Այսօր հրապարակվեցին սահմռկեցուցիչ թվեր պատերազմում զոհվածների և անհետ կորածների վերաբերյալ։ 4750 հանգած ճրագ, 4750 դժբախտացած ընտանիք։ Այս ամենի ֆոնին Առողջապահության նախարարի խոսնակը հրապարակած զոհերի և անհետ կորածների թիվն անվանում է «լկտի սուտ»։ Բայց բերած փաստերից հասկանալի է դառնում, որ մինչ այս պաշտոնապես ներկայացված թվերն արդեն իսկ չեն համապատասխանում իրականությանը։ Խոսնակն է ասում, որ մինչ օրս դատաբժշկական ծառայության կողմից փորձաքննվել են 2317 զոհված զինծառայողների դիակներ, որոնց մեջ կան նաև չճանաչվածներ: Ներկայացված 2317 թիվը մի նոր ցնցում է, նոր ողբերգություն՝ մինչ այժմ ներկայացված 1300-ի համեմատությամբ։ Ինչու է մինչ օրս թաքցվել արդեն իսկ հայտնի տվյալները։ Ինչու ազնիվ չեք հանրության հետ։
Վաղը, երբ հաստատվեն ներկայացված թվերը ինչ են ասելու պատասխանատուները։ Ինչ են ասելու հազարավոր մարդկանց, ովքեր մեկ ամսից ավել է, տեղեկություն չունեն իրենց տղաներից, մեկ ամսից ավել է հույսի փոքրիկ նշույլ ունենալով սոցիալական ցանցերում տեղադրում են նրանց նկարները։ Ինչպես են հերքելու իրենց «լկտի սուտը»։ Հասկանալի է, չէ, որ այդ թվերը երկար թաքցնել չեն կարողանալու։ Իսկ դա կբերի նոր ողբերգության։
Այսօր երեկոյան 18.00 ընդդիմության կոչով կազմակերպվում է համազգային մոմավառություն՝ ի հիշատակ պատերազմում զոհվածների։ Ցավոք քովիդի պատճառով ես ֆիզիկապես չեմ կարող ներկա լինել, սակայն մտքերով իրենց հետ եմ։ Ես իմ մոմը կվառեմ տանը՝ թող լույս իջնի զոհվածների շիրիմներին։
Հ.Գ. Այսօր 22 հասարակական կազմակերպություն և անհատ հայտարարություն էին տարածել։ Գիտեմ նաև, որ բազմաթիվ կազմակերպություններ պարզապես հրաժարվել են միանալ այդ հայտարարությանը։ Ուզում եմ հարց ուղղել ստորագրողներին՝ չե՞ք հոգնել՝ հեռախոսով և սրճարաններում այլ բան եք խոսում, իսկ երբ ֆինանսավորող կենտրոնից հրահանգ է իջեցվում, անմիջապես մոռանում եք ձեր ասածները և դառնում ստորագրությամբ միացողներ։ Գոնե այս պահին կարողացեք առաջնայինը երկրորդայինից տարբերակել։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը