20 10 2020

Մեր նկատմամբ 12-անգամյա առավելությամբ՝ կարողացել են օրական 1-2 կմ առաջ գալ. ՊՆ ներկայացուցիչ

Մեր նկատմամբ 12-անգամյա առավելությամբ՝ կարողացել են օրական 1-2 կմ առաջ գալ. ՊՆ ներկայացուցիչ

Առաջին անակնկալ ալիքը, որ հակառակորդը հասցրել է՝ օդում միաժամանակ եղել է 1000-ից ավելի թռչող սարք։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ժամանակակից օդուժը հիմնականում արտահայտվում է ԱԹՍ-ների տեսքով. «Այս տիպի ԱԹՍ-ների դեմ, ցավոք սրտի, ժամանակակից ռազմական գիտությունը պասիվ պաշտպանողական ՀՕՊ-ի տեսքով լուծում չունի։ Ֆիզիկան իրենց օգտին է. իրենք փոքր են, արագաշարժ, դժվար նկատելի եւ ամենավատը՝ քանակապես շատ են։ ՀՕՊ-ի համար գոյություն ունի «նշանակետային ուղի» հասկացություն, պարզ լեզվով ասած՝ քո իքս միավոր ՀՕՊ-երը կարող են միաժամանակ խոցել օրինակ՝ 2 իքս քանակի թռչող սարք, այդ թվում՝ ԱԹՍ, դա ինքը լավ գիտի եւ գալիս է այդ 2 իքս քանակիցդ 5 անգամ շատ, դու ֆիզիկապես չես հասցնում, եւ ինքը խոցում է այդ ՀՕՊ-ին»։

Հովհաննիսյանը պատմեց, որ հակառակորդը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան առաջին հարվածը հասցրել է ՀՕՊ համակարգերին եւ կառավարման կետերին. «Իդեալական չի անցել այդ հարվածը, բայց գրագետ են գործել։ Կոնկրետ կառավարման համակարգին վնաս գրեթե չեն կարողացել տալ։ ՀՕՊ-ին էլ մասնակի են վնաս հասցրել։ Զինվորական գործից հասկացողները շատ լավ հասկանում են, որ մեր դիմադրությունը ռազմական գիտության գլուխգործոց է»։

Նա նշեց՝ այն տեխնոլոգիաները, որոնք կիրառում են գերտերությունները, այսօր կիրառվում են Արցախում։ 

Նա նշեց, որ այս պատերազմում ուժերն ու միջոցները շատ են. «Կիրառվում են թուրքական, իսրայելական ամենաառաջադեմ տեխնոլոգիաները։ Այն տեխնոլոգիան, որը կիրառում են գերտերությունները, այսօր կիրառվում է Արցախում։ Ամենավերջին ԱԹՍ-ներն են, ամենավերջին գերճշգրիտ հրթիռները, ամենավերջին հրթիռահրետանային համակարգերը. այսինքն՝ մենք տեսնում ենք 5-րդ սերնդի պատերազմ»։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հակառակորդը մեծ ուշադրություն է դարձրել բարձր տեխնոլոգիական միջոցներին. «Բայց դա միայն ինքնին հաղթանակ չի ապահովելու։ Երբեք չես կարողանալու միայն ճշգրիտ ու կետային հարվածներով վերջնական արդյունքի հասնել»։

Հովհաննիսյանն ասաց, որ միջազգային բոլոր փորձագետները խոստովանում են՝ դասական ճեղքում հակառակորդի մոտ չստացվեց. «Հզոր հարձակողական բռունցքներ էին, որոնք կազմված էին 10 հազարից ավելի մեծ զորախմբերից, որի մեջ մի քանի հազար հատուկ գրոհային ստորաբաժանումներ կային, ամեն մի բռունցքի մեջ կար հարյուրից ավելի տանկ, նույնքան էլ այլ զրահատեխնիկա, կար 200-300 հրետանային միջոց՝ մեծ տրամաչափի։ Այդ բռունցքները դասական ամրաշինական կառույցներով հագեցած պաշտպանական բնագիծը չկարողացան հաղթահարել։ 5-ից 7 օր փորձեցին ճեղքել ու տեսան, որ չի ստացվում, փոխեցին ու ամբողջ ուժերը 3-4 հատվածներից հավաքեցին եւ տարան մեկ հատված՝ հարավ, որպեսզի հետ մղեն, ճզմեն։ Պատկերացնո՞ւմ եք իրենց այդ տեխնոլոգիական առավելությունը, պլյուս՝ քանակական, ճեղքման տեղամասերում մինչեւ 12–անգամյա առավելություն. ռազմի պատմությունը նման բաներ գրեթե չգիտի, որ 12 անգամ մեծ ուժը 7-8-րդ օրը օպերացիայի երկրորդ փուլ է իրականացնում, ուժերի գերլարումով փորձում է։ Միջինը օրական մաքսիմում 1-2 կիլոմետր են առաջ եկել։ Ռազմագիտության տեսանկյունից դա խայտառակություն է»։

Նա ընդգծեց, որ սա ծանր պատերազմ է. «Այսպիսի ծավալ վերջին անգամ իմ հիշողության մեջ 2003 թվականի Իրաքի գրավումն է եղել՝ ամերիկյան բանակի կողմից»։

ՊՆ ներկայացուցիչը նաև նշեց․ «Ինչպես ամեն օր հայտնում եմ, հարավում ակտիվ մարտական գործողություններ են ընթանում։  Նա նշեց, որ այս լայնամասշտաբ պատերազմի ամենաթեժ կետը հարավային ճակատն է. «Այնտեղ ամեն օր հազարավոր հրանոթներ, զրահատեխնիկա, այլ միջոցներ բախման մեջ են մտնում՝ հիմնականում ցերեկային ժամերին»։

Հարցին՝ ինչո՞ւ է թշնամին կենտրոնացել հարավային ուղղության վրա, Հովհաննիսյանն ասաց. «Տեղանքի բնույթը, հարթավայրային լինելը, ձախ թեւից հարված ստանալու վտանգ չլինելը. իրենք հարձակվում են, որովհետեւ այդ մասում ձախ թեւն ապահոված է Արաքս գետով»։

Անդրադառնալով այսօրվա հաջողված օպերացիային, որի շնորհիվ, ըստ տեղեկությունների, հակառակորդն ընկել էր շրջափակման մեջ՝ Հովհաննիսյանն ասաց. «Իրականացվել է օպերացիա, որի ընթացքում հակառակորդին հնարավոր է եղել ջարդել ու հետ շպրտել։ Չեմ կարող ասել՝ ինչքան, որովհետեւ մարտերը շարունակվում են եւ մենք ֆիքսված ժամանա1կահատվածն ենք ամփոփում. որպես կանոն դա վաղ առավոտյան է կամ ուշ երեկոյան»։

Հարցին՝ հայկական կողմն առաջ գնացե՞լ է, Հովհանիսյանն ասաց, որ այսօր որոշակի տեղաշարժ եղել է. «Հստակ թվեր չեմ կարող նշել, բայց ես նույնիսկ խոսել եմ օպերացիայի ընթացքում հրամանատարների հետ, որոնք այդ պահին առաջ էին գնում, անցել էին հակահարձակման։ Հիմա ինչքան ենք հաջողել, չեմ կարող ասել»։

> Հակառակորդի բռունցքներն այն աստիճան են մաշվել, որ բոլոր ճիգերը գործադրում է՝ մեկ ուղղությամբ առաջ գնալու համար։ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որայս պահին հյուսիսային ուղղությամբ իրավիճակն ավելի հաջող է. «Հյուսիսային ուղղությամբ մոտ մեկ շաբաթ առաջ 3 օր անդադար մոտավորապես մի քանի հարյուր միավոր հրետանային միջոցներից ժամուկես հրետանային պատրաստություն արեցին, որպեսզի ճեղքում իրականացնեն 2-3 դիրքի ուղղությամբ։ Մեկ դիրքի ուղղությամբ 700-ից 800 գրոհային եկավ եւ չկարողացան ճեղքել, հետ շպրտվեցին՝ ձորակի մեջ թողնելով 200-ից 300 դի։ Տեսնելով որ հաջողության չեն հասնում, ենթադրում եմ, որ որոշեցին հարավ իջնել»։

Անդրադառնալով հայկական կողմի կորուստներին՝ Հովհաննիսյանն ասաց. «Բնականաբար մենք էլ ենք կորուստներ կրել։ Հազարավոր միավոր տեխնիկա մենք ենք իրենց խոցել, իրենք՝ մեզ, ավտոտեխնիկա է խոցվում, կամուրջներ են խոցվում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ