19 10 2020

Ռուսաստանը հիմքեր ունի ԼՂ-ում հակաահաբեկչական գործողության համար․ վարչապետ

Ռուսաստանը հիմքեր ունի ԼՂ-ում հակաահաբեկչական գործողության համար․ վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը տարածաշրջանային ճգնաժամի սահմաններից դուրս է: Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է կոմպրոմիսի գնալ Ադրբեջանի հետ կարգավորման ուղիները փնտրելու հարցում, սակայն միաժամանակ Երեւանի համար սկզբունքային է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

 

ТАСС - Պարոն վարչապետ, վերջին շրջանում Դուք բազմաթիվ հարցազրույցներ եք տվել տարբեր երկրների զանգվածային լրատվության միջոցներին: Բայց իրավիճակը տարածաշրջանում շարունակում է արագորեն փոխվել: Այդ պատճառով մենք կցանկանայինք կանգ առնել, մեր կարծիքով, առավել սկզբունքային, հիմնական կետերի վրա, որոնք առանձնապես փոփոխությունների ենթակա չեն և կարող են օգնել մեր ընթերցողներին՝ ավելի լավ հասկանալ Հայաստանի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման հարցում:

Դուք արդյոք տեսնո՞ւմ եք Մոսկվայում համաձայնեցված հրադադարին վերադառնալու հնարավորություն, թե՞ այն արդեն վերջնականապես տապալվել է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դուք հիշատակեցիք միջազգային զանգվածային լրատվամիջոցների մասին: Ես կցանկանայի ընդգծել, որ, կարծում եմ, այս պահին միջազգային հանրության կարծիքը փոխվում է: Այն փոխվում է, և մարդիկ ավելի շատ են տեղեկանում այն մասին, թե ինչ է տեղի ունենում մեր տարածաշրջանում: Եվ, իհարկե, սա կապված է ոչ միայն մեր կառավարության ակտիվ տեղեկատվական քաղաքականության հետ, այլև ակտիվ գործողություններով, որոնք ձեռնարկում է հայկական սփյուռքը:

Եվ ես ուզում եմ ընդգծել, որ, ճիշտ է, ոչ բարձր կամ բարձրագույն քաղաքական մակարդակով, բայց այժմ արդեն նկատվում են որոշակի տեղաշարժեր Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման գործընթացում: ԱՄՆ բավական շատ նահանգներ, եվրոպական մի շարք քաղաքներ արդեն ընդունել են համապատասխան փաստաթղթեր, բանաձևեր, որոշումներ: Արդեն մի քանի եվրոպական խորհրդարաններում ընդունվել են Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևեր:

Գործնականում այսօր միջազգային հանրությունը կասկած չունի, որ Թուրքիան ամբողջովին ներգրավված է ռազմական գործողություններում, և որ Թուրքիան է եղել այս պատերազմի գլխավոր նախաձեռնողը: Որ Թուրքիան է վարձել և Սիրիայից հակամարտության գոտի տեղափոխել ահաբեկիչներին և վարձկաններին: Ցավոք, մենք արդեն տեսնում ենք, որ այդ վարձկանների մի մասը տեղափոխվում է Հյուսիսային Կովկաս՝ արդեն ուղղակիորեն Ռուսաստանի տարածք: Մենք արդեն տեսնում ենք ահաբեկչական խմբավորումների ակտիվությունը: Եվ ես վստահ եմ, որ սա պատահականություն չէ, քանի որ այն գործընթացները, որոնք այժմ տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ, արդեն դուրս են եկել Լեռնային Ղարաբաղի խնդրի շրջանակից: Սա արդեն մի իրավիճակ է, որը շոշափում է մեր տարածաշրջանի և նույնիսկ տարածաշրջանից դուրս շատ այլ երկրների ազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

Եվ ես վստահ եմ, որ մինչ այժմ մեզ չի հաջողվել կյանքի կոչել մոսկովյան հայտարարությունը, որովհետև կան ուժեր, որոնք խոչընդոտում են դրան, շատ կոնկրետ խոչընդոտում են: Եվ առաջին հերթին դա Թուրքիան է: Թուրքիան շահագրգռված է մոսկովյան հայտարարության տապալմամբ 2 պատճառով՝ Թուրքիայի գործողություններն ուղղված են Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրսմղմանը: Եկեք չմոռանանք, որ այդ հայտարարությունն ընդունվել է Ռուսաստանի նախագահի, Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ: Որոշ ուժեր և կոնկրետ Թուրքիան շահագրգռված են, որ Ռուսաստանի նախաձեռնությունը հաջողություն չունենա: Եվ դրանով նրանք հույս ունեն նաև դրանով խաթարել Ռուսաստանի հեղինակությունը Հարավային Կովկասում:

Կարծում եմ՝ բոլորս ենք հասկանում, թե ինչ է կատարվում, և անհրաժեշտ է համառորեն աշխատել՝ մեր տարածաշրջան կայունությունը վերադարձնելու համար: Իհարկե, մենք շատ սերտորեն կհամագործակցենք Ռուսաստանի հետ այս հարցի շուրջ և հույս ունենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները նույնպես կաջակցեն այդ ջանքերին:

Ռուսաստանը մտահոգություն հայտնեց Մերձավոր Արևելքից, մասնավորապես՝ Սիրիայից և Լիբիայից Լեռնային Ղարաբաղի գոտի զինյալների տեղափոխման վերաբերյալ հաղորդագրությունների կապակցությամբ: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

Ես այդ մասին արդեն խոսեցի: Չի կարող պատահականություն լինել այն, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի սկսվելուց, էսկալացիայից հետո, այն հաղորդագրություններից հետո, որ ահա այդ վարձկանները մասնակցում են Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմին, կա տեղեկատվություն, այդ թվում՝ արաբական երկրների զանգվածային լրատվության միջոցներում, որ որոշ խմբավորումներ ջախջախվել են մարտի դաշտում, ցրվել են տարբեր կողմեր: Ինձ համար ակնհայտ է, որ Սիրիայից այն զինյալները - Ռուսաստանն արդեն պաշտոնապես ասել է, որ նրանք սիրիացի զինյալներ են - այդ ջախջախված խմբավորումների որոշ մասերը կամ առանձին դեմքերն ուղղակիորեն տեղափոխվում են Ռուսաստան, որովհետև կարծում եմ, որ նրանք Ռուսաստանը նույնպես համարում են թշնամի, ինչպես Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը: Հարցն այն է, թե ինչպես կշարունակվի այս ողջ գործընթացը: Արդյոք Ռուսաստանը կսպասի՞, որպեսզի այս բոլոր տարրերը տեղափոխվեն Ռուսաստանի տարածք, և այնտեղ իրականացվեն հակաահաբեկչական արշավ կամ հակաահաբեկչական գործողություններ: Չգիտեմ, միգուցե Ռուսաստանի կառավարությունում կամ հատուկ ծառայություններում քննարկվո՞ւմ է հենց տեղում հակաահաբեկչական օպերացիա ձեռնարկելու հնարավորությունը:

Նաև Լեռնային Ղարաբաղում:

Եվ նաև Լեռնային Ղարաբաղում: Ռուսաստանը հակաահաբեկչական գործողություններ է ձեռնարկել Սիրիայում, որը բավական հեռու է Ռուսաստանից: Որովհետև այնտեղ սիրիացի զինյալների և ահաբեկիչների գործողություններն ուղիղ սպառնալիք էին ներկայացնում Ռուսաստանի ազգային անվտանգությանը: Այժմ արդեն ռուսաստանյան փորձագետները - ես, իհարկե, չգիտեմ, թե որքանով է ճիշտ այս հաշվարկը - ասում են, որ նրանք գտնվում են Ռուսաստանի սահմանից մոտ մինչև 80 կմ հեռավորության վրա: Սա արդեն բոլորովին այլ իրավիճակ է: Եվ ես կարծում եմ, որ Ռուսաստանը լեգիտիմ իրավունք և հիմքեր ունի, որպեսզի արձագանքի այդ իրավիճակին:   

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ