Դեռևս հոկտեմբերի 27-ին, ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դիմել էին վարչապետին՝ առաջարկով հրավիրել Անվտանգության խորհրդի հրատապ նիստ, որովհետև արդեն այդ ժամանակ կային բազմաթիվ կուտակված հարցեր, որոնց պատասխանելու կոմպետենցիան բացառապես ԱԽ անդամներին էր պատկանում, սակայն այդ առաջարկը արձագանք չգտավ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Իշխանության ներկայացուցիչները սահմանափակվեցին վարչապետի մամուլի խոսնակի այն հայտարարությամբ, թե օրեր առաջ այդ ձևաչափով հանդիպում արդեն իսկ կայացել է: Սա ինձ համար տարօրինակ ձևակերում է, որովհետև ռազմական դրության պայմաններում, երբ յուրաքանչյուր պահի սահմանին իրավիճակ է փոխվում, կարծում եմ՝ ԱԺ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները եթե գտնում են այդ անհրաժեշտությունն ու հրամայականը, ապա հարկ է, որ դրան որոշակի արձագանք լիներ:
Անցել է երկու շաբաթ, այդ հարցերին պատասխաններ չեն ստացվել, դրանց նոր հարցեր են գումարվել և այսօր առավել քան անհրաժեշտ հրամայական ենք դիտարկում վարչապետի հետ հրատապ հանդիպման անցկացումը»,-ասաց Տոնոյանը՝ հավելելով, որ դեռևս վարչապետից որևէ արձագանք չունեն:
Նա վստահություն հայտնեց, որ որևէ մեկի համար կասկած չկա, որ 100-տոկոսանոց տեղեկատվությանը տիրապետում են բացառապես իշխանությունները, վարչապետը, ԱԽ անդամները. «Այս դեպքում ԱԺ-ում ներկայացված երկու ընդդիմադիր ուժերը առավել քան իրավասու են ունենալ ցանկություն տիրապետել ինֆորմացիայի, որը կապված է Արցախի և Հայաստանի սահմանների անվտանգության հետ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը