ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային պրոցեսի հերթական մանրամասներն է ներկայացրել «Սպուտնիկ Արմենիային»:
Նալբանդյանի խոսքով՝ իր՝ պաշտոնից հեռանալու պահի դրությամբ՝ 2018 թվականին, ակնհայտ էր, որ այս ամենից հեռանալը կարող էր անկանխատեսելի հետևանքներ ունենալ:
Պարոն Նալբանդյան, այսօր Հայաստանում բուռն քննարկվում են Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմին, դրա հետևանքներին, կարգավորման հեռանկարներին վերաբերող հարցեր: Ոչ պակաս հետաքրքրություն է առաջացնում և կարգավորմանն ուղղված բանակցությունների նախորդած ժամանակաշրջանը, մասնավորապես՝ այնպիսի պարամետրերի վերաբերյալ, ինչպիսիք են տարածքների վերադարձը, ԼՂ կարգավիճակը, ԼՂ-ն և ՀՀ-ն կապող միջանցքը, անվտանգության երաշխիքները: Կարո՞ղ եք այս պարամետրերի վերաբերյալ բանակցային գործընթացի որոշ մանրամասնել ներկայացնել:
Ինչպես արդեն նշել եմ այս տարվա հոկտեմբերի 15-ին ձեր խմբագրության կողմից հրապարակված իմ հոդվածում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված բոլոր աշխատանքային փաստաթղթերը, որոնք բանակցությունների առարկա են դարձել կողմերի միջև, նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի փաթեթային լուծում `կարգավորման բոլոր բաղադրիչների փոխկապակցման փուլային իրականացման միջոցով, կրկնում եմ` կարգավորման բոլոր բաղադրիչների փոխկապակցման միջոցով: Հայտնի է, որ առանցքային դերը միջնորդական ջանքերում 2008-2018թթ. Ռուսաստանը խաղում էր համանախագահող երկու այլ երկրների ՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի լիակատար աջակցությամբ:
Նախկին նախարարը անդրադարձել է նաև Կազանյան փաստաթղթի շուրջ այս օրերին գեներացվող շահարկումներին:
«Նախատեսված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է ազգաբնակչության կամարտահայտությունը արտահայտող համաժողովրդական քվեարկության միջոցով, որը պարտադիր իրավաբանական ուժ էր ունենալու։ Քվեարկությանը մասնակցող Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության ներքո նկատի էին ունեցվում ցանկացած ազգության պատկանող բնակիչները այն համամասնությամբ, որը եղել էր Լեռնային Ղարաբաղում մինչև 1988թ., այսինքն` մինչև հակամարտության սկիզբը։
Այստեղ խոսքը գնում էր քվեարկության մասնակցության միայն տոկոսային հարաբերակցության և ոչ որևէ այլ բանի մասին»,-հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը