politik.am-ը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը իր իշխանավորման 2,5 տարիների ընթացքում կարողացավ պատռել բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչների դիմակներ։ Մարդիկ, տարիներ շարունակ «հայրենասերի» դիմակի տակ հանդես գալով, դիվիդենտներ էին շահում, իսկ հասարակությունը հավատում էր նրանց խոսքին։
2016 թվականի Ապրիլյան պատերազմի հետևանքով Արցախի կորցրած 400 հեկտար հողատարածքի համար ընդդիմադիր շատ գործիչներ քննադատեցին նախկին իշխանություններին։ Ավելին, կային ընդդիմադիր ազատամարտիկներ, ովքեր պնդում էին, որ այդ տարածքի կորուստը դավաճանության արդյունքում է եղել։ Նույնիսկ ոմանք հիշում էին իրենց մարտական ընկերների թափված արյունը։
Ապրիլյան պատերազմի հիմնական շահարկողներից մեկն էլ իրեն ազատամարտիկ համարող Ռազմիկ Պետրոսյանն էր։ 2016-ին, կորցրած 400 հետկատրի վերաբերյալ, նա լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր․«Այդ տարածքները, որ ժամանակին մենք ազատագրել ենք այդքան մարդու կյանքի գնով, փաստորեն անիմաստ են եղել, հա՞»,- և դավաճանություն որակել կատարվածը։
2020 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանի ղեկավարման ներքո Արցախը կորցրեց իր տարածքների 80 տոկսը, Ռազմիկ Պետրոսյանը կառավարության դիմաց՝ ի աջակցություն գործող վարչապետի հանրահավաքի էր մասնակցում։ Նա ողջունում էր Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթուղթը, որով Ադրբեջանին էր հանձնվում Արցախի տարածքի 80 տոկոսը։
Փաստորեն Պետրոսյանի համար արդեն էական չեն իր մարտական ընկերների թափած արյունը։ Ու այս ամենը փոխմարզպետի պաշտոնի համար, որը նա օրերս է ստացել Նիկոլ Փաշինյանից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը