարը նշել է, որ ծանր փորձությունից հետո պաշտպանության ոլորտում բազմապատիկ աշխատանք է սպասվում և համոզմունք է հայտնել, որ Վաղարշակ Հարությունյանի ունեցած հարուստ ռազմական փորձն ու գիտելիքները մեծապես կնպաստեն գործընթացի արդյունավետ կազմակերպմանը:

Նախագահ Հարությունյանի խոսքով՝ օրակարգային առաջնահերթություն է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների ճակատագրերի հարցը, որին ուղղված են բոլոր ջանքերը:

Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է նախագահի կողմից բարձրացված հարցերի կարևորությունը՝ նշելով, որ Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի և շահագրգիռ կառույցների հետ իրականացվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ