10 11 2020

Արցախի ԱԺ կուսակցությունները Արայիկ Հարությունյանի հրաժարականն են պահանջում

Արցախի ԱԺ կուսակցությունները Արայիկ Հարությունյանի հրաժարականն են պահանջում

Սիրելի հայ ժողովուրդ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության հանդեպ Ադրբեջանի կողմից ձեռնարկված հերթական լայնամասշտաբ պատերազմը, որ ծավալվել է Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների հետ կապված այլ պետությունների և շրջանակների բացահայտ ու ակտիվ մասնակցությամբ՝ վերջին մի քանի օրերին ձեռք է բերել դրամատիկ զարգացումների ընթացք: Արցախի և Ադրբեջանի միջև սահմանի ողջ երկայնքով, 45 օր շարունակ ընթանում են ծանր մարտեր:

Ցավոք, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության գործող քաղաքական իշխանությունները, որ հիմնական պատասխանատուն և երաշխավորն են մեր ժողովրդի անվտանգության և պաշտպանվածության, ճգնաժամային իրավիճակում ունակ չեղան համախմբելու համազգային ներուժը և չկարողացան լիարժեք օգտագործել քաղաքական ու դիվանագիտական այն հնարավորությունները, որոնք կարող էին նվազեցնել, կամ կանխել վերահաս աղետը:

Երեկ գիշերը մամուլում հրապարակված եռակողմ հայտարարության դրույթները լրջորեն վտանգում են Արցախի Հանրապետության պետական անկախության և տարածքային ամբողջականության սկզբունքները:

Ելնելով ներկայիս օրհասական վիճակի թելադրանքից՝ առաջարկում և պահանջում ենք.

- Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունից, մեր ժողովրդի համար ճակատագրական այս օրերին, սեփական իշխանությունը պահելու նպատակով և սխալները ուրիշի վրա բարդելու փոխարեն, անհապաղ դադարեցնել ժողովրդի միասնականությունը խաթարող ցանկացած գործողություն, զերծ մնալ երկրում ներքին թշնամու փնտրտուքներից:

- Արցախի Հանրապետության նախագահի հրաժարականը, որին պետք է հետևի ճգնաժամային կառավարման արդյունավետ և համարժեք մարմինների ստեղծումը. դրանք պետք է ունենան համապատասխան իրավասություններ համախմբելու համազգային ներուժը և ընդունելու ստեղծված իրավիճակից արժանապատվորեն դուրս գալու որոշումներ: Մեր աջակցություն ենք հայտնում ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով հանդես եկած Հայաստանի Հանրապետության 17 քաղաքական ուժերին՝ համարելով, որ այդ գործընթացը կարող է նոր հնարավորությունների սկիզբ դառնալ:

Սիրելի քույրեր և եղբայրներ Խոնարհվելով այս օրերին հայրենիքի պաշտպանության համար հերոսաբար զոհվածների հիշատակի առջև և կիսելով նրանց հարազատների խորը վիշտը, շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր վիրավորներին, բարձր գնահատելով պատերազմական իրավիճակում Հայոց բանակի, կամավորականների և աշխարհազորայինների անձնուրաց նվիրումը հայրենիքի պաշտպանության գործին՝ կոչ ենք անում հայկական երկու հանրապետությունների բոլոր քաղաքացիներին և աշխարհասփյուռ հայությանը չհուսահատվել և հայրենիքի պաշտպանության գործը դարձնել օրվա գլխավոր հրամայականը:

ք. Ստեփանակերտ 10 նոյեմբերի 2020թ.

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի՝

<Արցախի ժողովրդավարական կուսակցութուն> խմբակցություն

<Հայ հեղափոխական դաշնակցություն> խմբակցություն

<Արցախի Արդարություն կուսակցություն> խմբակցություն,

< Միասնական Հայրենիք> խմբակցություն,

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ