30 10 2020

Հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական մտածողությունը՝ բարդ բանակցություններ են սպասվում․ թուրքագետ

Հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական մտածողությունը՝ բարդ բանակցություններ են սպասվում․ թուրքագետ

«Քանի որ թուրք-ադրբեջանական պետական մտածողությունը որևիցե առնչություն չունի միջազգայնորեն ընդունված նորմերի, չափորոշիչների հետ և վերջին մեկ ամսվա ընթացքում ամբողջ աշխարհի առաջ ի ցույց  են դրել, որ պայմանավորվածություն հասկացությունը նույնպես թուրք-ադրբեջանական ընկալման  մեջ գոյություն չունի, ուստի շատ մեծ ակնկալիքներ Ադրբեջանից կամ Թուքիայից սպասվող հանդիպման հետ կապված  ես չունեմ»,- Yerevan.Today –ի հետ զրույցում անդրադառնալով Ժնևում ԱԳ նախարարների սպասվող հանդիպմանը, ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Թուրքագետ նշեց, որ ամենայն հավանականությամբ ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահների հետ ՀՀ արտգործնախարարը քննարկելու է օրակարգային մի քանի հարցեր, որոնցից առաջնայինը ենթադրվում է, որ  լինելու է պրոբլեմատիկ հարցերը այսինքն՝ կարգավորման սուբստանտիվ բաղադրիչը, թե ինչ կոնկրետ քայլեր պետք է արվեն։

Ռուբեն Մելքոնյանի կարծիքով, ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահները շարժվելու են այն տրամաբանությամբ, որով նախորդող տարիներին շարժվել են։

«Այդ սկզբունքները այս կամ այն չափով հայտնի են, այս կամ այն չափով հրապարակվել են և ենթադրում եմ, որ նաև այդ շրջանակներում Հայաստանը փորձելու է իր համար կարևորություն ներկայացնող մեզ համար կարևոր և կարմիր գծերը չհատող  սկզբունքները ներկայացնել և հավատարիմ լինել դրանց։ Այնուամենայնիվ ես կարծում եմ, որ բավական բարդ  բանակցություններ են սպասվում՝ հաշի առնելով երկու հանգամանք՝ ստեղծված իրավիճակը և  բանակցող մյուս կողմի ապակառուցողական և ահաբեկչական մտածողությունը»,-նկատեց նա։

Թուրքագետի համոզմամբ, պատերազմի ընթացքում տարածքային, դիրքային փոփոխություններ կարող են տեղի ունենալ անընդհատ, քանի որ պատերազմի ընթացքը և ելքը բավական անկանխատեսելի է և կապված է տարբեր հանգամանքների հետ․ «Ուզում եմ հույս հայտնել, որ այն հերոսական քայլերը, որ անում է մեր բանակը՝ պահելով ստրատեգիական դիրքեր կամ փորձելով անել առավելագույնը, այդ ամենը մեր դիվանագտությունը նույնպես փորձելու է բանակցությունների սեղանին ճիշտ օգտագործել»։

Անդրադառնալով վերջին օրերին հրապարակվող քարտեզին և թշնամու դիրքային առաջխաղացմանը թուրքագետը նշեց․ «Այն իրողությունները, որի շուրջ եղել են նախկինում բանակցությունները, պատերազմով շատ բան է փոխվել և ենթադրում եմ, որ բանակցությունների ժամանակ, բացի վերոնշյալ սկզբունքներից, որի մասին հրապարակավ նշում են, կարող են նաև օրակարգային լինել տարատեսակ այլ խնդիրներ և կարծում եմ Ադրբեջանի ռասիստական  քայլերը, հայերի հանդեպ ատելությունը  պետք է նաև միջազգային հանրությանը դրդի ի վերջո գիտակցել, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում և ինքնորոշված արցախցին չի կարող խաղաղ ապրել  Ադրբեջան կոչված ահաբեկչական կազմավորման մեջ։ Քարտեզը կարող է ինչպես բացասական իրողությունների կոչնակ լինել, այնպես էլ այս պատերազմական գործողությունները կարող են լինել հիմք՝ ազգային ինքնորոշման  գաղափարը էլ ավելի ընկալելի դարձնելու միջազգային հանրությանը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ