26 10 2020

Թուրքիան լեգիտիմացնում է իր ռազմաքաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում. թուրքագետ

Թուրքիան լեգիտիմացնում է իր ռազմաքաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում. թուրքագետ

Հայաստանի օդային տարածք թուրքական անօդաչուների ճեղքումը հոգեբանական և քաղաքական ներազդման համար է արվում։ Այսպիսի տեսակետ է հայտնել թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Լևոն Հովսեփյանը՝ Yerevan.Today-ին տված հարցազրույցում։

ՄԽ եռանախագահողների ջանքերի ֆոնին, այսօր Գյումրու տարածքում, ըստ «Ռազմինֆո» լրատվակայքի, Թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ն հետախուզական թռիչք է իրականացնում, ընդ որում՝ Գյումրու օդանավակայանին մոտ։ Պաշտոնապես դեռևս չի հայտարարվել, բայց աներկբա է, որ այն մտել է Հայաստանի օդային տարածք հենց Թուրքիայի կողմից։ Սա՞ ինչ ազդակ է, գուցե Թուրքիան անցել է պլան B ի,  մանավանդ եթե հաշվի առնենք Էրդողանի երկվա հայտարարությունը, թե Ադրբեջանի վրա գերտերությունները ճնշումներ են գործադրում։ Ուրեմն ի՞նչ զարգացումների սպասել զուգահեռ։

Նախ, սա առաջին դեպքը չէ, որ թուրքական ԱԹՍ-ները, այդ թվում՝ հենց Bayraktar TB-2-ները, թռիչքներ են իրականացնում հայ-թուրքական սահմանին։ Պատերազմի հենց առաջին օրերին ևս նման տեղեկատվություն կար, ինչը շրջանառվեց նաև թուրքական աղբյուրներում։ Հայաստանի օդային տարածք մտնելու հետ կապված տեղեկություններ չունեմ այս պահին։ Նման գործողությունները կոնկրետ հետախուզական գործառույթների իրականացումից զատ, նաև հոգեբանական-քաղաքական ներազդման խնդիր են լուծում։ Հիշենք, որ Գյումրիում է գտնվում ռուսական ռազմաբազան, և նման քայլերը նաև որոշակի ուղերձներ են պարունակում ՌԴ-ի դեմ։ Սա կարևոր հանգամանք է։ Չպետք է մոռանանք, որ Արցախի դեմ օդային գործողությունները համակարգվում էին Հայաստանին սահմանակից թուրքական շրջանների օդային տարածքում առկա օդային նախազգուշացման ու կառավարման կետից։ Թուրքիայի կողմից հնարավոր այլ սադրանքների հավանականությունը չեմ բացառում, որովհետև մենք գործ ունենք արկածախնդիր ու ագրեսիվ հարևանի հետ, որի թե՛ ներսում և թե՛ միջազգային համակարգում զսպման մեխանիզմները չեն գործում։ Այլ հարթություններում մենք ականատես ենք եղել դրան։ Պատահական չեն Թուրքիայում ոչ վաղ անցյալում սկսված և շարունակվող քննարկումները Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ցամաքային կապի ստեղծման անհրաժեշտության մասին, այդ թվում նաև՝ քաղաքական մակարդակում։ Պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման։

ԼՂ հակամարտության լուծման դաշտում ՌԴ ի կողմից ֆորմատի հավանական փոփոխության մասին ակնարկները առայժմ չեն որոշակիացնում ՝ որ երկրների ներգրավման հնարավորությունն է դիտարկվում, ընդգծվում է միայն, որ դա պետք է լինի կողմերի համաձայնությամբ։ Արդյո՞ք Ֆրանսիայի ու ՌԴ-ի կողմից այդքան տոտալ մերժումներից հետո, երբ Ադրբեջանն արհամարհում է կրակի դադարեցման 3 պայմանավորվածությունները, այդուհանդերձ թեժ կրակը դադարեցնելու և բանակցությունների վերադառնալու պայման կարող է լինել Թուրքիայի ներգրավվումը, սա որևէ փուլում իրատեսական համարո՞ւմ եք։

Ի սկզբանե, Թուրքիայի քաղաքականությունը միտված է նրան, որ մեծացնելով իր ռազմաքաղաքական դերը Հարավային Կովկասում իր համար շահեկան պայմաններ ապահովի, այդ թվում՝ հենց բանակցային գործընթացում։ Թուրքիայի պաշտոնական ու փորձագիտական մոտեցումը սա է, որ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած  ռազմական միջամտությամբ տարածաշրջանում ուժային հավասարակշռությունը փոխվում է և որքան ՌԴ-ն իրավունք ունի, ոչ պակաս էլ ունի Թուրքիան։ Թուրքիան լեգիտիմացնում է իր ռազմաքաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում, որպեսզի ստիպի ՌԴ-ին ավելի լուրջ հաշվի նստել իր հետ։ Թուրքիան Սիրիայում, Լիբիայում ռազմական ներգրավվածությամբ կարողացավ իր համար նպաստավոր դիրքեր ապահովել քաղաքական ու դիվանագիտական հարթություններում ևս։ Այսինքն, այդ փորձառության հաշվառմամբ է այսօր Անկարան ռազմական առումով ներգրավվել պատերազմում։ Թուրքական պաշտոնական հռետորաբանության կարևոր տարրերից համարվող «և՛ դիվանագիտական սեղանին, և՛ դաշտում» ասույթը դրա վառ վկայությունն է։ Թուրքիայի ձգտումը նաև հենց սրա մեջ է․ խաղարկել սիրիական սցենարը, երբ Թուրքիան այսպես ասած՝ սկսեց «երկխոսել» Ռուսաստանի հետ։ Բանակցային ձևաչափի փոփոխությունն ու Թուրքիայի ներգրավումը նպատակներից մեկն է, և ամեն ինչ թուրք-ադրբեջանական տանդեմն անում է այդ ուղղությամբ։ Կարծում եմ՝ Թուրքիայի այդ ձգտումները առարկայացման առումով ձախողված են։ Պատահական չէ, որ նախաձեռնված հրադադարների ռեժիմի չպահպանումը Ադրբեջանի կողմից իրականցվում էր Թուրքիայի հրահանգով, երբ նման նախաձեռնություններից անմիջապես հետո հետևում էր Չավուշօղլուի զանգը Բաքու։ Չմոռանանք, որ պատերազմի ծրագրումը, ղեկավարումն իրականացվել ու իրականացվում է Թուրքիայի կողմից։ Թուրքիան փորձում է թելադրողի դիրքերից հանդես գալ։

Երեկ Թուրքիայի նախագահ Էրդողանն հայտարարել էր որ չի վախենում Ադրբեջանին աջակցելու պատճառով ԱՄՆ պատժամիջոցներից ու ասել էր, թե արդեն ամերիկացիները սպառնում են Անկարային: Իրականում կա՞ն ճնշումներ։  Խնդրում եմ նշել նաև հնարավոր պատժամիջոցներից մի քանիսը։

Ինչ վերաբերում է Էրդողանի այն հայտարարությանը, որ չի վախենում ամերիկյան պատժամիջոցներից և պատրաստ է դրան, առավել համարձակ ու ինքնավստահ, վճռական երևալու հռետորաբանության մաս էր։ ԱՄՆ-ի ներուժը բավական մեծ է Թուրքիայի վրա ներազդելու առումով՝ տնտեսականից մինչև ռազմական, այլ հարց է՝ որքանով ամերիկյան վարչակազմը պատրաստ կլինի և կգնա դրան։ Նախկինում մենք տեսանք, որ թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների ֆոնին ամերիկյան կողմը տնտեսական պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի նկատմամբ, ինչը կարելի է ասել իր արդյունքը տվեց։ 2018թ․ կիրառված տնտեսական մասնակի պատժամիջոցը, պողպատի ու ալյումինի սակագների բարձրացման ուղղությամբ էական հարված հասցրեց թուրքական արժույթին, և Թուրքիայի իշխանություններն ընդառաջ գնացին ամերիկյան կողմի պահանջին՝ ազատելով ամերիկացի հոգևորականին։ Տնտեսությունը Էրդողանի թույլ ոլորտներից է, և ամերիկյան տնտեսական պատժամիջոցների կիրառումը լուրջ ազդեցություն կունենա թուրքական տնտեսության վրա, այն  պարագայում նաև, որ թուրքական լիրան արժեզրկման ռեկորդային ցուցանիշներ է գրանցոմ։ Հիմա ճնշումներն առավելապես վերաբերում են Ս-400 ռուսական համակարգերին, որ գնեց Թուրքիան, և ԱՄՆ-ն այս հարցում կարծես ցույց է տալիս իր վճռականությունը, և այդ հարցը օրակարգում է։ Ռազմական առումով ԱՄՆ-ն արգելանք դրեց ռազմական նորագույն F-35 ինքնաթիռների մատակարարման վրա, ինչը լուրջ դժգոհության առիթ դարձավ Թուրքիայում։ ԱՄՆ-ն բացի տարբեր հիմնադրամներից, Թուրքիայի սնուցման ֆինանսական ու տնտեսական պատժամիջոցները, կարող է ռազմաարդյունաբերության, սպառազինության և որոշ տեխնոլոգիաների ուղղությամբ ևս էմբարգո կիրառել: Այլ հարց է վճռականությունը։

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ