05 11 2020

Մենք հայրենիքի պաշտպանի կարիք ունենք, ֆեյսբուքում խրախուսողների կարիք չունենք․ Արցախի ՄԻՊ



«Այս քառասուն օրերի ընթացքում փորձել ենք մեր կարողացածը կատարել հայրենիքի պաշտպանության համար, բայց դա մեծապես ուղղված է եղել արտաքին աշխարհին ու միջազգային լսարանին»,- այսօր՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

Նա հայտնեց, որ արդեն մի քանի հարյուր հարցազրույց է տվել միջազգային և տեղական ԶԼՄ-ներին, ինչպես նաև տարբեր նամակներ ու զանգեր է ունեցել միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։

«Իմ հայտարարությունների հիմնական մասն ուղղված է եղել աշխարհին մեր դիրքորոշումները ներկայացնելուն։ Առ այսօր որոշ չափով հույս եմ ունեցել, որ այդ աշխատանքը արդյունավետ է, որ այն կարծիք է ձևավորում միջազգային հանրությունում և որոշում ընդունողների մոտ։ Բայց ես անընդհատ այն իրականությանն էի բախվում, որ այո, շատ-շատերը հասկանում են մեզ, այո, ցավում են մեր կորուստների ու տառապանքների համար, բայց ընդամենը մարդկայնորեն։ Երբ հարցը հասնում է որոշումներ կայացնելուն, կամ գործողություններին, այդ ժամանակ մարդկային զգացողությունները, կամ մարդկային իրավունքները էական չեն նրանց համար։

Էական են քաղաքական և տնտեսական շահերը, բայց ոչ արժեքներն ու մարդու իրավունքները։ Ով, առ այսօր մեզ օգնել է, շնորհակալ ենք։ Բայց այդ աջակցությունը բավարար չէ հանցագործությունները կանգնեցնելու և պատասխանատուներին պատժելու համար։ Ամեն դեպքում, այս եզրահանգումը բոլորս պետք է մեր մտքում ունենանք։ Հիմա ես բոլորին ուզում եմ ասել՝ եկեք հույսներս դնենք մեր ու մեր զինվորների վրա, այլապես մենք կկորցնենք ամեն ինչ...: Եթե գան, օգնեն, շատ լավ է, բայց չեն գալու օգնեն խնդրանքի հիման վրա։ Քաղաքական շահի հիման վրա են գալու, որ օգնեն։ Իրենք իրենցով, առանց խնդրանքի են գալու օգնեն։ Դրա համար եկեք մի բռունցք դառնանք, եկեք միավորվենք մեր դիրքապահ տղաների շուրջը, նրանց թև ու թիկունք լինենք։ Ով կարող է զենք վերցնել, թող զենք վերցնի ու դիրքը պահի, որ մենք կարողանանք վերջնականապես պաշտպանել մեր իրավունքները և հավերժ ունենալ մեր հայրենիքը, արժանապատվությունն ու խաղաղությունը։ Այլապես մենք կկորցնենք մեր ողջ հայրենիքը, և մեր բոլոր նախկին զրկանքները ուղղակի ջուրը կլցնենք»,- ասել է նա:

«Եկեք չմտածենք, որ դրսից ինչ-որ մեկը կգա, մեզ կօգնի, մեր իրավունքները, մեր տունը, մեր հայրենիքը պաշտպանել: Եկեք միավորվենք, մեկ բռունցք դառնանք, միավորվենք մեր դիրքապահ տղաների շուրջը, նրանց թեւ ու թիկունք լինենք, այլապես մենք կկորցնենք մեր հայրենիքը: Այս օրերին ես մտածում եմ նույնիսկ դադարեցնել մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները եւ դիմեմ Պաշտպանության բանակին, ինչպես կարող են, իմ ներեւժը թող օգտագործեն: Մենք հայրենիքի պաշտպանի կարիք ունենք, մենք ֆեյսբուքում խրախուսողների կարիք չունենք»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ